Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախ ինքներս պետք է տանք փետրվարի 19-ին Բուդապեշտում տեղի ունեցած քաղաքական ահաբեկչության հստակ գնահատականը եւ հետո միայն որեւէ գնահատական ակնկալենք ուրիշներից», - շեշտում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը՝ այս առումով մեր արտգործնախարարության պահվածքը համարժեք չհամարելով հայ սպայի սպանության հետեւանքով ստեղծված «լուրջ քաղաքական ճգնաժամի էությանն ու բովանդակությանը»: «Եթե Ադրբեջանը հայտնվեր մեր վիճակում, ապա նրա արտգործնախարարությունն անմիջապես հանդես կգար համապատասխան հայտարարությամբ՝ մեղադրելով Հայաստանին ոչ թե սոսկ հակաադրբեջանական «քարոզչություն ծավալելու», այլ պետական ահաբեկչություն իրականացնելու մեջ», - ուրվագծում է «Հայոց աշխարհ»-ը: - «Դրան անմիջապես կհետեւեր ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությունը՝ «ահաբեկչությամբ զբաղվող» Հայաստանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նույնը կարվեր եվրոպական բոլոր բեմահարթակներից, իսկ Ադրբեջանն իր հետագա մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրին կպայմանավորեր վերջինիս կողմից տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությամբ»: «Հայոց աշխարհ»-ը նաեւ հարց է հրատապացնում՝ «Ինչո՞ւ տեղի ունեցածը չի կապվում ի սկզբանե մեր արտաքին քաղաքականության անկյունաքարը դարձած այն փաստարկի հետ, որ Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլ վայրերում հայերի ցեղասպանություն իրականացրած Ադրբեջան պետությունը չի կարող երաշխավորել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»:

«Եվրախորհրդարանում հասունանում է Ղարաբաղյան կարգավորման ոչ հայանպաստ նախաձեռնություն» վերանգրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանը փաստագրում է, թե ինչպես են եվրոպական զեկույցներում հետզհետե ամրապնդվել ոչ հայանպաստ ձեւակերպումները՝ հասնելով մինչեւ Պեր Գարթոնի զեկույց, որը Եվրախորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու երկու օրից: «Հայաստանի արտաքին գերատեսչությունը, թվում է, այնքան էլ լուրջ կարեւորություն չի տալիս Գարթոնի զեկույցին: Մինչդեռ», - ընդգծում է մեկնաբանը, - «չպետք է բացառել, որ Գարթոնի զեկույցով Եվրամիությունը ղարաբաղյան կարգավորման հարցում նախաձեռնությամբ հանդես գա»։

«Ճիշտ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները Արցախի հարցի առնչությամբ այլ էին», - «Իրավունք» թերթի հարցազրույցում նշում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: - «Նա ասում էր, թե Հայաստանը պետք է վարի բանակցությունները, որովհետեւ Արցախին մենակ թողնելով մենք մեր ձեռքերը կթուլացնենք: Այսօր ասում է, թե Արցախը պետք է լինի բանակցային կողմ: Այսինքն նշանակում է, որ հստակ ձեւավորված մոտեցում չկա»: Ռոբերտ Քոչարյանի վերջին հեռուստաելույթին Արամ Սարգսյանը մասնավորապես արձագանքում է. - «Եթե երկրի իշխանավորն ամեն անգամ հեռուսատաեթեր դուրս գալիս ասում է, որ չի գնա, ուրեմն նա իսկապես գնացող է... Իշխանությունը մերթ ասում է, թե ընդդիմությունը խանգարում է տնտեսական աճին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը՝ միաժամանակ ասելով, թե ընդդիմությունը շատ թույլ է: Եթե թույլ է, ինչպե՞ս է խանգարում իրենց»: «Ես չեմ կարծում, որ խնդիրը հասնելու է ուժայիններին, կամ Հայաստանում տեղի է ունենալու ընդհարում, քաղաքացիական պատերազմ... Ռոբերտ Քոչարյանի հրամանը ո՞վ է կատարելու որ... Ես իշխանափոխությունը պատկերացնում եմ հեղափոխությամբ՝ բառի լավ իմաստով՝ դեմոկրատական ճանապարհով՝ համաժողովրդական աջակցությամբ: Մնում է մի վերջին կոչ, որին էլ, կարծում եմ, հասարակությունը երկար չի սպասի: Այդ կոչը լինելու է գործողությունների կոչ», - ասում է Արամ Սարգսյանը:

«Առաջիկա օրերին կառավարությունն ԱԺ-ին կներկայացնի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Եւ քանի որ ընդդիմության գարնանային հանրահավաքների սեզոնը բացվել է, ու դատելով արձագանքներից՝ մարզային այդ հանրահավաքներն անցնում են խիստ մարդաշատ եւ խիստ մարտական, այս օրենքի ընդունումն իշխանությունների համար կենսական նշանակություն է ձեռք բերում», - շաղկապել է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Դրանում կան այնպիսի դրույթներ, որոնք իշխանություններին բացարձակ հնարավորություն են տալիս ցանկացած անհեթեթ պատրվակով դադարեցնել իրենց անհաճո հանրահավաքներն ու երթերը»: Նաեւ՝ որոշ դրույթներ «լայն դաշտ են բացում պրովակատորների գործունեության համար»: Միաժամանակ, օրենքն անտեսում է եվրոպական կառույցների պնդումները հանրահավաքների, երթերի մասնակիցների նկատմամբ «վարչական կամ քրեական հետապնդման անթույլատրելիության մասին»:

Անցած շավաթվա հետքերով «Իրավունք» թերթի մեկնաբանը պատկերավորում է. - «Մթնոլորտն աստիճանաբար շիկանում է ճիշտ այնպես, ինչպես բնորոշ է հենց նախընտրական շրջանում: Տվյալ պարագայում կարող է աշխատել այն մեխանիզմը, որ ոչ թե իրադարձություններն են ստեղծում մթնոլորտ, այլ մթնոլորտն է ստեղծում իրադարձություններ: Բավականին տարօրինակ է, որ հենց այս բավականին լարված պահին իշխանության մի թեւը «սրում» է «Զինապարտության մասին» օրենքի հարցը՝ ակամա, իսկ ավելի շուտ՝ դրդելով ուսանողությանը զանգվածային բողոքների: Իսկ պատմականորեն ցանկացած երկրում հենց ուսանողությունն է բոլոր հեղափոխական գործողությունների առաջամարտիկը», - հատկանշել է «Իրավունք»-ը:

«Առավոտ» թերթի գնահատականով, «Զինապարտության մասին» օրինագծի հեղինակների հիմնավորումները բնավ համոզիչ չեն». - «Պարզվում է, որ մագիստրոսներին եւ ասպիրանտներին տարկետման հնարավորությունից ցանկանում են զրկել ոչ թե բանակի մարտունակությունը բարձրացնելու մղումից, այլ բուհերում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով: Իբր, այլեւս տղաները չեն փորձի կաշառքով ասպիրանտուրա ընդունվել՝ այլ կգնան բանակում իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Բայց դա պատրանք է: Բանակը այս որոշման հետեւանքով կարող է համալրվել միայն այն երիտասարդներով, որոնք իսկապես շնորհալի են եւ գիտական հեռանկարներ ունեն: (Սակայն ավելի հավանական է, որ այդ երիտասարդները կորոշեն պարզապես փախչել Հայաստանից): Իսկ կաշառք տվողը, միեւնուն է, կտա, եւ բանակից էլ կազատվի:
Այսպիսով», - բանաձեւում է «Առավոտ»-ը, - «կոռուպցիան էլ չի նվազի. միայն թե բուհերից այն ավելի մեծ թափով կտեղափոխվի զինկոմիսարիատներ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG