Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի բարձրաստիճան պատվիրակը այցելում է Ղարաբաղ


Երկուշաբթի օրը տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք ժամանեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող, բրիտանացի պատգամավոր Թերրի Դեւիսը:

Եվրախորհրդի պատվիրակը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի, Ազգային նախագահ Օլեգ Եսայանի եւ խորհրդարանի քաղաքական ուժերի, հանրապետության այլ ղեկավարների, ինչպես նաեւ Ադրբեջանից փախստականների հետ:

Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյան, ի հեճուկս Ադրբեջանի առարկությունների, Լեռնային Ղարաբաղ է մեկնել Հայաստանից: Ադրբեջանական իշխանությունները ասում էին, թե դա կնշանակի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում եւ պնդում էին, որ Դեւիսը Լեռնային Ղարաբաղի տարածք մտնի Ադրբեջանից:

Անցած ամիս Ստրասբուրգում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դեւիսը, սակայն, ասել էր, որ ականապատված հայ-ադրբեջանական շփման գիծն անցնելը կարող է վտանգել իրեն ուղեկցող Եվրախորհրդի այլ պաշտոնյաների կյանքը: Նա նաեւ շեշտել էր, որ տարածաշրջանային այս այցը շատ կարեւոր է Խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք իր զեկույցի համար:

Թերրի Դեւիսը Երեւան կվերադառնա երեքշաբթի օրը: Այստեղ նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամների, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները, որոնք փետրվարի 2-ից բոյկոտում Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքը, երկուշաբթի օրը հայտարարել են, թե Եվրախորհրդի պատվիրակի հետ կհանդիպեն միայն առանձին:

«Եթե կոալիցիայի խմբակցությունները կարծում են, որ ընդդիմությունը կոալիցիայի հետ կհանդիպի Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի զեկուցողին, ապա լուրջ թյուրիմացության մեջ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը:

«Արդարություն» դաշինքից ԱԺԿ-ի նախագահ, պատգամավոր Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, նույնաբովանդակ որոշում է ընդունել «Արդարություն» խմբակցությունը՝ հիմնավորելով, թե միասին հանդիպումը կարող է բնորոշվել որպես «բոյկոտից նահանջ»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG