Մատչելիության հղումներ

Սկսվեց Իրանի հետախուզության ղեկավարի այցը Հայաստան


Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության ծառայության ղեկավարը իր եռօրյա այցը Հայաստան երկուշաբթի օրը սկսեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են Իրանի տեղեկատվության նախարար Ալի Յունեսիի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հակիրճ հաղորդագրությունը փոխանցում է, որ Յունեսին եւ Օսկանյանը բարձր են գնահատել վերջին տարիներին երկու հարեւան երկրների միջեւ ծավալված համագործակցությունը՝ շեշտելով հատկապես «տնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի, մասնավորապես Իրան - Հայաստան գազատարի շուտափույթ իրականացման կարեւորությունը»:

«Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանի զարգացումների շուրջ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակի ու հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասներ չեն հաղորդվում:

Հաղորդագրությունը ոչինչ չի ասում Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի՝ դեռեւս անցած տարի ծրագրված Հայաստան այցի հնարավոր ժամկետների մասին: Այցի նախապատրաստմանն առնչվող հարցերը Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին անցած տարվա ապրիլին Երեւանում քննարկել էր Հայաստանի իշխանությունների հետ: Այն ժամանակ պաշտոնյաներն ասում էին, թե այցի ժամկետները կախված կլինեն այն բանից, թե երկու կառավարությունները երբ կավարտեն մի շարք տնտեսական համաձայնագրերի նախապատրաստումը:

Տարիներ շարունակ երկու երկրների կառավարությունները վերահաստատում են Իրանից Հայաստան գազատար խողովակաշարի կառուցմանն իրենց հանձնառությունը: Առայժմ, այդուհանդերձ, 210 միլիոն դոլարի այդ ծրագիրը դուրս չի գալիս նախագծային փուլից՝ հիմնականում հայկական կողմի միջոցների բացակայության պատճառով:

Յունեսիի այցը եւս մեկ վկայությունն է այն կարեւորության, որ Իրանը տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին: Եռօրյա այցի ընթացքում, նա, ի թիվ բազմաթիվ հայ պաշտոնյաների, հանդիպելու է նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Սահմանադրական դատարանի նախագահի հետ:

Տեղեկատվության նախարարությունը Իրանի կառավարության ամենահզոր նախարարություններից մեկն է. այն զբաղվում է ներքին անվտանգության եւ արտաքին հետախուզության հարցերով: Նաեւ Հետախուզության նախարարություն անվանվող այս հզոր կառույցը ենթարկվում է անմիջապես երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամանեիին:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG