Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը բողոք է արտահայտում հրապարակման առիթով, թե Աթաթուրքը հայ աղջիկ էր որդեգրել


Անկարա, 23-ը փետրվարի («Ֆրանս Պրես» գործակալություն) - Թուրքական լրագրային հրապարակումը, ըստ որի ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած աղջիկը ազգությամբ հայ էր երկուշաբթի օրը հարուցել է բանակի զայրույթը՝ որակվելով որպես «ազգային արժեքներին հասցված վիրավորանք»:

Սաբիհա Գյոկչենին Աթաթուրքը որդեգրել էր 1925 թվականին, երբ աղջիկը 12 տարեկան էր: Հետագայում Սաբիհան դարձել է Թուրքայում առաջին կին օդաչուն: Նա մահացել է 2001 թվականին:

Շաբաթ օրը «Հյուրիեթ» օրաթերթը հաղորդել էր, թե Գյոկչենի հայրը զոհ էր գնացել Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915 թվականին բանակի կողմից իրականացված հայերի զանգվածային սպանդին: Թերթը մեջբերել է Գյոկչենի զարմուհուն, ում խոսքերով Սաբիհան ծնվել էր Բուրսայում (Արեւմտյան Թուրքիա) եւ նրա իսկական անունը Խաթուն Սեբիլջյան է:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, թե Աթաթուրքի որդեգրած դստեր ծագումը հարցականի տակ դնելը «չի նպաստում սոցիալական խաղաղությանը կամ ազգային միասնությանը»: Մամուլով տարածված հայտարարության մեջ ասված է, թե «Աթաթուրքի ազգայնականությունը էթնիկ կամ կրոնական հիմքեր չուներ»՝ ավելացնելով, թե «սխալ է բացել լրագրողական բանավեճ, որ ծաղրում է ազգային արժեքներն ու զգացմունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG