Մատչելիության հղումներ

Տարեվերջին մայրաքաղաքը 80 տոկոսով կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ


Երեւանի բնակչության 80 տոկոսը 2004 թվականի վերջին ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ոլորտի պատասխանատուները, մինչդեռ, երկրի նախագահին խոստացել էին տարեվերջին ապահովել ամբողջ մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը:

«Երեւանի ջրմուղ- կոյուղի» ընկերության լրատվության հարցերով պատասխանատու Մուրադ Սարգսյանի խոսքերով, ներկայումս մայրաքաղաքի բնակչության շուրջ 40 տոկոսը ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, ինչը համապատասխանում է նախապես կազմված գրաֆիկին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը ասաց, որ քաղաքի կենտրոնում, ուր 5000 բաժանորդ կա, ջրամատակարարումը բարելավելու նպատակով առաջիկա օրերին կավարտվի ջրաշինարարական աշխատանքների առաջին փուլը: Նրա փոխանցմամբ, Երեւանի կենտրոնը շուրջօրյա խմելու ջրով կապահովվի մինչեւ գալիք սեպտեմբեր:

«Տարեվեջին Երեւանի բնակչության ոչ պակաս, քան 80 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում», - հավաստիացրեց Սարգսյանը:

Շուրջօրյա ջրամատակարարում Երեւանը անգամ խորհրդային տարիներին չի ունեցել: 10 տարուց ավելի համակարգը չվերանորոգելուց, ջրաշինարարական ոչ մի ներդրում չկատարելուց հետո, երբ համակարգի 40 տոկոսից ավելին շարքից դուրս է եկել եւ ջրի կորուստը կազմում է 70 տոկոսից ավելի, շատ բարդ խնդիր դրվեց ջրմուղ-կոյուղու համակարգի լիազորագրային կառավարումը ստանձնած իտալական «Էյ Յութիլիթի» ընկերության առջեւ:

Մուրադ Սարգսյանի փոխանցմամբ, ներկայումս բավարար քանակով ջուր կա, բայց համակարգը չի դիմանում անընդհատ ջրահոսքի ճնշմանը: Համակարգի վերանորոգումը մեծ ներդրումներ է պահանջում, ինչով էլ բացատրվում է սակագնի բարձրացման անհրաժեշտությունը: Գալիք մարտի 1-ից մեկ խորանարդ մետր ջրի համար 52 դրամի փոխարեն գործելու է 120 դրամ սակագինը:

Ապրիլի 30-ին լրանում է «Էյ Յութիլիթի» ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, սակայն համաձայնություն է ձեռք բերվել եւս մեկ տարով այն երկարաձգելու մասին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG