Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պարզվում է՝ Ադրբեջանն իրոք անկեղծ էր ամեն ինչ զրոյից սկսելու իր մտադրություններում, եւ Բուդապեշտում հայ սպայի սպանությունը նույն զրոյական կետն է, ինչից 1988-ին սկսեց Ադրբեջանը՝ հայերի զանգվածային ջանդ կազմակերպելով Սումգայիթում», - համադրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը՝ խտացնելով. - «Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ սաստկացող թշնամանքը տվեց իր պտուղը, որը չի կարող չանդրադառնալ հայ հասարակության՝ ադրբեջանական հասարակության հանդեպ մինչ այս ցուցաբերած բավական հանդուրժողական վերաբերմունքի վրա: Բուդապեշտում կատարված ոճիրը միջազգային հանրությանն իսկապես պետք է համապատասխան եզրահանգումների տեղիք տա, այլապես հայկական եւ ադրբեջանական կողմերին մշտապես հավասարաչափ վերաբերելու դիվանագիտական պրակտիկան շարունակելու դեպքում ադրբեջանցիների երեւակայությունը կարող է ավելի բորբոքվել»: «Հայոց աշխարհ» թերթը եւս ընդգծում է, որ այս հանցագործությունը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով նաեւ «ցանկացած միջպետական ու հանրային բնույթ ունեցող շփումների ժամանակ ադրբեջանական կողմից դրսեւորվող ագրեսիվ, ոխակալ ու նենգ պահվածքը»: «Թողտվությունը քաղաքական դրդապատճառ ունեցող օրինազանցության հանդեպ բերեց էլ ավելի անթույլատրելի արարքի՝ քաղաքական սպանության: Ադրբեջանցիները, տեսնելով, որ իրենց կարելի է խախտել ՆԱՏՕ-ի շրջանակներում ընդունված խաղի կանոնները, խախտեցին երկրորդ անգամ, այս պարագայում, իհարկե, շատ ավելի դաժան ու ցինիկ ձեւով», - շարունակում է «Հայոց աշխարհ»-ը: «Ինչո՞վ մենք կարող ենք պատասխանել այս զազրելի սպանությունը. իհարկե՝ ոչ պատասխան սպանություններով: Մենք պիտի շարունակենք ամրապնդել մեր երկիրն ու բանակը, որպեսզի», - նպատակադրել է «Գոլոս Արմենիի» թերթը, - «բաց մարտում կարողանանք ջախջախել թշնամուն՝ այս անգամ չանսալով կանգ առնելու նրանց կոչերին, ովքեր հիմա, ինչպես միշտ, շատ զուսպ են դատապարտում դահիճներին՝ այդպիսով նրանց մղելով նոր հանցագործությունների»:

«Կոալիցիայում ճաքեր չկան, որովհետեւ կավե աման չէ» վերնագրի տակ է «Հայոց աշխարհ» թերթում բերված է Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հավաստիացումը, թե այսօր կոալիցիոն համագործակցության համար որեւէ վտանգ չկա: Միեւնույն ժամանակ՝ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի ելույթի հետ կապված վերջին լարումների առնչությամբ նա նշում է. - «Չի կարելի ժխտել ու բացառել հանգամանքը, որ անզգույշ կեցվածքի մի քանի կրկնություններ կարող են նաեւ լուրջ հարցադրումներ առաջացնել: Կոալիցիայում, նաեւ ողջ քաղաքական դաշտում, հարգանքը պետք է փոխադարձ լինի»: «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում էլ Տիգրան Թորոսյանը ընդգծել է. - «Զուսպ լինելը չի նշանակում թաքցնել իրողությունները: Կամ՝ ամեն ինչ չէ, որ ճիշտ է անմիջապես հենց հրապարակավ ասելը, եթե ունես գործընկերներ... Ի վերջո՝ կա՛մ կուսակցությունը կոալիցիայի մեջ է, կառավարություն է ձեւավորել եւ բոլոր թերությունների մասին խոսում է իսկապես ներսից, կա՛մ՝ եթե դրսից է խոսում՝ ապա այդ ժամանակ ինչպե՞ս հասկանալ կոալիցիոն կառավարության մեջ դերակատարությունը»: «Զեկույցի համեմատ էական տարբերություններ կան, եւ լուրջ վերանայումներ են արվել թե՛ հայտարարություն ընդունելիս, թե՛ ասուլիսի ժամանակ», - բավարարված արձանագրում է Տիգրան Թորոսյանը: - «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հաստատեց այն ենթադրությունը, որը ես արել էի՝ թե այդ ելույթն առաջին հերթին ինքնաքննադատություն էր»:

Ամեն դեպքում, Դաշնակցության հանդեպ հանրապետականների ներքին մի, այսպես ասած, անբարեհաճություն մնում է, եւ դրա դրսեւորումներից է շեշտված ներկայացնում այսօր «Առավոտ»-ը. ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը երեկ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը չի ճանաչում ՀՀԿ խմբակցության ղեկավարին, պատասխանել է. - «Այդ ո՞ր Հրանտի մասին է խոսքը, ո՞չ նրա, որին 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը խորհրդարանի դահլիճից զանգել ու զեկուցում էր. «Հրա՛նտ, ճակատից սատկացրել եմ, արի՛»:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, կոալիցիայի խորհրդի երեկվա նիստում պարզաբանում պահանջողի դերում հիմնականում հանդես է եկել Տիգրան Թորոսյանը: «Նիստին մասնակցող Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը փորձել են իրենց կոալիցիոն գործընկերների տրամադրվածությունը մեղմել՝ մեղքը գցելով Հրանտ Մարգարյանի ելույթի ոճի վրա... Ինչ վերաբերում է արբիտրի դեր ստանձնած նախագահին, ապա վերջինս կոալիցիային հերթական պատվիրանն է տվել՝ գնացեք, իրար հետ լեզու գտեք, աշխատեք եւ ջուր մի լցրեք ընդդիմության ջրաղացին», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: Այս թերթում նաեւ ընդդիմությանը հանդիմանություն է ուղղվում՝ հետեւյալ զուգահեռով. - «Երբ 1996 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքները եւ նույնիսկ ԱԺ բակ չէին մտնում՝ ցանկացած միջազգային միջոցառման ժամանակ իրենց առջեւ հարցեր էին դրվում, թե ուր է խորհրդարանական ընդդիմությունը: Սակայն այսօր խորհրդարանի աշխատանքները բոյկոտած պատգամավորները ոչ միայն գնում են ԱԺ, այլեւ անսովոր ակտիվությամբ մեկնում են գործուղումների, մասնակցում միջխորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքներին, զբաղվում օրինաստեղծ աշխատանքով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG