Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ն դատապարտում է հայ զինվորականի սպանությունը


Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ն դատապարտել է ադրբեջանցի սպայի կողմից հայ զինվորականի վայրենաբարո սպանությունը Հունգարիայում եւ հույս է հայտնել, որ «ողբերգական միջադեպը» չի անդրադառնա ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության վրա: Ադրբեջանը, մինչդեռ, «ափսոսանք» է հայտնել լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի մահվան կապակցությամբ՝ միաժամանակ վերջինիս մեղադրելով ադրբեջանցուն սադրելու մեջ:

«Դա հստակորեն քրեական հանցագործություն է, որը մենք, անշուշտ, խստորեն դատապարտում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին Բրյուսելից հեռախոսով ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Պշչելը: - «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհի ընտանիքին: Մեր մտքերը ներկա պահին նրա ընտանիքի հետ են»:

Ըստ Բուդապեշտի ոստիկանության, 26-ամյա հայ զինվորականը երեկ սպանվել է քնած ժամանակ իր սենյակը ներխուժած ադրբեջանցի սպայի կողմից: «Մենք դա անվանում ենք «արտասովոր դաժանություն», որովհետեւ բացի կրծքի շրջանում դանակի հարվածների բազմաթիվ հետքերից, զոհի գլուխը փաստորեն հատված էր մարմնից», - ասել ոստիկանության ներկայացուցիչը:

Հանցագործը՝ Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը ձերբակալվել է: Քննիչների խոսքերով, նա գործել է դանակով ու կացնով: Նրանք ձեռնպահ կմնան Սաֆարովի հանցագործության դրդապատճառների մասին մեկնաբանություններից մինչեւ հետաքննության ավարտը:

Հանցագործն ու զոհը Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին: Նշված ծրագրին անդամակցում են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը:

«Հայաստանը ծրագրի ակտիվ մասնակիցներից է եւ մենք հուսով ենք եւ խրախուսում ենք Հայաստանին շարունակել այդ մասնակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Պաշտոնական Երեւանը երեկ իր զայրույթն էր արտահայտել՝ հունգարական իշխանություններից պահանջելով ոճրագործին պատժել օրենքի ամենայն խստությամբ: «Այս հանցագործությունը տրամաբանական հետեւանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի եւ վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետեւողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության՝ երեկ տարածված հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «ափսոսանք» է հայտնել միջադեպի կապակցությամբ ու ցավակցել սպանվածի հարազատներին ու գործընկերներին: Այդուհանդերձ, հայտարարության մեջ, ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության մեջբերման, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է. - «Մեր տեղեկությունների համաձայն, հայ զինվորականը շարունակաբար վիրավորել է Սաֆարովի արժանապատվությունը՝ որպես ադրբեջանցի սպայի եւ քաղաքացու»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Բուդապեշտի իրադարձությունները խթան դառնան Ադրբեջանի եւ Հայաստանի առանց այդ էլ բարդ փոխարաբերությունների վատթարացման»:

Հայաստանի իշխանությունները Սաֆարովի գործողությունները կապում են Ադրբեջանում գալիք աշնանը կայանալիք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցությանը պաշտոնական Բաքվի ակնհայտ մերժողական դիրքի հետ: Անցած ամիս Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չկարողացավ մասնակցել Բաքվում կայացած նախնական պլանավորման կոնֆերանսին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն դիտարկելու է զորավարժությունների անցկացման վայրը փոխելու հարցը, Պշչելը ասաց. - «Ասյ փուլում զորավարժությունների անցկացման վայրը կամ ժամկետը փոխելու ծրագրեր ինձ հայտնի չեն: Բայց այդ հարցը կարող է բարձրացվել պլանավորման կոնֆերանսների ընթացքում»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG