Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը նախագահ Քոչարյանը Լարիսա Ալավերդյանին նշանակել է Մարդու իրավունքների պաշտպան: Հայաստանի առաջին օմբուդսմենը մինչ նոր նշանակումը նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ էր, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:

Անցած աշնանը ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի անցումային դրույթներում ամրագրված է, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունները հանրապետության նախագահն է նշանակում օմբուդսմենին՝ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո:

Նախագահի կողմից այդ պաշտոնում առաջադրված Ալավերդյանը այս ամիս ավելի վաղ խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խումբ-խմբակցությունների հետ: Ընդդիմադիրները հրաժարվեցին հանդիպել նրա հետ: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց. քանի որ օմբուդսմենի նշանակման՝ իրենց առաջարկած կարգը չընդունվեց (որ վերջինս նշանակվի խորհրդարանում ներկայացված ուժերի հետ ոչ թե խորհրդակցելուց, այլ համաձայնեցնելուց հետո), իրենք չեն մասնակցում «մարդու իրավունքների պաշտպանի նշանակման ձեւական գործընթացին»:

Խորհրդարանական մեծամասնությունը կազմող իշխանական կոալիցիայի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի խմբակցությունները հավանություն էին տվել Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի անցումային դրույթներով, առաջին օմբուդսմենի պաշտոնավարման ժամկետը լրանում է սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Դրանից հետո արդեն Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ից ավելիով՝ երկրի նախագահի եւ պատգամավորների 1/5-ի կողմից առաջարկած թեկնածուներից:

Ինչպես տեղեկացրել է երկրի նախագահի մամլո գրասենյանը, նախագահ Քոչարյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի ընդունման կապակցությամբ, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» հրամանագիրը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG