Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ՀՅԴ հայտարարությունը «թույլիկ էր», - որակում է «Առավոտ» թերթը՝ Դաշնակցության Ընդհանուր ժողովի ավարտական հայտարարության առնչությամբ նաեւ ուրվագծելով. - «Այն Հրանտ Մարգարյանի մեկնարկային ելույթի hստակությունն ու ռազմատենչությունը չունի, շատ կետեր ընդհանրապես դրանում տեղ չեն գտել»: «Երեկ էլ իր հեռուստահարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փաստորեն կոչ արեց դաշնակցականներին «մի քիչ զուսպ լինել»: Առավել հատկանշական էր, որ նա զուգահեռ անցկացրեց կոալիցիոն համագործակցության եւ բիզնեսում՝ կորպորատիվ էթիկայի միջեւ», - համադրում է «Առավոտ»-ը՝ բխեցնելով. - «Իրոք, քաղաքականությունը մեզ մոտ բիզնես է, որտեղ դեր են խաղում ոչ թե գաղափարական սկզբունքները, այլ շահերը: Իսկ կոալիցիոն կուսակցությունների ընդհանուր շահերը պահանջում են սուսուփուս կանգնել իշխանական կերակրատաշտի մոտ՝ առանց իրար հրելու»:

«Հայկական ժամանակ» թերթի ամրագրմամբ, ՀՅԴ-ն որոշել է չհակադրվել իշխանական կոալիցիայի մյուս ուժերին. - «Նման պահվածքի պատճառն այն է, որ ՀՅԴ-ում գիտակցում են, որ կոալիցիայում իրենք անփոխարինելի չեն եւ «արդարության համար» չափազանց հետեւողական պայքարելու դեպքում իրենք կզրկվեն եկամտաբեր պաշտոններից»: «Հրանտ Մարգարյանն իր ելույթով չափազանց բարձր նշաձող դրեց սեփական կուսակցության առաջ, ու հիմա ակնհայտ է, որ Դաշնակցությունը չկարողացավ հաղթահարել այդ նշաձողը այն պարզ պատճառով, որ իշխանության մեջ գտնվելն այս կուսակցության համար ավելի կարեւոր է համարվել, քան երկրում տեղի ունեցող արատավոր երեւույթները քննադատելու ազատությունը», - գրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Ընդհանուր ժողովի հայտարարության ամորֆ, անդեմ ձեւակերպումների տակ հանգիստ կարող են ստորագրել եւ կոալիցիայի մյուս անդամները, իսկ Հրանտ Մարգարյանի ելույթով ոգեշնչված հեղափոխական լայն զանգվածները նորից հուսահատվեցին»:

Անդրադառնալով մեկ տարի առաջվա իրադարձություններին, «Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրությունը կենտրոնացնում է մասնավորապես հետեւյալին. - «Այս մեկ տարվա ընթացքում շատերը հարց են տալիս. «Պատկերացնու՞մ եք, ինչ կլիներ, եթե Ստեփան Դեմիրճյանին հաջողվեր զբաղեցնել նախագահի պաշտոնը»: Որպես կանոն, այս հարցը հռետորական է հնչում, բայց իր էությամբ ամենեւին էլ հռետորական չէ՝ պատասխան է պահանջում. եթե Ստեփան Դեմիրճյանին հաջողվեր զբաղեցնել նախագահի պաշտոնը, Հայաստանը կունենար օրինական իշխանություն, որովհետեւ, ըստ Սահմանադրության, երկրի նախագահ է դառնում նա, ում ընտրում է ժողովուրդը, եւ ոչ թե նա, ում համար ավելի շատ քվեաթերթիկ են լցնում քվեատուփերը», - պատասխանում է «Հայկական ժամանակ»-ը: - «2003 թվականին ժողովուրդը ընտրեց Ստեփան Դեմիրճյանին, եւ այդ ընտրության իրացման դեմ կատարված ցանկացած քայլ հանցագործություն է ընդդեմ սեփական ժողովրդի: Ժողովուրդը ընտրել էր Դեմիրճյանին, եւ եթե նրան դուր չգար Դեմիրճյանի կառավարումը, այդ նույն ժողովուրդը սուվերեն իրավունք ուներ նրան զրկելու իշխանությունից: Մնացածը ընդամենը դեմագոգիա է եւ չքմեղանալու անհաջող ու ծիծաղելի փորձ»:

«Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ հրահրելու ուղղությամբ վերջերս ընդդիմության ձեռնարկած համառ ջանքերը չէին կարող սահմանափակվել միայն Ազգային ժողովի աշխատանքների բոյկոտով: Անհրաժեշտ էր նաեւ արտաքին քաղաքական որոշակի ֆոն, այսինքն՝ ներքաղաքական ճգնաժամի իմիտացիա սարքելու փորձերին պետք է գումարվեր նաեւ նմանօրինակ մի «ճգնաժամի» բեմականացումը արտաքին քաղաքականության, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Եվ այդպես «Նեզավիսիմայա գազետայում» հայտնվեց «Ցայտնոտ՝ Հայաստանի խորհրդարանում» սադրիչ հրապարակումը, համաձայն որի, իբր թե, Հայաստանի պաշտպանության նախարարը փորձել է երաշխիքներ ստանալ ռուսական կողմից՝ երկրի ներքաղաքական իրավիճակը սրվելու պարագայում ռուսական ռազմահանգրվանի աջակցությունն ապահովելու հարցում», - պատկերում է «Հայոց աշխարհ» թերթը՝ սրանում տեսնելով երեք հիմնական նպատակ. - «Հայաստանում եւ արտաքին աշխարհում ստեղծել թյուր պատկերացում, որ իշխանությունները չափազանց թույլ են, վախենում են ընդդիմության ելույթներից, անգամ լուրջ հույսեր չեն կապում պետական կառույցների հետ ու այդ պատճառով էլ վազում են Մոսկվա` այնտեղից օգնություն խնդրելու: «Ձեռքի հետ» Հայաստանի քաղաքացիներին ներշնչել, որ գործող իշխանությունը պատրաստ է դիմել ուժային տարբերակի, անգամ արյուն թափել սեփական աթոռները պահպանելու համար: Կասկածի տակ դնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրությունը եւ այն թյուր տպավորությունն ստեղծել, որ պաշտոնական Մոսկվան երես է թեքել Հայաստանի ներկա իշխանություններից, ուրեմն՝ եկել է վճռական գրոհի պահը»: Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ռուսաստանյան լրատվամիջոցներում Հայաստանին առնչվող անհաճո հրապարակումների մասին հարցին «Գոլոս Արմենիի» թերթում արձագանքում է. - «Կան եւ Հայաստանի վերաբերյալ շատ դրական արտահայտումներ: Խնդիրն այլ է՝ «հակահայկական էջերը, անշուշտ, գնվում են, եւ դրանում վերջին դերը չեն խաղում հենց հայերը: Մենք փաստորեն այս հարցում եւս բախվում ենք հայերի գործունեության միասնական ճակատի բացակայության երեւույթին»:

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազգ» թերթի հարցազրույցում ասում է. - «Ինձ թվում է, որ անձամբ ինձ եւ բազմաթիվ հայերի համար անցած տարին կարելի է համարել արտակարգ արգասավոր եւ հաջող»։ Հիմա էլ, ինչպես խիստ կարեւորում է Աբրահամյանը, Ռուսաստանի հայերի միությունը միահամուռ հանդես է գալիս մարտյան ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության օգտին եւ ակտիվորեն մասնակցում է գործող նախագահի ընտրարշավի հետ կապված բոլոր կազմակերպչական ու քարոզչական աշխատանքներին։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG