Մատչելիության հղումներ

ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի ավարտին չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության ձեւակերպումները շատ ավելի մեղմ են, քան ժողովի բացմանը Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթում:

Ավարտական հայտարարությունը, որ հրապարակվել է Ծաղկաձորում գրեթե երկու շաբաթ տեւած ընդհանուր ժողովն ավարտվելուց մեկ օր անց, առհասարակ չի անդրադառնում անցած խորհրդարանական ընտրություններում տեղ գտած ընտրախախտումներին, որոնց մասին Մարգարյանը բավական խիստ քննադատական խոսքեր են ասել ժողովի բացմանը՝ փետրվարի 6-ին:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամները, այդ թվում կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքել էին այդ մեղադրանքները: Մարգարյանի ելույթում հնչած որոշ ձեւակերպումների կապակցությամբ իր անհամաձայնությունն էր արտահայտել նաեւ նախագահ Քոչարյանը՝ իր խոսնակի միջոցով:

Դաշնակցության ղեկավար անդամներից Արմեն Ռուստամյանը, այդուհանդերձ, այսօր ասաց, որ կուսակցությունը պաշտպանում է Հրանտ Մարգարյանի հնչեցրածը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ վերընտրված Մարգարյանը Ընդհանուր ժողովի բացմանը ասել էր, թե Ջավախքը պիտի ինքնավարություն ստանա Վրաստանի կազմում, թե Դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններում «թիկունքին դաշույնի հարված էր ստացել» կոալիցիայի գործընկերների կողմից եւ այլն:

Արմեն Ռուստամյանը հերքեց, թե դա Հրանտ Մարգարյանի մասնավոր կարծիքն է եղել, ինչպես ասում են ոմանք: «Ներկայացուցիչ ասվածը այն անձն է, որը իրավունք ունի ներկայացնել Դաշնակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուստամյանը: - «Ներկայացուցչի խոսքը դա Դաշնակցության խոսք է»:

Ամեն դեպքում, համագումարի մոտ 80 պատգամավորների կողմից ընդունված հայտարարությունը ավելի զգուշավոր եւ ընդհանուր բնույթ ունի, քան Մարգարյանի խիստ ձեւակերպումներ պարունակող ճառը: Հայտարարության մեջ պարզապես ամրագրված է, որ Դաշնակցությունը բոլոր ջանքերը կուղղի Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, «օրենքի գերակայության» հաստատման եւ «տնտեսական մենաշնորհների ու կոռուպցիայի վերացման» ուղղությամբ:

Հայտարարությունը զգալիորեն մեղմել է հարեւան Թուրքիայի ու Վրաստանի հասցեին Մարգարյանի ձեւակերպումները, որոնք հակասում են Հայաստանի պաշտոնական տեսակետներին: Հայտարարության մեջ ասվում է, որ Դաշնակցությունը դեմ է «թուրք-հայկական կեղծ հաշտեցման նախաձեռնություններին»: Դաշնակցությունը շարունակելու է «անդուլ պայքարը Հայ Դատի հետապնդման ուղղությամբ»: Հայտարարության մեջ չկա ոչ մի հիշատակում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:

Ջավախքի վերաբերյալ Ընդհանուր ժողովի հայտարարությունը ավելի մեղմ է արտահայտվել՝ կուսակցությունը «արձագանքելու է Ջավախքի հայության՝ Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրվելիք ինքնավարության ձգտումներին»:

«Դաշնակցությունը դուրս եկավ ժողովից նորից վերահաստատած իր անելիքները, հստակեցրած իր ծրագրերը, եւ դրանք կկատարվեն ողջ կուսակցության կողմից որպես մեկ ամբողջություն», - ասաց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ Դաշնակցությունը պատրաստ է արծարծված խնդիրները քննարկել կոալիցիայի գործընկերների հետ:


Արմեն Զաքարյան եւ էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG