Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «2004 թվականը բեկումնային է լինելու Հայաստանի բանկային համակարգի համար»


Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, չորեքշաբթի օրը լրագրողներին ներկայացնելով 2004 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, հայտարարեց, թե 2004 թվականը բեկումնային է լինելու Հայաստանի բանկային համակարգի համար:

«Այսօր արդեն իսկ ստեղծվել են բավարար պայմաններ ֆինանսական կայունության, ինչը մեզ ստիպում է իրականացնել արմատական բարեփոխումներ ֆինանսական ոլորտում եւ ֆինանսական ենթակառուցվածքների ձեւավորման տեսակետից», - փաստարկեց Կենտրոնական բանկի նախագահը՝ ավելացնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում միանգամից մի քանի ծրագրեր են դրվելու գործողության մեջ, որոնք էապես կփոխեն իրավիճակը դրամական շուկայում։

Խոսքը հիպոթեկային շուկայի ստեղծման, ավանդների երաշխավորման մեխանիզմների ձեւավորման, ինչպես նաեւ կենսաթոշակային ապահովագրության հիմնադրամները ֆինանսական շուկայի գործուն տարրերի վերածելու ծրագրերի մասին է։

Այդ ծրագրերի նպատակը, այսպես ասած՝ «երկար փողեր» ստեղծելն է: Դա, պարզ ասած, նշանակում է, որ ասենք, գործարարները առաջիկայում հնարավորություն կստանան բանկերից երկարաժամկետ ու ցածր տոկոսներով վարկեր ստանալ, կամ քաղաքացիները նույնպես բնակարաններ կառուցելու կամ գնելու նպատակով 15-20 տարի ժամկետով ցածր տոկոսներով վարկ վերցնելու հնարավորություն կունենան։

Խոսելով հիպոթեկի մասին, Սարգսյանն ասաց, թե այսօր որոշ բանկեր անշարժ գույքի գրավադրմամբ վարկ տալիս են բնակարան գնելու նպատակով, սակայն, նախ վարկավորման ժամկետները կարճ են (մինչեւ 5 տարի), բացի այդ, վարկավորման տոկոսադրույքներն են բարձր (մինչեւ 18 տոկոս), հետեւաբար մատչելի են միայն փոքրաթիվ հարուստ խավին։ Մինչդեռ, դրանից պետք է հնարավորություն ունենա օգտվել միջին խավը:

«Եթե մենք կարողանանք հազարավոր քաղաքացիների դարձնել մասնակից այս գործընթացին, նշանակում է, որ այս ոլորտում, ինչպես նաեւ շինարարության ու կենցաղային սպասարկման ծառայությունների ոլորտներում կմեծանա պահանջարկը, ինչը, բնականաբար, կբերի տնտեսական աշխուժացման», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Ի պատասխան հարցին, թե մասնավոր բանկերը որտե՞ղից պետք է վերցնեն այդ գումարները, Սարգսյանը պատասխանեց՝ Կենսաթոշակային ֆոնդից եւ ապահովագրական ու ներդրումային ընկերություններից։ Թե ինչպես պետք է կենսաթոշակային հիմնադրամը ներդրումներ անի բանկերում, երբ իր հավաքած գումարները նույն պահին ստիպված է վճարել իբրեւ կենսաթոշակ, պարզ չէ։ Մյուս կողմից, ապահովագրական կամ ներդրումային ընկերությունների ինստիտուտն էլ մեզանում լիարժեքորեն ձեւավորված չէ:

«Մենք հիմնվում ենք 7 տոկոսանոց համախառն ներքին արդյունքի [աճի] վրա, նաեւ հաշվի ենք առնում, որ այս տարի ծրագրավորված չէ «Լինսի» հիմնադրամից միջոցների ստացում, ինչպես նաեւ Համաշխարհային բանկից հերթական կառուցվածքային բարեփոխումների վարկերի տրանշերի ստացում չի լինելու», - ծրագրի մի քանի ցուցանիշների մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG