Մատչելիության հղումներ

«Արդարություն»-ը «ինտենսիվացնելու է» հանդիպումները ժողովրդի հետ


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի այսօրվա նիստում որոշում է ընդունվել ակտիվացնել ու ընդլայնել հանրահավաքային գործունեությունը ամբողջ երկրում, վերահաստատվել է «Ազգային միաբանության» հետ միասին հայտարարած բոյկոտը շարունակելու վճռականությունը: Ընդդիմադիրները նաեւ պահանջել են քննություն սկսել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ, ով, ըստ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի, այդ երկրից օգնություն է խնդրել՝ Հայաստանում հնարավոր հակաիշխանական ելույթների ճնշելու համար:

«Արդարություն» դաշինքի անդամ գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ավարտին մասնակիցները չմանրամասնեցին քննարկված հարցերի բովանդակությունը:

«Արդարություն» դաշինքի քաղաքական խորհուրդը քննարկեց գաղտնի հարցեր, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

Նիստի մասնակիցներից «Արդարություն» խորհդարանական խմբակցության քարտուղար Վիլտոր Դալլաքյանը փոքր-ինչ այլ կերպ ձեւակերպեց. - «Խաշի եւ բողկի սիրահար սակավամիտներին խորհուրդ եմ տալիս հիշել, որ իշխանափոխության մեր սիմվոլը ցախավելն է լինելու, որով մաքրելու ենք ղարաբաղյան կլանի ավգյան ախոռները»:

Որոշ ընդհանուր տեղեկություններ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, նիստում նպատակահարմար է համարվել ինտենսիվացնել հանդիպումները ժողովրդի հետ:

«Հիմա մենք հանդիպում ենք շրջաններում: Եվ Երեւանի շրջաններում ենք հանդիպելու եւ բնական է, որ վերջ ի վերջո դա գալու է նաեւ ընդհանուր հանրահավաքների», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ հանրահավաքները իրենց պայքարի ձեւեից մեկն են միայն:

Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքի բոյկոտին՝ Շավարշ Քոչարյանը ասաց. - «Ֆիքսեցինք, որ մամուլով տարբեր ձեւի փորձում են աղավաղել, բայց գիծը շատ հստակ է. բոյկոտի պահանջներն են՝ մինչեւ մեծամասնությունը չհայտարարի, որ պատրաստ է քննարկել եւ ընդունել «Հանրաքվեի մասին» օրենքը, մենք չենք մասնակցում որեւէ միջոցառման, բացի հայտարարությունների ժամից»:

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցություններից Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: նա ասաց, որ Ռուսաստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Նեզավիսիմայա գազետա» թերթը, վկայակոչելով երկրի արտգործնախարարության անանուն աղբյուր, օրերս գրել էր, թե Հայաստանի պաշտպանության նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է խնդրել օգտագործել Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորամիավորումները՝ եթե Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվի:

«Չորրորդ օրն է պաշտպանության նախարարը լռում է: Եթե այդ արարքը կայացել է, ապա այդ արարքի մեջ կան պետական դավաճանության տարրեր: Պաշտպանության նախարարը պարտավոր էր կամ հերքել, կամ ընդհանրապես որեւէ բացատրություն տալ», - շարունակեց Արամ Սարգսյանը: - «Եթե պաշտպանության նախարարը չի արձագանքելու, դա նշանակում է, որ հանրապետության գլխավոր դատախազությունը պարտավոր է քննություն կատարել եւ պարզաբանումներ պահանջել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարից»:

«Այս կերպ ոչ թե պարոն Սերժ Սարգսյանի արժանապատվությունն է հարցականի տակ դրվում, այլ Հայաստանի անկախության գաղափարը, հայ ժողովրդի արժանապատվությունը», - ասաց Արամ Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, ասաց. - «Թերթում գրածն աբսուրդ է, ծիծաղելի: Նախ թեկուզ նրանով, որ Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքի մեծությունը մոտավորապես մեր մեկ բրիգադի չափ է: Հիմարություն է նման բան տարածելը՝ երբ մի երկրի պաշտպանության նախարարը պետք է մի փոքր թվաքանակի օգնությունը խնդրի»:


Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG