Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց լիազորված չէ որոշել նրա ճակատագիրը: երեկ Ստեփանակերտում հանդիպում ունենալով ամերիկյան եւ բրիտանական հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի ներկայացուցիչների հետ, այսպիսի հայտարարություն է կրկին արել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Այս ֆոնի վրա է «Հայկական ժամանակ» թերթն ընդգծում արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանի արձագանքը Ադրբեջանի արտգործնախարար Գուլիեւի այն արտահայտությանը, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները սկսել մաքուր էջից, քանի որ նախկինում իրենք հարցի շուրջ որեւէ սկզբունքային պայմանավորվածություն չեն ունեցել: Համլետ Գասպարյանն ասում է. - «Եթե Բաքուն ուզում է ամեն ինչ սկսել զրոյից, ապա նա պետք է դիմի միմիայն Ստեփանակերտին, եթե, իհարկե, վերջինս համաձայնի դրան»: «Հայկական ժամանակ»-ի գնահատականով, Գասպարյանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան վերջնական խոստովանություն, որ պաշտոնական Երեւանը կոպիտ սխալ է թույլ տվել՝ համաձայնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը Ադրբեջանի հետ քննարկել առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության:

«Իլհամ Ալիեւը հոր հետ հողին հանձնեց Քի Ուեսթի եւ Փարիզի պայմանավորվածությունները» վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանը որպես նոր ելակետ ամրագրում է. - «Դատելով Ալիեւ կրտսերի հայտարարություններից, Ադրբեջանը հողին է հանձնում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ցանկանում ղարաբաղյան կարգավորման բանակցություններն սկսել «մաքուր էջից», ինչպես նաեւ խնդրի կարգավորումը հնարավորության դեպքում տեղափոխել եվրոպական այլ կառույցներ, մասնավորապես Եվրախորհուրդ»։ «Ղարաբաղյան հարցում ես փոխզիջումների կողմնակից չեմ։ Ժամանակները փոխվում են», - այլեւս հռչակում է Ադրբեջանի նոր նախագահը։

«Հայոց աշխարհ» թերթն այսօր փոխանցում է Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի արձագանքը. - «Կար մի շրջան, երբ որդեգրվեց հետեւյալ մոտեցումը. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կփորձեն միմյանց հետ բանակցել եւ որեւէ լուծում ուրվագծվելու դեպքում այդ բանակցությունները կշարունակվեն արդեն Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությամբ: Եթե հիմա վերադառնում ենք բանակցությունների զրոյական կետին, ապա բնական է, որ հին մոտեցումը հազիվ թե գործի. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, իշխանությունները պետք է հենց սկզբից մասնակից լինեն գործընթացին»: Ղարաբաղյան բանակցությունները զրոյից սկսելու Ադրբեջանի նկրտումների առնչությամբ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը ի մի է բերել. - «Սա բացահայտ մարտահրավեր է նաեւ միջնորդ երկրներին եւ առաջին հերթին՝ այդ պայմանավորվածությունների «ճարտարապետ» ԱՄՆ-ին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա բնական է, որ նման շրջադարձը, մեղմ ասած, նրան չի անհանգստացնում, քանի որ առանց այդ էլ ձեռք բերված պայմանավորվածությունները բոլորովին էլ նրա սրտովը չէին: «Հարցը փակելու» նման տարբերակը բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, որը տվյալ պարագայում կա՛մ պետք է հասնի Ադրբեջանի նոր ղեկավարության վերադարձին՝ բանակցությունների նախորդ շրջափուլերում ձեռք բերված պայմանավորվածությունների հարթություն, կա՛մ էլ պահանջի վերականգնել բանակցային այն ֆորմատը, որն ի սկզբանե որդեգրվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»: «Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերստանձնի բանակցային ինքնուրույն կողմի իրեն պատկանող իրավասությունները», - շեշտվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Հայաստանը դիվանագիտորեն լռում է՝ սպասելով միջնորդների արձագանքին: Եթե վերջիններս տեր չկանգնեն սեփական առաջարկություններին, ապա Հայաստանին այլ տարբերակ չի մնա, քան դրանց «լուսարձակումը»: Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությանը հակազդելու ամենաարդյունավետ տարբերակը Լեռնային Ղարաբաղին այս կամ այն ձեւով բանակցային ասպարեզ վերադարձնելու՝ կոշտ եւ աներկիմաստ պահանջի առաջադրումն է», - ամփոփված է «Հայոց աշխարհ»-ում:

Եվրոպական ատյաններում Ղարաբաղին առնչվող մոտեցումների ու մտայնության դինամիկային անդրադառնալով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում մասնավորապես առանձնացրել է. - «Գրավյալ տարածքներ»-ի հետ կապված խնդիր ունենք։ Չգիտես ինչու, հանկարծ հիմա բոլորը հասկացան, որ նման արտահայտություն գոյություն ունի։ Մինչդեռ այդ արտահայտությունը կար 1993 թվականից ի վեր ՄԱԿ-ի, Եվրախորհրդի փաստաթղթերում: Անշուշտ, պիտի ամեն ջանք գործադրվի, որպեսզի այդ արտահայտությունը, ի վերջո, դուրս գա, բայց ակնհայտ է, որ 10 տարվա ընթացքում տարբեր ատյաններում անընդհատ կրկնված արտահայտությունը չափազանց ծանր է լինելու դուրս բերել», - ասում է Տիգրան Թորոսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG