Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Որոշակի դիրքորոշումների հստակեցում անհրաժեշտ է»


Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չգտնելով, թե կոալիցիային պառակտման վտանգ է սպառնում, ընդգծում է, այդուհանդերձ, կոալիցիայի ներսում որոշակի դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտությունը:

Անցած ուրբաթ Դաշնակցության 29-րդ ընդհանուր ժողովի բացմանը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթում քննադատական խիստ խոսքեր էր հնչեցրել անցած խորհրդարանական ընտրություններում այսօրվա իրենց կոալիցիոն գործընկերների հասցեին՝ թեեւ առանց անուններ նշելու: ՀՀԿ որոշ ղեկավար անդամներ արդեն բավական խիստ արձագանքել են այդ հայտարարություններին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այսքան փոխադարձ քննադատությունից հետո արժե՞, որ կոալիցիան շարունակվի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Հարցեր կան քննարկելու, հստակեցնելու: Բայց որ ասենք, որ դրանով կոալիցիոն կառավարությունը կամ ընդհանրապես կոալիցիան հետագայում անիմաստ է շարունակել՝ չեմ գտնում: Բայց որոշակի դիրքորոշումների հստակեցում անհրաժեշտ է»:

ՀԿԿ խորհրդի նախագահը եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենց համար անընդունելի են ՀՅԴ ընդհանուր ժողովում Հրանտ Մարգարյանի արտահայտած դիրքորոշումները՝ ավելացնելով, որ հարցը, Դաշնակցության ընդհանուր ժողովի ավարտից հետո կքննարկվի կոալիցիայի խորհրդում:

«Կսպասենք մինչեւ ընդհանուր ժողովի ավարտը», - ասաց Մարգարյանը: - «Ըստ իս, այն, ինչ որ ասվեց, չի վերաբերում միայն Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ ընտրությունների կազմակերպումը դրված չէր Հանրապետական կուսակցության վրա»:

Վարչապետը փաստարկեց, թե մյուս կուսակցություններն էլ՝ այդ թվում Դաշնակցությունը, իրենց ներկայացուցիչներն են ունեցել ընտրական հանձնաժողովներում. - «Հետեւաբար այն, ինչ ասվում էր Հանրապետականին կամ մյուս կուսակցություններին, հավասար չափով վերաբերում էր նաեւ Դաշնակցությանը»:

Նա հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը նույնպես ընդունել է, որ ընտրություններում տեղի էին ունեցել խախտումներ, որոնք սակայն «էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքի վրա:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի ելույթում Լեռնային Ղարաբաղին, Ջավախքին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող ու երկրի պաշտոնական քաղաքական ուղղությունից շոշափելիորեն շեղվող հայտարարությունների առնչությամբ դիտարկմանը, թե ՀՀԿ-ն նույնպես ազգային կուսակցություն է, նժդեհական, մի՞թե նման դիրքորոշումներ չունի, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց, թե յուրաքանչյուր կուսակցություն, իր ծրագիրն ունի, բայց արտաքին քաղաքականությունը երկրի նախագահի մենաշնորհն է, եւ չի կարելի իշխանության մաս լինելով դեմ գնալ իշխանության վարած արտաքին քաղաքականությանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG