Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների 25 պատգամավորները, նրանցից առաջինի անդամ, Հայաստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի պնդմամբ, չեն վերադառնա խորհրդարան, քանի դեռ Ազգային ժողովի մեծամասնությունը չի հայտարարել, որ պատրաստ է քննարկելու եւ ընդունելու «Հանրաքվե մասին» օրենքը:

Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում Քոչարյանը հայտարարեց, որ «Արդարություն» դաշինքը շատ հստակ է իր գծի մեջ:

«Շատ տրամաբանական մեր գիծը: Ե'վ բոյկոտն է տրամաբանական, ե'ւ ժամանակին խորհրդարան մտնելը: Մենք թույլ չենք տա որեւէ մեկին, որ մեզ փորձեն շեղել կա'մ դեպի այդ գծի թուլացում, կա'մ դեպի չմտածված կտրուկ քայլեր, որոնք կարող են որակվել որպես բռնի իշխանության տապալում: Այն, ինչ մենք անում ենք, ուղղված է տապալմանը, բերելու է արդյունքի եւ դա իրոք սահմանադրական է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ իրենց կողմից պատգամավորական մանդատները վայր դնելը բնորոշելով որպես «իշխանության երազանքներից մեկը»:

«Բարձրացված է Ռոբերտ Քոչարյանի՝ ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականի հարցը», - ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, թե ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելը կնշանակեր ընդդիմության հրաժարականը:

«Խնդիրը մանդատը չի. եթե հարկ լինի, միշտ էլ կդնենք», - շարունակեց նա: - «Բայց այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ընդդիմությունը, նշանակում է, որ մանդատները մեզ դեռ պետք են: Մենք պետք է հասնենք այն իրավիճակին, որ խորհրդարանում մեծամասնությունը ժողովրդի ճնշման տակ պատրաստ է լինելու գնալ այդ քայլերին՝ կապված հանրաքվեի հետ»:

Կոալիցիոն մեծամասնությունը փոխզիջման նշույլ անգամ ցույց չի տալիս, արդյո՞ք ընդդիմադիրները չեն փորձում քիչ թե շատ չեզոք պատգամավորների հետ լոբբինգի միջոցով առնվազն 44 ստորագրություն հավաքել եւ հարցն արտահերթ մտցնել օրակարգ: Այդ դիտարկմանը Շավարշ Քոչարյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, նման քայլը անիմաստ է, քանի որ 44 կողմնակցով հարցը ընդունվելիս կտապալվի:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG