Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանի զեկուցողը «կլանային ու կոռումպացված» է բնորոշում հարավկովկասյան պետությունները


Անկախացումից ավելի քան մեկ տասնամյակ հետո Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը մնում են քաղաքականապես անկայուն: Անջատողական միտումները եւ սառեցված հակամարտությունները շարունակում են լարման մեջ պահել տարածաշրջանը: Վրաստանում ու Ադրբեջանում վերջերս փոխվել է ղեկավարությունը. կա՞ն արդյոք դրական հեռանկարներ: Հարավային Կովկասի հարցերով զեկուցող, շվեդ պատգամավոր Պեր Գարթոնը զեկույց է պատրաստել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ, որը առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում: Գարթոնի հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Բրեֆնի Օ'Ռուրկը:

ՀԱՐՑ. Որո՞նք են հարավկովկասյան երկրների առջեւ կանգնած հիմնական տնտեսական եւ քաղաքական խնդիրները:

ՊԱՏԱՍԽԱՆ. Խորհրդային Միության փլուզումից հետո այդ երկրները տնտեսական ու սոցիալական առումներով շարունակում են ինչ-որ չափով խառնակ վիճակում մնալ: Դրանք չեն վերականգնվել, չեն հաջողել սոցիալիստական պլանային տնտեսությունից անցնել գործող շուկայական տնտեսության: Դրանք վերածվել են մաֆիայի եւ կլանների կողմից կառավարվող, կոռումպացված տնտեսությունների, որտեղ հիմնական եկամուտները գալիս են ոչ արտադրողական գործունեությունից, ինչպիսիք են մաքսանենգությունը եւ կաշառառությունը: Ուստի բնակչության մեծամասնությունը կենսամակարդակի հսկայական անկում է ունեցել:

ՀԱՐՑ. Ի՞նչ կարող եք ասել քաղաքական իրավիճակի մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Կան նաեւ դրական նշաններ՝ օրինակ փաստը, որ այդ երկրները բռնապետություններ չեն: Դրանք դեռեւս ձեւավորված ժողովրդավարություններ չեն, բայց կա ընդդիմության հնարավորություն՝ հիմնականում, իհարկե, Վրաստանում, թեեւ՝ մյուս երկրներում նույնպես: Կան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններ: Կա որոշակի բանավեճ: Դա արդեն խորհրդային տեսակի համակարգ չէ, ոչ էլ ֆաշիստական: Դա, ես կասեի՝ երկչոտ գործող, սաղմնավորված ժողովրդավարություն է:

ՀԱՐՑ. Արդյո՞ք Վրաստանում ղեկավարության փոփոխությունը բարեփոխումների համար ասպարեզ բացել է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկայիս ղեկավարությունը «խելքի է եկել» մի քանի տարի առաջ ու հասկացել, որ անհնար է այդպես շարունակել, եւ նրանք դարձան իրական ընդդիմություն: Ընտրություններում նրանք ստացան բնակչության ճնշող մեծամասնության վստահության քվեն: Դրանք միանգամայն արդար ընտրություններ էին: Ես անձամբ այնտեղ է, նաեւ բոլորն են համամիտ, որ դա ազատ ընտրություն էր եւ մարդիկ ուզում էին Սահակաշվիլուն՝ 95 եւ ավելի տոկոսը նրան էին ուզում: Այսինքն՝ դա հույսի ու վստահության վկայություն էր, որ նրա վրա նաեւ մեծ պատասխանատվություն է դնում՝ առաջիկայում դրանք արդարացնելու առումով:

ՀԱՐՑ. Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի մասին, որտեղ հանգուցյալ Հեյդար Ալիեւին փոխարինեց նրա որդի Իլհամը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես առիթ ունեցել եմ հանդիպելու նոր նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ ինձ հետ հանդիպման ժամանակ նա երկու դեմք ուներ: Սկզբում, երբ ներկա էին ադրբեջանցի լրագրողներ եւ պաշտոնյաներ, նա խոսում էր ադրբեջաներեն եւ, դատելով թարգմանությունից՝ շատ կոշտ: Հետո, երբ մնացինք միայն ես ու իմ խորհրդականը եւ Իլհամն ու իր խորհրդականը, նա խոսում էր գրեթե սահուն անգլերեն, եւ մոտեցումներ էլ միանգամայն այլ էին: Նա շատ հաշտվողական էր, եւ իրոք ուզում էր հանդիպել [մարդկանց], հատկապես՝ Հայաստանի հետ հակամարտության հետ կապված: Նկատի ունեմ՝ եթե չէր կեղծում, (իսկ ես կարծում եմ, որ չէր կեղծում) ապա, իմ կարծիքով, կա Հայաստանի հետ հաշտվելու հնարավորություն:

Իսկ դա Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման համար հիմնական նախապայմանն է, քանի որ եթե կան նման հակամարտություններ, երկիրը օկուպացված է, մի քանի շրջաններ օկուպացված են, կան 1 միլիոն փախստականներ՝ դա հսկայական լարվածություն է ստեղծում երկրում: Շատ դժվար է լինում պահպանել իրական, գործող ժողովրդավարություն: Ուստի ես կարծում եմ, որ հույս կա, սակայն միջազգային հանրությունը պետք է խիստ վստահ գործի՝ ճնշում գործադրի նրանց վրա: Երկուսն էլ՝ Ալիեւը Ադրբեջանում եւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում, ունեն այդ ճնշման կարիքը, նրանք ուզում են եւ խնդրում են, որ մենք ճնշում գործադրենք իրենց վրա:

ՀԱՐՑ. Այսինքն, կա՞ն հեռանկարներ լուծելու Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը երկու հարեւան պետությունների միջեւ:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Կարծում եմ, նվազագույն փոխզիջումը հնարավոր է. այն է՝ Լեռնային Ղարաբաղը չի դառնա միջազգայնորեն ճանաչված պետություն՝ ՄԱԿ-ում իր ներկայացուցչով: Դա նրանց համար ամենակարեւորը չէ. այդ մասին ինձ ասել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Սակայն նրանք կտրականապես դեմ են վարչական առումով Բաքվի իշխանություններին ենթարկվելուն: Նրանք կարող են ձեւական, իրավական տեսակետից մաս կազմել Ադրբեջանին, բայց պետք է ունենան լիակատար ինքնավարություն ամենօրյա կյանքում կարեւորություն ունեցող ամեն ինչում: Նրանք չեն պահանջում ներկայացուցիչ ունենալ ՄԱԿ-ում, Եվրախորհրդում եւ այլուր: Նրանք այլեւս դա չեն պահանջում, քանի որ հասկացել էր, որ դա իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ի՞նչ են ուզում վերջիններս: Նրանք իրոք այլեւս չեն ուզում ղեկավարել Լեռնային Ղարաբաղի հայերին: Նրանք հասկացել են, որ այլեւս կորցրել են այն:


Բրեֆնի Օ'Ռուրկ, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG