Մատչելիության հղումներ

Հայկական գումարտակը մեկնեց Կոսովո


Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար մեկնեց Կոսովո: Սա Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունն է խաղաղապահ առաքելության:

«Կոսովոյի խաղաղախահ գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը որպես համաեվրոպական, որոշ իմաստով նաեւ Հայաստանի անվտանգությանը ծառայող առաքելություն, պակաս կարեւոր չենք դիտում, քան մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը», - օդանավակայանում հայ զինվորականներին բարի ճանապարհ մաղթելիս ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Նախարարը մեկ առ մեկ ձեռքով հրաժեշտ տվեց բոլոր զինվորներին, ինչից հետո լրագրողներին ասաց. - «Չէի ասի, որ զգացումս այնպիսին է, թե նրանց պատերազմ եմ ուղարկում, բայց նաեւ զորավարժության չէի ուղարկում տղաներին»:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի պարզաբանմամբ, դակասը կազմված է 34 զինվորականներից, որոնք խաղաղախահ առաքելությանը մասնակցելու են Հունաստանի գումարտակի կազմում: Նրա տեղեկացմամբ, Կոսովո մեկնած դասակի մարտական պատրաստության աստիճանը ստուգվել ու գնահատվել է ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ Հունաստանի զինվորական մասնագետների կողմից: Դասակը Կոսովոյում առաքելություն կիրականացնի 6 ամիս, ինչից հետո կփոխարինվի հայկական բանակի մեկ այլ դասակով:

Քանի որ հայկական դասակի խաղաղապահ առաքելությունը իրականացվելու է ՆԱՏՕ-ի շրջանականերում, ուստի լուծված է նաեւ վճարումների հարցը: Կվճարվեն ինչպես հրամանատարները (մեկ սպա եւ երկու ենթասպա), այնպես էլ զինվորները:

«Ըստ պաշտպանության նախարարի հրամանի, պահպանվելու է նրանց աշխատավարձը՝ 100 տոկոսով: Իսկ ըստ Հունաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածության, որը ֆիքսվել է հուշագրի մեջ, սպայական կազմը ստանալու է օրապահիկ 17 եվրո, իսկ շարքային կազմը՝ 12 եվրո», - ասաց պաշտպանության փոխնախարարը:

Փոխնախարարը նկատի ունի Հայաստանը եւ Հունաստանի միջեւ անցած սեպտեմբերին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ Կոսովոյում ՄԱԿ֊ի խաղաղապահ առաքելությանը Հունաստանի գումարտակի կազմում Հայաստանի հրաձգային դասակի մասնակցության շուրջ:

«Խաղաղապահ առաքելությունը իրենից ներկայացնում է ինչպես խաղաղապահ գործողություն, այնպես էլ խաղաղության պարտադրման գործողություն», - շարունակեց Աղաբեկյանը: - «Այսօր Կոսովոյի տարածաշրջանում խաղաղապահություն իրականացնող ստորաբաժանումները խաղաղության պահպանման փուլն են մտել եւ մեր ստորաբաժանումը գտնվելու է այդ գործողության մեջ»:

Դասակը մշտական կապի մեջ է լինելու Հայաստանի հետ. խաղաղախահ գումարտակի հրամանատարը արբանյակային կապի միջոցով ամեն օր տեղեկանալու է իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG