Մատչելիության հղումներ

Մտավորականության ներկայացուցիչները ահազանգ են հնչեցնում


Կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտը ներկայացնող հայ մտավորականների մի ստվար հատված հինգշաբթի օրը Հայաստանի գրողների միության լեփ-լեցուն դահլիճում ահազանգ հնչեցրեց հայաստանյան «մերօրյա բարքերի, արտագաղթի, մշակութային, բարոյական արժեզրկման դեմ»:

Մտավորականության հավաքին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ այդ թվում Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

Հավաքում հնչեց նաեւ Սիլվա Կապուտիկյանի ուղերձը: Ժողովրդի «հոգեւոր մշակութային, բարոյական արժեզրկմամբ ու անկասելի անկմամբ», երկրի սոցիալ տնտեսական ծանր իրավիճակով մտահոգված՝ մտավորականության ներկայացուցիչները ազդարարում էին ահազանգը, որը, «վաղուց պիտի հնչեր»:

«Մտավորականության մի մասը իշխանության կողմն է, մի մասը լուռ քաշված է մի կողմ, մի մասը՝ բոլորովին անտարբեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խորեն Պալյանը: - «Բայց չպետք է մոռանալ, որ այսօր Հայաստանում տեղի ունեցող անդուդարձի մեջ մտավորականությունը կարող է կարեւորագույն դեր կատարել»:

Պալյանը, սակայն, ցավով նշեց, որ մտավորականությունը միավորված չէ՝ կոչ անելով հայ մտավորականներին «հավաքվել-դառնալ մեկ մարդ, մեկ բռունցք», որպեսզի նրանց հետ իշխանությունները ի վերջո հաշվի նստեն:

«Մեր կրավորական պահվածքը այս տարիների ընթացքում հնարավորություն տվեց ղեկավարությանը համոզել ժողովրդին, որ չկա ազնիվ մտավորականություն», - հավաքում ունեցած ելույթում հայտարարեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: - «Որովհետեւ ժողովուրդը տեսնում է, որ ամբողջ վերնախավը. ամբողջ չինովնիկական բուրգը կոռումպացված է, թաղված է կաշառակերության մեջ»:

Ղազարյանի խոսքերով, մտավորականությունը մեծ ներուժ է, որ կարող է ավելի ազդեցիկ լինել, քան ցանկացած քաղաքական կուսակցություն:

«Եթե մենք միավորվենք, համախմբվենք՝ մենք ցանկացած կուսակցությունից մեծաքանակ ենք եւ ավելի ուժեղ, որովհետեւ, ի տարբերություն կուսակցության, մենք չենք հետապնդում նեղ կուսակցական, ի վերջո՝ ինչ-որ նյութապաշտական նպատակներ», - փաստարկեց նա:

Առայժմ, այդուհանդերձ, հստակ չէ, թե ինչ են առաջարկում հավաքի մասնակիցները: Այդուհանդերձ, դրա նպատակը՝ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանի ձեւակերպմամբ՝ «լուսավոր է, ազնիվ է, արդար է, որեւէ մեկի դեմ ուղղված չէ»:

«[Հավաքը], որեւէ մեկի դեմ պայքարելու մտադրություն չունի, եթե այդ մեկը օգնում է եւ ոչ թե խանգարում է մեր ազգային ինքնության, մեր մարդկային իրավունքի պահպանմանը», - ավելացրեց Ավագյանը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG