Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդական Մանվել Սարգսյանն «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի համար առաջացել են երկու ոչ հաճելի գործոններ։ Ըստ Սարգսյանի, մի կողմից ԼՂՀ-ն մեկուսացվել է միջազգային գործընթացներից, մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտության մասին հնչում են ոչ համարժեք ձեւակերպումներ։ Հայաստանյան մամուլում այս հարցազրույցից առանձնացված է եւ հետեւյալ հատվածը. - «Եվրոպայում ծնվում են հակամարտության կարգավորման զուգահեռ ջանքեր, որոնք արդյունքում կարող են դառնալ գերիշխող։ Այսօր այդ գործընթացը ձեռք է բերում առավել հստակ ուրվագծեր. վերցնենք թեկուզ միայն առաջ քաշվող ձեւակերպումները, որոնք սկզբունքորեն տարբերվում են Մինսկի խմբի մոտեցումներից» («Ազգ»): Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականը ղարաբաղյան հարցում Ռուսաստանի այժմյան դիրքորոշումը որակել է «բավականաչափ բարդ եւ դժվար կանխատեսելի»։

ԱԺ փոխնախագահ, ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ուշադրություն է սեւեռել, որ խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, գուցե նաեւ այլ կազմակերպությունների օրինակը ստիպում է ԵԱՀԿ-ին ավելի ակտիվ լինել: Անցած շաբաթ Ղարաբաղի գծով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լենմարկերի տարածաշրջան այցի առիթով Վահան Հովհաննիսյանը ուրվագծում է. - «Անհեթեթություն է տարածաշրջան եկող որեւէ մեկին բացատրել, որ հայերն այստեղ ապրում են հինգ հազար տարի, որ նրանք ընդհանուր առմամբ լավն են, քրիստոնյա, բարի, խաղաղասեր, հողագործ ժողովուրդ են. «Այսօր պետք է խոսենք բանակցային տեխնոլոգիաների շուրջ, այսինքն՝ ո՞ր բանալիով ենք պատրաստվում բացել փակ դուռը. փորձելո՞ւ ենք գտնել ճիշտ բանալին, թե՞ լինգով կոտրելու ենք դուռը»։ Թեկուզ «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով` Վահան Հովհաննիսյանը միջազգային կառույցների հետ քրտնաջան, ամենօրյա աշխատանքի անհրաժեշտություն է շեշտում. - «Տարիներ շարունակ մեր դիվանագիտության մեջ ընդունված է եղել, որ որպես հաղթած կողմ, մենք չպիտի շատ «լաչառություն» անենք։ Չէինք անում եւ դա սխալ էր։ Որովհետեւ ադրբեջանցիները այդ ամենն անում էին։ Մենք սկզբնական շրջանում մտածում էինք, որ դա եվրոպացիների վրա չի ազդում։ Սկզբում այդպես էր, բայց կաթիլ-կաթիլ հավաքվում էր այդ կրիտիկական մասսան եւ այսօր այն սկսում է արտահայտվել բանաձեւերում»։

Դաշնակցության ընդհանուր ժողովի բացմանը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի ելույթին անդրադառնալով՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Արտահայտված արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ մենք նույնպես տարբեր տեսակետներ ունենք»: Մյուս կողմից, «Թակարդ՝ ընդդիմության համար» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը Եվրախորհրդի՝ Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսի այցի շեմին շաղկապում է. - «Հայաստանի իշխանությունների առաջ լրջորեն ծառացած է մեկ խնդիր՝ միջազգային կառույցներին ցույց տալ, որ երկրի համար կարեւորագույն՝ Ղարաբաղի հարցում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Իսկ նման կարծիք ստեղծելու համար անհրաժեշտ էր մինչեւ փետրվարի 23-ն ընդդիմության եւ իշխանության միջեւ կազմակերպել քաղաքական մի շոու, ուր կքննարկվեր նաեւ Ղարաբաղի հարցը: Իշխանական կոալիցիան հերթական անգամ գտնվեց բավականին ճարպիկ եւ ընդդիմության քաղաքական քննարկումների հրավիրեց, իբր, խորհրդարանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար... Ավարտին պաշտոնապես արձանագրվեց, որ Ղարաբաղի հարցում իշխանություններն ու ընդդիմությունը ներկայանում են որպես մեկ անսասան բռունցք»: Այս առնչությամբ, սակայն, թերթում բերված է եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հակադարձումը. - «Խորհրդարանի տարածած հայտարարությունը, թե ԼՂՀ հարցում համագործակցության եզր ենք գտել, մեր կուսակցությանը չի վերաբերում եւ ընդամենը քաղաքական ոչ մեծ տրամաչափի խորամանկություն է: Մենք երբեք ու երբեք չենք կարող համատեղ դիրքերից հանդես գալ այն ուժերի հետ, որոնք զավթել են իշխանությունը»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի արժեվորմամբ, ընդդիմության նման հարձակողական կեցվածքը «բացարձակապես չի համապատասխանում երկրում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական բավականին կայուն ու հանգիստ կացությանը, որի հիմնական առանձնահատկությունը այլեւս «մի կտոր հացի» սուր ու անմիջական կարիք չունեցող եւ օրախնդիր հարցերով զբաղված բնակչության մեծամասնության քար անտարբերությունն է, իսկ տեղ-տեղ՝ անգամ արհամարհական վերաբերմունքը քաղաքականության եւ քաղաքական գործիչների հանդեպ»: «Նման վերաբերմունքը տարածվում է փաստորեն ողջ քաղաքական դաշտի վրա, եւ խորհրդարանից փողոցներ ու հրապարակներ շտապող ուժերը որեւէ բացառություն չեն կազմում», - նշում է մեկնաբանը: - «Ուրեմն՝ որտե՞ղ է թաքնված ներքաղաքական կյանքի անվրդով ընթացքը ամեն գնով փոխելու եւ ցնցումներ առաջ բերելու ներկա հետեւողական ու համառ ձգտումների գաղտնիքը»: Այս հարցադրմանը «Հայոց աշխարհ»-ում կցվում է. - «Վրաստանում վերջերս տեղի ունեցած իշխանափոխությամբ եւ Ադրբեջանի նոր իշխանությունների կողմից կատարված հստակ ընտրությամբ՝ հօգուտ ԱՄՆ-ի, ինչպես ընդունված է ասել՝ շղթան կարծես թե փակվում է: Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում ընթացող մրցակցության ելքը մեծապես կախված է նրանից, թե ինչպե՞ս իրեն կպահի նրա վերջին, բայց աշխարհաքաղաքական առումով ամենակարեւոր օղակը՝ Հայաստանը... Ուստի՝ իրականում խնդիր է դրված ընդդիմության ձեռքերով հիմնովին թափահարելով ողջ պետականության նավը՝ հասնել ոչ թե իշխանության փոփոխության, այլ երկրի արտաքին քաղաքականության, ավելին՝ նրա ժողովրդի արժեքային համակարգի հիմնավոր վերանայման: Ներկայումս դեպի փողոցներ վազող խորհրդարանական ընդդիմության եւ իրենց թաքստոցներից դուրս եկող նախկինների տարօրինակ ակտիվությունը հուշում է, որ Հայաստանում «գարնանային սրացումներ» այնուամենայնիվ լինելու են», - նախանշում է մեկնաբանը՝ այս առումով կարեւորելով, որ ժողովուրդը խորապես հասկանա, թե որտեղից են փչում քամիները:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG