Մատչելիության հղումներ

Անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, արտախորհրդրանական «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե անխուսափելի է համարում իշխանափոխությունը՝ հրաժարվելով, սակայն, նշել դրա՝ իրենց վերլուծությունների հիման վրա կանխատեսված ժամկետը:

Բարձրաձայնելով իշխանափոխության անխուսափելի լինելու մասին իր կարծիքը, Արամ Կարապետյանը ավելացրեց. որ իր ղեկավարած կուսակցությունը արդեն սկսում է նախապատրաստվել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:

«Իշխանափոխության գործընթացը ենթադրում է թե կադրային եւ թե ծրագրային նախապատրաստական աշխատանքների իրականացում», - ասաց նա:

Կարապետյանի կարծիքով, «վրացական սինդրոմ»-ը կիրառելի չէ Հայաստանում: «Վրացական դեպքերը արհեստականորեն տեղափոխել անհնար է, բայց վրացական սինդրոմը սինդրոմ է նրանով, որ ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է մասնակից լինել գործողությունների, որոնք բերում են իշխանափոխության», - ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը:

Նրա տեսլականով, «Հայաստանի առաջընթացի համար լավագույն իրավիճակը կլինի», եթե արդեն տեղ գտած սցենարով (նկատի ունենալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը) Ռոբերտ Քոչարյանը նույնպես իր հրաժարակի մասին հայտարարի հեռուստատեսությամբ:

Իսկ դրանից հետո իշխանությունը ոչ թե Սահմանադրությամբ նախատեսված կարգով պիտի անցնի Ազգային ժողովի նախագահին, այլ պետք է լինեն արտահերթ ընտրություններ. - «Կանցնի Արթուր Բաղդասարյանը՝ մենք կշնորհավորենք Արթուր Բաղդասարյանին»:

Արամ Կարապետյանը հերքեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք որեւէ նշանակովի պաշտոնում իր աշխատելը: «Ես այս համակարգում որեւէ նշանակովի պաշտոն չեմ զբաղեցնելու», - ասաց նա՝ այդուհանդերձ, ավելացնելով. - «Մենք պատրաստ ենք մեր ունեցած կարողություններով՝ ոչ կադրային, ծրագրերով, գործողություններով օգնել»:

Արամ Կարապետյանի «նոր Ժամանակներ» կուսակցությունը, պատրաստ լինելով սատարել այսօրվա իշխանությունների դրական նախաձեռնություններին, միաժամանակ մտադիր է խորացնել համագործակցությունը ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, բացառությամբ ՀՀՇ-ի:

Պատասխանելով հարցին, թե ի վերջո իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտում է գործում «Նոր ժամանակներ» կուսակցությունը, Կարապետյանը ասաց. - «Մենք միշտ իրականում գտնվել ենք ու գտնվում ենք ընդդիմադիր դաշտում: Մենք այն նոր ընդդիմությունն ենք, որը չի հերքում կոնսոլիդացիայի սկզբունքը»:

Ներկայացնելով իր ղեկավարած կուսակցության ներկայիս գործելակերպը, Կարապետյանը ասաց, թե Հայաստանում խնդիրներն այնքան խրթին ու լուրջ են, որ նշանակություն չունի, թե դու քաղաքական դաշտի որ հատվածում ես, ուստի, առաջին հերթին, «կոնսոլիդացման ուղղությամբ է հարկավոր ջանք գործադրել»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG