Մատչելիության հղումներ

«Կոալիցիոն կառավարության արդյունավետ գործունեության շարունակության համար կա բավարար դաշտ»


Երեքշաբթի երեկոյան իշխող քաղաքական կոալիցիայի մաս կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, որին ներկա էր խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ի շարս այլ հարցերի, քննարկվեց նաեւ ՀՅԴ 29֊-րդ Ընդհանուր Ժողովում ուրբաթ օրը Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը: Այդ ելույթին արձագանքել են նաեւ նախագահ Քոչարյանի խոսնակը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Վազգեն Խաչիկյանը, Հրանտ Մարգարյանի ելույթի մի շարք կետերի վերաբերյալ խորհրդի անդամները հայտնել են իրենց անհամաձայնությունը, իսկ ավելի որոշակի վերաբերմունք այդ հարցերին կուսակցության ղեկավար մարմինը կարտահայտի ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ավարտից հետո: Խաչիկյանի փոխանցմամբ, հարցը դրանից հետո կքննարկվի նաեւ քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստում:

Նախագահ Քոչարյանի խոսնակ Աշոտ Քոչարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատասխանելով Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի ելույթում հնչած արտաքին քաղաքական դիրքորոշումներին վերաբերող հարցին, ասաց. - «Արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող՝ Դաշնակցության մոտեցումները նոր չեն եւ վաղուց հայտնի են, ինչպեսեւ հայտնի են այդ ոլորտին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահի դիրքորոշումները»:

«Ինչ վերաբերում է կոալիցիոն կառավարությանը, ապա ներկայումս կոալիցիոն կառավարության արդյունավետ գործունեության շարունակության համար կա բավարար դաշտ», - շարունակեց Աշոտ Քոչարյանը: - «Կոալիցիոն կառավարություն կազմած քաղաքական ուժերը կարող են ունենալ տարբեր մոտեցումներ տարբեր հարցերի առնչությամբ, բայց միաժամանակ, համաձայնեցման ենթակա հարցերում նրանք պետք է հանդես գան միասնական դիրքորոշումներով»:

Երեքշաբթի օրը, անդրադառնալով կոալիցիայում առկա տարաձայնություններին վերաբերող հարցին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասաց, թե «կոալիցիայում գործերը նորմալ են գնում»:

«Կոալիցիա կամ կոալիցիոն կառավարություն՝ բոլորովին չի նշանակում կուսակցությունների միաձուլում: Երեք կուսակցություններ են, որ ունեն իրենց ծրագրերը, իրենց գաղափարախոսությունները, եւ, բնականաբար, հնարավոր չէ, որ երեքն էլ նույն կերպ մտածեն ցանկացած հարցի մասին», - ասաց պաշտպանության նախարարը:

Ուրբաթ օրվա իր ելույթում Հրանտ Մարգարյանը, խոսելով անցած գարնան խորհրդարանական ընտրությունների մասին, մասնավորապես ասել էր. - «Ազգային ժողովի ընտրությունների գնացինք բոլորս: Ոմանք՝ ամբոխավարությամբ ու կեղծ անդամահավաքների ճանապարհով: Ոմանք սահմանափակվեցին ժողովրդի ու պետության հաշվին ձեռք բերած հարստությունը ընտրակաշառքի վերածելով»: Այս բավական վատ քողարկված ակնարկին, ՀՀԿ որոշ ղեկավար անդամներ արդեն բավական խիստ արձագանքել են:

Իշխող կոալիցիայի մյուս գործընկեր՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Արտակ Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանում ասաց, թե կուսակցությունում դեռ քննարկում չի եղել. - «Բայց, ես կարծում եմ, դեռ անդրադառնանք»:

Ինչ վերաբերում է առանց անուններ նշելու՝ կոալիցիոն գործընկերներին ընտրական խախտումների համար քննադատելուն, Առաքելյանը ասաց. - «Քննադատությունը ես չեմ կարող վերագրել մեզ, որովհետեւ Դաշնակցությունը ինքն էր գտնվում իշխանական կազմում մինչեւ ընտրությունները, իսկ մենք կառուցողական ընդդիմություն էինք: Մենք չէինք կարող որեւէ լծակի կամ նյութական տիրապետումների միջոցով ընտրական աղավաղումներ թույլ տալ: Մենք ինքներս աղավաղման զոհ ենք եղել»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի կարծիքով, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթում հնչածը ընտրախախտումների վերաբերյալ «միանգամայն տեղին էր»:

«Մեղադրանքները հասցեագրվեցին ոչ թե գլխավոր պատասխանատուին՝ երկրի նախագահին, որի հրահանգով եղավ այդ ամենը, այլ իշխող ուժերի անորոշ խմբերի», - ավելացրեց Բազեյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական դիրքորոշումներին, ապա Մարգարյանի ելույթում Լեռնային Ղարաբաղին, Ջավախքին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարությունները Բազեյանը բնորոշեց որպես «նացիոնալ-պոպուլիզմ»:

«Մենք չենք կարող այսօր երեք ճակատով պատերազմ մղել», - ասաց նա:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG