Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը ԼՂ հակամարտության մոտալուտ լուծումներ չի տեսնում


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ չի ակնկալում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել մոտ ապագայում՝ հատկապես նկատի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե պաշտոնական Բաքուն չի շտապում այս հարցում:

Ադրբեջանի նախագահը, ինչպես հաղորդվել է, անցած շաբաթ Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի չի շտապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումային լուծման հասնելու հարցում, քանի որ ներկա վիճակի պահպանման հետեւանքները ավելի անցանկալի են լինելու Հայաստանի համար:

«Ես կարծում եմ, շատ ճիշտ որոշում է կայացրել երիտասարդ նախագահը, եւ մենք ամենայն կերպ պետք է սատարենք նրան այս հարցում», - լրագրողներին այսօր ասել է Սերժ Սարգսյանը՝ առանց մանրամասնելու:

Ակնկալվում է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը այս տարի ակտիվացնելու է իր միջնորդական գործունեությունը: Ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահները անցած տարի սառեցրել էին իրենց գործունեությունը՝ հակամարտող երկրներում ընտրական գործընթացների կապակցությամբ:

Անցած շաբաթ պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Իլհամ Ալիեւը ասել էր, թե հուսով է, որ միջնորդները հանդես կգան նոր խախաղ առաջարկներով, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ կվերադարձնեն Լեռնային Ղարաբաղը: Ալիեւը նաեւ բացառել էր, թե Ադրբեջանը կարող է շոշափելի զիջուների գնալ:

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման հատուկ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն անցած շաբափ Երեւանում ասել էր, թե Իլհամ Ալիեւի համար ղարաբաղյան խնդրի կարգավորումը «ոչ այնքան հրատապ է, որքան նախորդ նախագահ Հեյդար Ալիեւի համար էր»:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG