Մատչելիության հղումներ

Աժ պատգամավորին կալանելու հիմքը երեխայի առեւանգումն է


Ինչպես «Ազատություն փոխանցեց Կալիֆորնիայի նահանգի Սան Բերնարդինո համայնքի շերիֆի խոսնակը, Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Թաթուլ Մանասերյանի՝ անցած ամիս Միացյալ Նահանգներում կալանման հիմքում «երեխայի խնամակալության հարցում դատարանի հրահանգի խախտում»-ն է:

Հունվարի 15-ին Միացյալ Նահանգներ մուտք գործելիս Հայաստանի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը Վիրջինիա նահանգի ներգաղթի ծառայության մեկուսարան էր տեղափոխվել: Հայ պատգամավորի հարցով զբաղվում էր Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը (Department of Homeland Security):

Ժանանակին Թաթուլ Մանասերյանը բնակվել է Միացյալ Նահանգներում (1992 - 1997 թվականներին): Իր ու իր նախկին կնոջ՝ Նինա Սիմոնյանի միջեւ, երեխայի խնամակալության հարցով վեճ է եղել, ինչի արդյունքում դատարանը երեխայի խնամակալ է սահմանել Մանասերյանի կնոջը: Թաթուլ Մանասերյանը, սակայն, շերիֆի խոսնակի փոխանցմամբ, խախտել է դատարանի այդ վճիռը եւ իր զավակին տարել է Հայաստան, ինչը Միացյալ Նահանգներում լուրջ հանցանք է համարվում: Եվ Սան Բերնարդինո համայնքի իշխանությունները մեղադրում են Թաթուլ Մանասերյանին «երեխայի առեւանգման մեջ»:

Մանասերյանը մեղադրվում է նաեւ Կալիֆորնիայի քրեական օրենսգրքի 245 հովածով՝ «այլ անձի վրա մահացու զենքով կամ մարմնական ծանր վնասվածք հասցնող այլ առարկայով հարձակում գործելու համար»: Հստակ չէ, անշուշտ, թե ինչ հարձակման մասին է խոսքը եւ ում վրա էր հարձակվել Մանասերյանը: Եթե, սակայն, այս մեղադրանքները ապացուցվեն, Մանասերյանին կարող է սպասել մինչեւ 4 տարվա ազատազրկում:

Սան Բերնարդինոյի շերիֆի խոսնակի փոխանցմամբ, փաստը, որ Մանասերյանը ունի դիվանագիտական անձնագիր, իրենց համար որեւէ նշանակություն չունի: Մանասերյանը նաեւ, ըստ շերիֆի խոսնակի, իրավունք չունի ազատ արձակվել գրավի դիմաց: Այս վերջին հայտարարության հիմնավորումը շերիֆի խոսնակը չմանրամասնեց:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց հետեւյալը. - «Մենք տեղյակ ենք, որ Թաթուլ Մանասերյանի հանդեպ մեղադրանքներ են հարուցվել մի քանի գործերով: Չենք կարող ասել, թե դրանք ինչի վրա են հիմնված, քանի որ դրանք ամերիկյան օրենքներին են վերաբերում»: Գասպարյանը կրկնեց, որ դիվանագիտական անձնագիրը անձեռնմխելիություն է ապահովում միայն տվյալ երկրում հավատարմագրված դիվանագիտական աշխատողներին, ինչը չի տարածվում Մանասերյանի վրա:

Հայտնի է արդեն, որ Թաթուլ Մանասերյանի շահերը ամերիկյան դատարանում պաշտպանելու են իր վարձած փաստաբանները: Առաջին իսկ հնարավորության դեպքում «Ազատություն» ռադիոկայանը կներկայացնի վերջիններիս մեկնաբանությունը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG