Մատչելիության հղումներ

Բավարար է գնահատվում նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատանքը


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր ավարտվեց հաշվետվությունների մարաթոնը. վերջին բավարարը, ինչպեսեւ բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները, վաստակեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարի գնահատմամբ, 2003 թվականը մեր տնտեսության համար բոլոր առումներով բարենպաստ տարի էր. տնտեսական աճը կազմեց 13,9 տոկոս, սղաճը կառավարելիության տիրույթում էր, արտահանումն աճեց մոտ 30 տոկոսով, պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը 7 միլիարդ դրամով գերակատարվեց։

2003-ը, ըստ երկրի ֆինանսների նախարարի, նպաստավոր էր նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքի առումով. նրանք խոստացած բոլոր վարկերն ու դրամաշնորհները փոխանցել են։ Բյուջեն կատարվել ու գերակատարվել է՝ ժամանակին ու ամբողջությամբ վճարվել են բյուջետային համակարգի աշխատավարձերը, նպաստները, կենսաթոշակները։ Ավելին՝ այդ ընթացքում պետական բյուջեում մոտ 12 միլիարդ դրամի մաքուր մնացորդ կամ տնտեսում է եղել:

Այս լրացուցիչ գումարները Ազգային ժողովի թույլտվությամբ կուղղվեն այսպես կոչված կայունացման ֆոնդ, որով կլրացվեն այն եռամսյակների ծախսերը, որոնց ժամանակ բավարար եկամուտներ չեն հավաքվում։ Ըստ Խաչատրյանի, երկրի գանձապետական համակարգը կայացել է, եւ յուրաքանչյուր ոլորտ իրեն հասանելիք գումարները ստանում է լրիվ ծավալով ու ժամանակին:

Այդուհանդերձ, անցյալ տարվա ընթացքում իրականցված 185 ստուգումների արդյունքում պետական փողերի ծախսման մոտ 23 միլիարդ դրամի խախտումներ են հայտնաբերվել: Նախարարի փոխանցմամբ, դրանցից 66-ի դեպքում գործեր են կազմվել ու փոխանցվել դատախազություն։ Հատկապես, պրոբլեմային է մնում համայնքապետերի ու դրանց ավագանիների կողմից պետական դոտացիների օգտագործումը, ավելի ճիշտ՝ դրանց յուրացումը:

«Մենք անցյալ տարի մի քանի համայնքներում արձանագրել ենք արտառոց փաստեր», - ասաց Խաչատրյանը. - «Երկու համայնք ենք մտել՝ երկուսն էլ ուղարկել ենք դատախազություն»:

Խաչատրյանի խոսքերով, անցյալ տարվա արդյունքներով ամենացածր մակարդակի է իջել երկրի արտաքին պարտքի ճնշումը տնտեսության վրա: Ըստ այդմ՝ արտաքին պարտքը 2003-ի արդյունքներով կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի 34,5 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, հաջողվել է էժանացնել ներքին պարտքը, իջեցնել պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, երկարացվել է դրանց ժամկետը: Թողարկվել են 5 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսեր, ինչը, ըստ Վարդան Խաչատրյանի, ԱՊՀ երկրների տարածքում եզակի դեպք է։

Ըստ նախարարի, շարունակում է պրոբլեմային մնալ լոտոների կարգավորման խնդիրը. - «Սարսափելի մի դաշտ է», - ասաց նա: - «Այստեղ ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել... Ամեն քայլի պատրաստ են... Մի սարսափելի վիճակում ենք»:


Նախարարը փոխանցեց, որ լոտոների դաշտում կարգ ու կանոն հաստատելու համար ստուգումներ են սկսել, նույնը անելու են կազինոներում, ընդ որում՝ հանկարծակի։ Սակայն, դրանց ամենազոր տերերի հետ խոսելը, ըստ երեւույթին, մտահոգում է նախարարին. - «Մրցակցությունը լոտոներում քիչ են, եւ շատ դժվար է: Եթե մեկի մոտ ինչ-որ բան հայտնաբերում ես, ապա անպայման դա նկարագրվում է, թե անում ես մյուսի շահերի համար»:

Իբրեւ ելք նախարարը խոստանում է լոտոների կազմակերպումը կարգավորող օրենքների հետագա խստացում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG