Մատչելիության հղումներ

Բացվեց Դաշնակցության 29-րդ ընդհանուր ժողովը


Երեւանում իր աշխատանքը սկսած ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովին տված հաշվետու զեկույցում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձավ Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ամենահրատապ հարցերին՝ մասնավորապես հնչեցնելով ՀՅԴ «ցանկությունը» Ջավախքը տեսնել ինքնավար, եւ վերահաստատելով վճռականությունը ճնշել Թուրքիայի վրա՝ «մինչեւ Միացյալ Հայաստանի կերտում»:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այստեղ երկրորդ անգամ անցկացվող ընդհանուր ժողովին ներկա էր երկրի ողջ քաղաքական վերանախավը: Ներկա չէին միայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նախագահի ողջույնի խոսքը ժողովի մասնակիցներին, այդուհանդերձ, փոխանցվեց:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի ողջույնի խոսքերից հետո, հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մարգարյանի արծարծած բազմաթիվ հարցերից հատկապես ուշագրավ են անդրադարձերը Ջավախքին, Հայաստան - Թուրքիա հարաբերություններին, ներհայաստանյան խնդիրներին:

«Մենք դեմ ենք Հայաստան - Թուրքիա որեւէ հարաբերության, եթե այն պետք է նշանակի որեւէ նախապայմանի ընդունում մեր կողմից, մեր իրավունքներից, մեր իրավունքների ինչ-որ մասից հրաժարում», - հայտարարեց Մարգարյանը: - «Մենք շարունակելու ենք պայքարը, շարունակելու ենք մեր ճնշումը Թուրքիայի վրա՝ մինչեւ վերջնական հաղթանակի ապահովում, մինչեւ ցեղասպանության փաստի միջազգային ճանաչում, մինչեւ Միացյալ Հայաստանի կերտում»:

Վրաստանի հայաբնակ Ջավախքը, Մարգարյանի ձեւակերպմամբ՝ «վառոդի տակառի է նման»: «Վրաստանի իրար հաջորդող իշխանությունների վարած ազգային խտրականության քաղաքականության զոհ դարձած, տնտեսական եւ ընկերային ծանր վիճակի տակ կքած, միաժամանակ Արցախի հարցում՝ Հայաստանի Հանրապետության խոցելիությամբ կաշկանդված հայրենի Ջավախքը այլեւս վառոդի տակառի է նման: Այն իր պատճառները ունի պայթելու», - ասաց նա՝ ավելացնելով, թե ընթացք չտալով Ջավախքի ինքնավարության պահանջին, վրացական իշախանություները կարող են վտանգել իրենց երկրի ընդհանրական շահերը: - «Այս իրողությանը պետք է գիտակից լինեն նրանք, ովքեր մտահոգ են Վրաստանի ու տարածաշրջանի վաղվա օրվա համար: Կարեւոր չէ, թե մենք ինչ ենք ցանկանում. այն կարող է ինքն իրեն պայթել: Իսկ մենք ցանկանում ենք կայուն, ուժեղ Վրաստանի կազմում պետական գուրգուրանքի արժանացած ինքնավար Ջավախք»:

Բավական մարտաշունչ էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը: «Այսօր փաստացի Ղարաբաղը մերն է: Այն Հայաստանի Հանրապետության շարունակությունն է: Սակայն 88-ի երթը պետք է շարունակվի մեր չքնաղ Շահումյանի, մեր Գետաշենի ազատագրությամբ»:


Խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին, Մարգարյանը ասաց, որ Դաշնակցությունը զորակցել էր նախագահին, թեեւ բոլոր հարցերում չէ, որ «համակարծիք է եղել նախագահի հետ»:

Նրա խոսքերով, այդ օրերի իրավիճակը, «Ազգային ժողովի պատկերը» օրըստօրե «նախագահի աչքին մեծացրին եւ հանիրավի կարեւորեցրին օլիգարխների, ապաքաղաքական, տնտեսական տարրերի դերակատարությունը երկրում»:

«Նախագահը, մասամբ պարտադրված փաստերով, մասամբ անհրաժեշտ վճռականություն չցուցաբերելով, հանդուրժեց երկրում կոռուպցիայի, անարդարության՝ արդեն վաղուց մեկնարկած հաղթարշավը», - ասաց Մարգարյանը:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ անցած տարվա ընտրական գործընթացներին, որոնք բավական խիստ քննադատության են արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կառույցների կողմից՝ ավելացնելով քննադատության իր բաժինը. - «Ազգային ժողովի ընտրությունների գնացինք բոլորս: Ոմանք՝ ամբոխավարությամբ ու կեղծ անդամահավաքների ճանապարհով: Ոմանք սահմանափակվեցին ժողովրդի ու պետության հաշվին ձեռք բերած հարստությունը ընտրակաշառքի վերածելով»:

Հնարավոր չեղավ այս ձեւակերպումների շուրջ մեկնաբանություններ ստանալ «Օրինաց երկիր»-ի եւ ՀՀԿ ղեկավարներից. Արթուր Բաղդասարյանն ու Անդրանիկ Մարգարյանը ելույթի ավարտին հեռացան դահլիճից՝ առանց կարծիք հայտնելու:

Ընդհանուր ժողովի մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն տրվեց նաեւ Դաշնակցության՝ կառավարող կոալիցիայում տեղ գրավելու կապակցությամբ:

«Թվում էր, թե մենք այլեւս մաս չպետք է կազմենք այս իշխանություններին: Թվում էր, թե մեր դեմ աշխատողները այլեւս մեզ իրենց կողքին չպետք է ցանկանային տեսնել: Թվում էր, թե մեծամասնություն ապահոված ուժերը իրենց ուսերին պետք է առնեին պատասխանատվության ամբողջ բեռը: Բայց այդպես չեղավ: Երկրի նախագահը եւ, կամա թե ակամա՝ մեծամասնություն կազմող ուժերը, ցանկացան մեր մասնակցությունը կոալիցիայի կազմում», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը՝ ավելացնելով, որ մեծամասնություն կազմող ուժերին այդ քայլին մղողը երկրի նախագահն էր:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG