Մատչելիության հղումներ

Պիետրո Ագո. - «Փոխվել է Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը Ղարաբաղյան խնդրի նկատմամբ»:


Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման հատուկ պատվիրակությանը՝ դեսպան Պիետրո Էրկոլե Ագոյի գլխավորությամբ, տարածաշրջանային այցի ավարտին Երեւանում լրագրողներին փոխանցեց իր տպավորությունը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ փոխվել են ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումն ու վերաբերմունքը:

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել Բաքվից, ուր երկրի ղեկավարների, այդ թվում նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը: Պիետրո Ագոյի փոխանցմամբ, խնդիրը, անշուշտ, շարունակում է կարեւորագույններից մեկը համարվել Ադրբեջանի համար, սակայն՝ «ոչ այնքան հրատապ, որքան նախորդ նախագահ Հեյդար Ալիեւի համար»: Պատվիրակության ղեկավարի տպավորությամբ, կրտսեր Ալիեւը ավելի շատ կենտրոնանալու է երկրի ներքին՝ տնտեսական եւ սոցիալական խնդիրների վրա:

Այդուհանդերձ, ինչպես փոխանցեց Եվրամիության պատվիրակը, Իլհամ Ալիեւը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծում կստանա իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը, պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ, արծարծվել է նաեւ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ համար հետաքրքրական էր նրանց տպավորությունները, որ բերեցին Բաքվից», - իր հերթին ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Այդ ամենը քննարկվել է, նաեւ փորձ է արվել ճշտել, թե ինչպիսի հեռանկարներ կան հարցի հետագա ընթացքի նկատմամբ»:

Անդրադառնալով Հայաստանի պարտավորությունների կատարմանը եւ ներկա երկօրյա այցի ընթացքում ունեցած հանդիպումներին, Ագոն նախ գոհունակություն հայտնեց, որ Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները կատարում է «բավարար մակարդակով»:

«Ես եկել եմ Հայաստան շնորհակալություն հայտնելու», - ասաց նա՝ նշելով, այդուհանդերձ, որ դեռեւս «կան հարցեր»: Մասնավորապես, նա մտավախություն հայտնեց, որ ինչպեսեւ 2003 թվականին, առաջիկա հանրաքվեում նույնպես ներկայացվելիք սահմանադրական փոփոխություները «չեն ստանա անհրաժեշտ քվեները»:

Պիետրո Ագոն ասաց, թե պատրաստվելիք զեկույցում անդրադառնալու են նաեւ «Հանրաքվե մասին» օրենքում փոփոխության՝ ընդդիմության նախագիծը Ազգային ժողովի օրակարգում չընդգրկելու եւ ընդդիմադիրների կողմից խորհրդարանի աշխատանքներին իրենց մասնակցությունը առկախելու մասին հայտարարությունը:

Երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ազգային ժողովի նախագահի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG