Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կփոխի Հայաստանի եւ Ադրբեջանի 2005-ի ռազմական օգնության հարաբերակցությունը


Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի առաջարկած՝ հաջորդ տարվա համար Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հարաբերակցությունը Կոնգրեսում ակնկալվող քննարկումների արդյունքում կփոխվի:

Երկուշաբթի օրը Բուշի վարչակազմը առաջարկել է հաջորդ տարի Հայաստանին հատկացնել ընդամենը 2 միլիոն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Ադրբեջանին՝ 4 անգամ ավելի (8 միլիոն):

Կառավարությունում այսօր վարչապետին իր ղեկավարած նախարարության հաշվետվությունը ներկայացնելուց հետո, Սերժ Սարգսյանը, լրագրողների դիտարկմանը, թե նման անհամաչափ օգնությունը կարող է խախտել հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պատասխանեց, որ դեռեւս վաղ է եզրակացություններ անել եւ հույս հայտնեց, թե Կոնգրեսում քննարկումներից հետո այդ հարաբերակցությունը, այնուամենայնիվ, կփոխվի:

«Անշուշտ, անհանգստանալու առիթ է դա, թեեւ ես չեմ համարում, որ եթե Ադրբեջանը պիտի ստանա 8 միլիոն օգնություն, մենք՝ 2 միլիոն օգնություն, ապա դրանով Ադրբեջանի զինված ուժերը չորս անգամ ուժեղանալու են, քան հայկական զինված ուժերը», - ասաց նախարարը՝ ավելացնելով. - «Պետք է նայել այդ օգնության կառուցվածքը, որից հետո եզրակացություն անել»:

Սարգսյանի հավաստմամբ, հայկական կողմին հաջողվել է ամերիկյան կողմին ապացուցել, որ իրեն հատկացրած ռազմական օգնությունը արդյունավետ է ծախսում՝ դրանք ներդնելով բանակի կապի համակարգերի զարգացման մեջ։

«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծով վերացվում է մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների համար նախատեսված տարկետման իրավունքը: Նախարարը այս փոփոխություններին շատ հանգիստ է վերաբերում. բացի բուհական համակարգում առկա կոռուպցիան սահմանափակելու նպատակից, Սերժ Սարգսյանը վկայակոչեց նաեւ բանակին առնչվող նպատակները.

«[Դա] լուծում է ռեսուրսի խնդիր, լուծում է որակական կազմի խնդիր: Լուծում է նաեւ հավասարության սկզբունքների խնդիր», - ասաց նա:

Հակադարձելով դիտարկմանը, թե այդ փոփոխությամբ չի բացառվում անգամ, որ գիտության դոկտորի աստիճան ունեցողը զորակոչվի (ասենք, եթե թեկնածուական թեզի պաշտպանության արդյունքում ասպիրանտին շնորհվի միանգամից դոկտորի գիտական աստիճան), պաշտպանության նախարարը ասաց. - «Այսօր բանակում ծառայում են ակադեմիկոսներ, գիտության դոկտորներ, թեկնածուներ, եւ մենք շատ ուրախ կլինենք, որ բանակը համալրվի եւս մի քանի գիտության թեկնածուներով: Այսօր բանակը մի այնպիսի մեծ կառույց է, որ ցանկացած գիտնականի հնարավորությունների կիրառումը միգուցե շատ ավելի արդյունավետ կարող է գտնել, քան շատ քաղաքացիական կազմակերպություններ»:

Անդրադառնալով վարչապետին տված հաշվետվությանը, պաշտպանության նախարարը ասաց, որ 2003 թվականին Հայաստանի զինված ուժերին հաջողվել է պահել բարձր մարտական պաշտպանության մակարդակը: Բանակում բարձրացել է կարգապահության մակարդակը, եւ որպես արդյունք 1/3-ով նվազել է հանցագործությունների քանակը, 20 տոկոսով կրճատվել է զոհերի եւ սպանությունների թիվը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG