Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը դեռեւս չի արձագանքել «Ժողպատգամավոր» խմբի առաջարկին


Ազգային ժողովում 17 պատգամավորական տեղ ունեցող «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, ով ընդդիմություն - իշխանական կոալիցիա երկխոսությունը միջնորդելու առաջարկով է հանդես եկել «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների՝ խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքին իրենց մասնակցությունը առկախելու հայտարարությունից հետո, առայժմ որեւէ արձագանք չի ստացել:

«Թերեւս իրենք [ընդդիմադիրները] չեն փորձում առայժմ երկխոսության դաշտ մտնել: Դա իրենց ընտրած ճանապարհն է, իրենք են որոշում: Մենք պարզապես, մտահոգվելով ընդհանուր զարգացումներով, ընդհանուր պրոբլեմներով, փորձում ենք հնարավորինս հավասարակշռել քաղաքական մթնոլորտը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Կարեն Կարապետյանը:

«Մենք կոչ ենք անում ընդամենը՝ եկեք փորձենք խոսել, փորձենք գտնել ճանապարհներ: Ես կարծում եմ, որ այդ ճանապարհները այրված չեն», - շարունակեց նա՝ ավելացնելով, որ այդ մասին զրուցել է կոալիցիայի ներկայացուցիչների հետ:

Իր ղեկավարած խմբի առաջարկությունը Կարեն Կարապետյանը հիմնավորեց հետեւյալ երկու պատճառներով՝ անկայությունը վտանգելու է երկրի տնտեսությունը եւ Ղարաբաղի խնդրի կարգավորումը. - «Ներքին անհավասարակշռությունը բերելու է արտաքին ազդակների ակտիվացմանը մեր երկրում, ինչը, ես կարծում եմ, նպաստելու է մեզ ոչ հարմար ֆորմատների առաջարկին, որոշ առումներով՝ պարտադրանքին»:

«Մեր խնդիրը ընդդիմությանը համոզելը չէ», - շարունակեց Կարապետյանը: - «Ընդդիմությունը օրենսդրական նախաձեռնություններ ունի, փորձենք դրանց շուրջ ընդհանուր հայտարարի գալ»:

Հարցին, թե կհավատա՞ արդյոք ընդդիմությունը իրենց առաջարկության անկեղծությանն այն դեպքում, երբ մամուլն ամիսներ շարունակ գրում է «Ժողպատգամավոր» խմբի՝ կամ կոալիցիայի մաս կազմելու հնարավորության, կամ կոալիցիայի հետ համագործակցության մասին, Կարապետյանը հակադարձեց, թե իրենց խումբը բազմիցս պաշտպանել է ընդդիմության նախագծերը՝ դեմ գնալով կոալիցիոն խմբակցություններին:

«Մեղադրում եմ կոալիցիոն ուժերին, որ պետք է ավելի հստակ աշխատեին ընդդիմության հետ, որպեսզի ճանապարհները չայրեին», - շարունակեց նա՝ բացատրելով. - «Այսինքն՝ պետք է փորձեին այնպես անել, որ ընդդիմությունը չհայտնվեր փողոցում»:

Կարապետյանն ասաց, թե «Ժողպատգամավոր»-ը առաջարկում է ավելի «փափուկ ճանապարհով գնալ»: «Երկխոսության, եւ փորձենք գտնել ճանապարհները այս պրոբլեմից դուրս գալու համար», - պարզաբանեց նա՝ խուսափելով ուղղակի պատասխանել, թե ընդունելի համարում է արդյոք «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունը, որի մասին հարցը օրակարգում ընդգրկելուն, ի դեպ, «Ժողպատգամավոր»-ը դեմ էր քվեարկել:

Նրա խոսքերով, երկփեղկման հիմնական պատճառը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխության շուրջ տարաձայնությունը չէր: Ընդդիմության որոշումը արդյունք է իրենց նախաձեռնությունների դեմ մի շարք քայլերի, եւ այժմ ընդդիմադիրները բոյկոտի ճանապարհով փորձում են ավելի լուրջ դաշտում հայտնվել:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG