Մատչելիության հղումներ

Կոալիցիայի ներկայացուցիչները բացառում են «խորհրդարանական ճգնաժամի» հնարավորությունը


Խորհրդարանական ընդդիմության՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների համատեղ հայտարարությունը, որով ընդդիմադիրները առկախել են իրենց մասնակցությունը Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքին, իշխանական կոալիցիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պնդմամբ, չի կարող հանգեցնել քաղաքական ճգնաժամի:

«Խորհրդարանական ճգնաժամ չկա այն պարզ պատճառով, որ մեծամասնությունը առկա է, մեծամասնությունը որակյալ է եւ որակյալ մեծամասնությունը շարունակում է օրինաստեղծ գործունեությունը», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի կարծիքով, քանի դեռ կա «Օրինաց երկիր»-ը, քաղաքական ճգնաժամ լինել չի կարող:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դեռ երեկ, պատասխանելով ընդդիմության բոյկոտի հետեւանքով քաղաքական ճգնաժամի հնարավորությանը վերաբերող հարցին, ասել էր. - «Այդպիսի հետեւություններ չէի անի այս վերջին իրադարձություններից»:

«Իհարկե, ինձ համար ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը մասնակցեր Ազգային ժողովի աշխատանքներին, բայց դա իրենք են որոշում եւ պարտադրելու կամ ազդելու հնարավորություն չունենք եւ ցանկություն էլ չկա: Բայց ցանկալի կլիներ, որ մասնակցեին», - այդուհանդերձ ավելացրել էր վարչապետը:

Հինգշաբթի օրը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում թե իշխանամետ, թե ըննդիմադիր պատգամավորները անդրադարձան «արհեստական ընդդիմության» ստեղծման հնարավորությունը:

«Օրինաց երկիր»-ից Մհեր Շահգելդյանը, օրինակ, հայտարարեց, թե իրենք ընդհանրապես դեմ են ցանկացած «արհեստական երեւույթի»: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ ընդդիմությունը «իր դերակատարումն ունի, եւ այդ դերը որեւէ մեկը չի կարող ստանձնել»:

Ընդդիմադիրներից Աղասի Արշակյանի («Ազգային միաբանություն») կարծիքով, սակայն՝ խորհրդարանական մեծամասնությունը «ում կուզենա տեսնել գրպանային ընդդիմության դերում, նրան էլ կդարձնի»:

Արշակյանի փոխանցմամբ՝ իրենք բոյկոտում են միայն պլենար նիստերը: «Մենք շարունակելու ենք պայքարել բոլոր անօրինականությունների դեմ», - հայտարարեց նա՝ հավելելով, որ շարունակելու են աշխատանքը խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովներում:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, պնդելով, որ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունն արդեն իսկ ավտոմատ կերպով օրակարգում է, ասաց. - «Ժողովրդի հետ կգանք ու կստիպենք որպեսզի կատարվի Սահմանադրական Դատարանի որոշումը:

«Ցանկացած եղանակով ցանկացած ժամանակ ժողովուրդը կարող է իշխանությունը վերադարձնել իրեն եւ դա սահմանադրական ճանապարհ է», - ասաց Վիկտոր Դալլաքյանը: - «Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա հավատացնում եմ ձեզ, որ մեր քայլերը մշակված են, գործողությունները համաձայնեցված»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG