Մատչելիության հղումներ

Կառավարությունը էական փոփոխություններ է առաջարկում «Զինապարտության մասին» օրենքում


Կառավարության այսօրվա նիստում ընդունված եւ Ազգային ժողով ուղարկված «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծով առաջարկված սկզբունքային փոփոխությունները վերաբերում են առաջին հերթին մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող զինակոչային տարիքի երիտասարդներին տրվող տարկետման իրավունքին։ Ավելի ճիշտ՝ դրա վերացմանը, քանի որ օրենքի նախագիծը հաստատվելու դեպքում արդեն այս տարի մագիստրատուրա եւ ասպիրանտուրա ընդունված երիտասարդները կզորակոչվեն պարտադիր զինծառայության։

«Կրթությունը շարունակելու համար տարկետում է տրվում մեկ անգամ՝ տրվում է առաջին ուսման ծրագրով սովորողներին, այսինքն՝ բակալավրի մակարդակով: Դրանից հետո տարկետումը չի շարունակվում», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը՝ պարզաբանելով. - «Ասպիրանտուրայում եւ, բնականաբար, մագիստրատուրայում տարկետումները այս օրենքով չեն շարունակվելու»:

Սեդրակյանի փոխանցմամբ, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում արդեն սովորողները պահպանելու են իրենց տարկետման իրավունքը, թեեւ, եթե գործող օրենքով այդ ընթացքում գիտական աստիճան ստացողները ազատվում էին զինվորական ծառայությունից, ապա նոր օրենքով, բոլորն անխտիր պարտավոր կլինեն անցնել պարտադիր զինծառայության:

«Նրանք զորակոչվելու են եւ ծառայելու են զինված ուժերում՝ ըստ ստացած մասնագիտության», - ասաց Սեդրակյանը:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի փաստարկմամբ, նման որոշումը նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի դրսեւորում է: «Մագիստրատուրայում սովորում են միայն տղաները, ասպիրանտուրա ընդունվում են միայն տղաները», - հայաստանյան բուհերից պատկեր ներկայացրեց Մալխասյանը: - «Դա բավականին լուրջ խնդիր է. կոռուպցիայի բուն է այդտեղ: Իրականում անձը, որ ցանկանում է զբաղվել գիտությամբ՝ թող գա բանակից եւ զբաղվի գիտությամբ»:

Գեւորգ Մալխասյանի փոխանցմամբ, ասպիրանտների եւ մագիստրանտների տարկետման արտոնությունները վերացնելու հարցը կառավարության նախորդ նիստում բարձրացրել է անձամբ նախագահ Քոչարյանը։

Կառավարությունն այսօր հաստատել է նաեւ նոր Ընտանեկան օրենսգրքի եւ «Քաղաքացիական ակտերի գրանցման մասին» նոր օրենքի նախագծերը։

Մալխասյանի խոսքերով, գործող Ընտանեկան օրենսգրքի համեմատ փոփոխությունները շատ չեն։ Սակայն, սկզբունքային փոփոխություններ էլ կան. նոր օրենսգրքով, օրինակ, ամուսնությունների կնքման դեպքում օրենքը ամուսնացողների կամավոր բժշկական հետազոտության իրավունք է նախատեսում, ընդ որում՝ պատպատվերի հաշվին:

Նոր Ընտանեկան օրեսնգրքի նախագծում ամուսնալուծությունների կարգը եւս հիմնականում պահպանվել է. փոփոխությունն այն է, որ ցանկացած դեպքում ամուսիններն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ԶԱԳՍ-ի միջոցով՝ առանց դատարան դիմելու։ Մինչդեռ, գործող օրենքով, եթե անչափահաս երեխայի խնամակալության կամ գույքը կիսելու խնդիր կա, ապա դատարան դիմելը պարտադիր է։

Նոր Ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է նաեւ որդեգրման կարգի էական փոփոխություններ. որդեգրումը այլեւս իրականացնելու են դատարանները, ընդ որում՝ օրենքով արգելվում են որդեգրման հարցում միջնորդ անձանց կամ կառույցների գործունեությունը։ Արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրման թույլտվությունը դարձյալ պետք է տրվի կառավարության որոշումներով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG