Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հանցավորության մակարդակի զգալի նվազում է արձանագրում


Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը երկրում նվազել է, թեեւ ավելացել են սպանության դեպքերը:

Ըստ Ոստիկանության ազգային ծառայության հրապարակած տվյալների, 2003 թվականին արձանագրվել է 11 073 հանցագործություն, ինչը 8,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ընթացքում արձանագրվածից: Դրանց 80 տոկոսը բացահայտվել է, այդ թվում ՝ 76 սպանության դեպքերի մեծամասնությունը: 2002 թվականին արձանագրվել էր 69 սպանություն:

Չորեքշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ներկայացրած տարեկան հաշվետվության մեջ ասվում է, որ մարդու կամ անձի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման կարեւորագույն ուղղություններից է շարունակում նմալ «բնակչության մոտ ապօրինի պահվող հրազենի եւ ռազմամթերքի հայտնաբերման եւ կամավոր հանձնման գործընթացի կազմակերպումը»: «2003 թվականի ընթացքում որոշակիորեն բարձրացել է այս ուղղությամբ տարված աշխատանքների արդյունավետությունը», - ասված է հաշվետվությունում: - «Բնակչության մոտ հայտնաբերվել է հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի պահման 248 դեպք, ինչը 3,3 տոկոսով ավելի է, քան 2002 թվականին»:

Հանցավորության մակարդակի վիճակագրությունը ներկայացվել է որպես վկայություն, որ Հայաստանը ամենաապահովն է նախկին խորհրդային հանրապետություններից: Մեզանում հանցավորության մակարդակը շատ ավելի ցածր է, քան, ասենք, Ռուսաստանում, Ուկրաինայում, միջինասիական որոշ երկրներում:

2003 թվականին քրեական հետապնդումների ենթարկված Հայաստանի քղաքացիների թիվը նվազել է՝ կազմելով 6647 մարդ (նախորդ տարվա 7524-ի դիմաց): Նրանցից շատերը, ըստ տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, արժանացել են իրավապահների կողմից վատ վերաբերմունքի՝ բռնի ուժով ցուցմունքներ կորզելու նպատակով: Այդ մասին իրենց ամենամյա զեկույցներում նշում են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը:

Վարչապետի կողմից բավարար գնահատված հաշվետվության մեջ անուղղակի անդրադարձ կա այդ խնդրին. - «Ոստիկանության ղեկավարությունը շարունակում է հետեւողական պայքարը անձնակազմի կողմից օրինականության եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ ծառայողական եւ կատարողական կարգապահության խախտման յուրաքանչյուր դրսեւորման դեմ... Կարգապահական տույժի կարգով ազատվել են ՀՀ ոստիկանությանից 84 ծառայող»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG