Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլում այսօր առանձնանում է արտգործնախարար Օսկանյանի ձեւակերպումը, թե՝ «Ես մեծ սիրով կուզենայի դափնիները վերցնել, քանի որ Եվրախորհրդում խնդիր կար եւ այն լուծվեց, բայց դափնիները մեր խորհրդարանականներինն են, ինչի համար նրանց շնորհավորում եմ»: Մյուս կողմից, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում շեշտում է. - «Հաղթանակը բազմաթիվ տերեր ունի՝ պարտությունը որբ է... Ամենահեշտը մեղքն ուրիշի վրա գցելը կամ մեղավորներ փնտրելն է, որ մեր իրականության մեջ կատարվում է լավագույնս: Արանքում կորչում է հարցը, թե ինչ է պետք անել, որ տեղի չունենա այս ամենը»: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե «Դուք այլեւս չեք փորձում փոխել «գրավյալ տարածքներ» արտահայտությունը», Արմեն Ռուստամյանը ասում է. -«Այս վիճակում, երբ բանաձեւ էր մտել «Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքները» ձեւակերպումը՝ մարտավարական առումով ճիշտ համարվեց, թե պետք է հանենք «այլ» բառը: Եվ մենք չէինք կարող չհետեւել արտաքին գերատեսչության ղեկավարի ասածներին, քանի որ՝ ի վերջո, բանակցություններն իրենք են վարում, տնօրինում ամբողջ տեղեկատվությունը եւ գիտեն, թե արձագանքներն ինչպիսին կարող են լինել»: Նշելով, որ մերժվել է ադրբեջանցիների առաջարկը՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում «գրավյալ տարածքներից անհապաղ հայկական զորքերը հանելու վերաբերյալ», Արմեն Ռուստամյանը միաժամանակ ընդգծում է. - «Վստահ եմ, որ այն նորից կներկայացնեն ցանկացած այլ պահի, երբ հարցը վերաբերի Ղարաբաղին: Իսկ այդ առումով մեծագույն քննարկումը սպասվում է հունիսին, երբ Թերի Դեւիսը կներկայացնի իր զեկույցը: Ի վերջո, կարող է այդ առաջարկն ամրագրվել զեկույցում՝ հետո զարմանանք, թե ո՞նց եղավ, որ այդպես եղավ»:

Ազգային ժողովում իշխող կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչները «Հայոց աշխարհ» թերթի թղթակիցներին վստահեցրել են, որ ընդդիմության հեռանալով խորհրդարանում բնավ էլ ճգնաժամ չի առաջանում: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մասնավորապես, նաեւ ասում է. - «Խորհրդարանում նոր ընդդիմության առաջանալու համար որեւէ հիմք չկա։ Պարզապես, բոլոր հարցերը սկզբունքային, լուրջ քննարկում կանցնեն, իսկ մասնակիցները կունենան ոչ թե անպայման ընդդիմադիր, այլ կառուցողական, քննադատական կեցվածք»: Այսուհանդերձ, Սահակյանը կարեւորել է. - «Ընդդիմության ներկայությունը խորհրդարանում քաղաքական հիմնարար պահանջ է, եւ պետք է կարողանանք ապահովել ընդդիմության ներկայությունը խորհրդարանում... Կարծում եմ, անպայման կհասունանա այն ժամանակը, երբ հանրությունը, ժողովուրդը ընդդիմությունից կպահանջի վերադառնալ իր պարտքի կատարմանը, քանի որ, համոզված եմ, օրենսդրական աշխատանքից հրաժարվելու հանգամանքը բացասական հետեւանքներ կարող է ունենալ», - սահմանում է Գալուստ Սահակյանը։ Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Բնականաբար, ստեղծված մթնոլորտը խիստ անցանկալի է: Օրենսդրական գործունեությունը պետք է բացառապես երկխոսության դաշտում ծավալվի: Մենք չենք կարծում, թե զարգացումները կհանգեցնեն խորհրդարանական ճգնաժամի, սակայն ստեղծված իրավիճակն արդեն իսկ մտահոգիչ է: Ընդդիմությունն ու իշխանությունը մեկ մարմին են, ուստի մեկի բացակայությունն ազդում է մյուսի վրա: «Ժողպատգամավոր» խումբը քննարկում է խորհրդարանում ստեղծված իրավիճակը եւ, որպես չեզոք ուժ, պատրաստ է միջնորդի դեր ստանձնել իշխանության եւ ընդդիմության միջեւ»:

Անդրադառնալով ընդդիմության տարբեր թեւերի ներքին շարժերին ու մղումներին, «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանը հատկապես մտահոգվում է, թե «Ազգային միաբանություն»-ն ու նրա առաջնորդը այսօր բոլորին ներառում են իրենց «զուգահեռ» ցանցերի մեջ եւ «քսի են տալիս» իշխանության դեմ, որպեսզի վաղը միայն ու միայն իրենց առաջարկեն նույն իշխանությանը: Ըստ «Հայոց աշխարհ»-ի՝ «զուգահեռ շարասյուներով» գրոհի անցնելու մարտավարությունը, երկրի բարդ արտաքին կացությունն օգտագործելով՝ իշխանությանը «զուգահեռ շարասյուների» միջոցով շանտաժի ենթարկելու փորձ է՝ վերջում գործարք առաջարկելու նպատակով»: Իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի բառախաղով՝ «ազգային միաբանության ու արդարության հայոց համազգային շարժման պատրանքը շոշափելի է միայն հանրապետության քաղաքական դաշտում ընդդիմության սքեմը արքայական ծիրանիով փոխելու ձգտող որոշ կուսակցական գործիչներին, որոնց լսելն ու տեսնելը, հուրախություն ժողովրդի ականջների ու աչքերի, բավական հազվադեպ է դարձել»: «Բուռն աշխատանքներով զբաղված ժողովուրդը օսլայած օձիքով ընդդիմադիր տեսնելու հավես չունի», -ձեւակերպում է այս մեկնաբանը:


Վաչե Սարգսյան


Փետրվարի 4-ի մամուլի տեսությունը (երեկ չէր տեղադրվել տեխնիկական անսարքության պատճառով)

««Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանություն»-ը իրար ներելուց բացի այլ ճանապարհ չունեին պարզապես», - Ազգային ժողովում ընդդիմության վերջին համախմբմանն է անդրադառնում «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ փոխանցելով նրանց ներկայացուցիչների՝ իրար հանդեպ ներողամիտ տրամադրություններ: Միաժամանակ, սակայն, այս թերթում նախասահմանվում է. - «Որքան էլ հիշյալ երկու ընդդիմադիր ուժերը փորձեն միմյանց մասին միայն հաճելի հուշեր փորփրել հերթական «միացումը» ամուր դարձնելու կամ ներկայացնելու համար, միեւնույն է, նրանք շարունակելու են նույն «կուպեում» դեպի նույն նպատակակետը սլացող ուղեւորներ լինել՝ պատրաստ հարմար որեւէ կայարանում մեկը մյուսին գնացքից «թռցնելու», քանզի նպատակակետում՝ իշխանական աթոռին, ի տարբերություն «կուպեի», նստելու տեղը մեկն է»:

«Անցած մեկ տարվա ընթացքում ի՞նչ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների ժամանակ երկու ճամբարների բաժանված մեր հասարակության հետ», - իր այս հարցադրման շրջանակում «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը տեղավորել է. - «Նախ, այդ ճամբարները տրոհվեցին ու փոշիացան՝ 2003-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երկրորդ, իր սեփական ճամբարի լիակատար միասնությունը ներկա ընդդիմությունը այդպես էլ չվերականգնեց: Ընդդիմության հետեւից գնացող հասարակության շոշափելի հատվածը նոսրացավ՝ նրա առաջնորդների կազմակերպած տաղտկալի ու անբովանդակ հանրահավաքների հետեւանքով, եւ վերջապես՝ 2003-ի նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանին իր քվեն տված ընտրողների նշանակալի մասը երես թեքեց նրանից:
Արդյունքում», - եզրակացնում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, - «վստահության հանրաքվեի գաղափարը միայն կարող է պառակտել հասարակությունը: Պատճառն ավելի քան ակնհայտ է. վստահության հանրաքվե անցկացնել Ղարաբաղյան բանակցային գործընթացի վճռորոշ շրջափուլի նախաշեմին գտնվող երկրի ներսում, նշանակում է թուլացնել ու պառակտել ազգը»: Սրա կողքին, սակայն, մեկնաբանը ձեւակերպել է նաեւ, թե «ժողովուրդը իր ճնշող մեծամասնությամբ վաղուց երես է թեքել ընդդիմությունից» եւ «փետրվարի 2-ին մերժելով վստահության հանրաքվեի խնդիրը երկրի քաղաքական օրակարգում պահելու ընդդիմության պահանջը, Ազգային ժողովը պարզապես արձանագրեց այն փաստը, որ ընդդիմությունը սպառել է իրեն»:

«Երկար չարչրկված՝ ընդդիմության միավորման գաղափարը գոնե մասնակի իրականություն դարձավ», - առայժմ արձանագրում է «Ազգ» թերթը՝ հարեւանների հետ զուգահեռելով. - «Թե' Վրաստանի, թե' Իրանի պարագայում հակաիշխանական ուժերն ու դաշինքներն ավելի կուռ ու վճռական դուրս եկան։ Եթե մեր ընդդիմադիրներն էլ Իրանի օրինակով իսկապես հրաժարվեին իրենց մանդատներից, այդ դեպքում գուցե իսկապես ցնցում առաջանար ընդդիմության երկչոտ գործողություններում։ Իսկ այդպես խորհրդարանը իսկապես ոչ լեգիտիմ կդառնար», - գնահատում է թերթի մեկնաբանը. - «Կիսաքայլերով շատ առաջ գնալ չի լինի»:

«Հայկական ժամանակ» թերթի ուրվագծմամբ, երեկ կոալիցիայի շփոթությունն անթաքույց էր. - «Նրանք իսկապես չէին սպասում, որ խիստ հավակնոտ լիդերներ ունեցող «Արդարություն»-ն ու «Ազգային միաբանություն»-ը կարող են գոնե մեկ հարցի շուրջ համաձայնության գալ եւ միասնական գործողություն ձեռնարկել... Իշխանությունները դեռ չեն սթափվել ընդդիմության մատուցած անակնկալից եւ առայժմ, ապավինելով Ստանիսլավսկու փորձված մեթոդին, ձգում են պաուզան», - գրում է թերթը՝ ընդդիմության նաեւ հետագա համատեղ ու շատ լուրջ քայլերի կանխավարկածով:

«Մեզ օմբուդսմեն պետք չէ» վերնագրով խմբագրականում «Առավոտ» թերթն այսօր շեշտադրում է. - «Ներկա քաղաքական իրավիճակում, ըստ էության, ոչինչ չէր փոխվի, եթե ոչ թե նախագահը, այլ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեր օմբուդսմենի թեկնածությունը: Որովհետեւ, միեւնույն է, Քոչարյանի գրպանում գտնվող խորհրդարանը կքվեարկեր հօգուտ այն թեկնածության, որին լռելյայն իր համաձայնությունն է տվել նախագահը»: Այդպես պարզապես ավելի հաջող «թոզ կփչվեր» միջազգային ժողովրդավարական հանրության աչքերին: «Պետական օմբուդսմեն ունենալու համար մենք դեռ չենք աճել», - գնահատում է «Առավոտ»-ը: - «Չի աճել պետությունը: Չեն կայացել պետական ժողովրդավարական ինստիտուտները: Իսկ եթե այդպես է, ավելի նպատակահարմար է յոլա գնալ առանց օմբուդսմենի: Պետք չէ մեզ նախագահին կից մարդու իրավունքների գլխավոր պաշտպան»:

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն «Ազգ»-ի հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկու կառույցներում՝ Եվրախորհրդում եւ Եվրամիությունում ընդունված երկու զեկույցներին, մասնավորապես ասում է. - «Խնդրի կարգավորումը դիտվում է որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը, կարծում եմ, կարող է Հայաստանի համար անբարենպաստ ֆոն ստեղծել։ Նկատի ունեմ, որ միջազգային հանրությունը կարծես թե հակվում է Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու քաղաքականությանը»։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը ամրագրել է. - «Մենք այն կարծիքին ենք, որ 2004 թվականը նույնպես ղարաբաղյան հարցի կարգավորման տարի չի լինելու, եւ գտնում ենք, որ կողմերն այսօր կարգավորմանն ավելի մոտ չեն, քան 1994 թվականին»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG