Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը առկախում է իր մասնակցությունը ԱԺ աշխատանքներին


«Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունները երեքշաբթի օրը Ազգային ժողովում հրապարակեցին իրենց համատեղ հայտարարությունը, որով առկախեցին իրենց մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին: Ընդդիմադիր պատգամավորները արդեն այսօր չմասնակցեցին Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքին՝ համատեղ հայտարարությունը հրապարակելով նիստի ավարտին՝ հայտարարությունների ժամին:

«Նախագահական խայտառակ ընտրություններից հետո Սահմանադրական դատարանը 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունեց որոշում՝ առաջարկելով նորընտիր ԱԺ-ին եւ Հանրապետության նախագահին «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանը եւ մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Սակայն չընտրված նախագահը եւ իշխանական կոալիցիան ոչինչ չձեռնարկեցին այդ որոշումը իրագործելու համար», - ասված է հայտարարության մեջ, որը ԱԺ ամբիոնից ընթերցեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «ԱԺ մեծամասնությունը կոպտորեն խախտելով կանոնակարգի պահանջները, խոչընդոտում է «Հանրաքվեի մասին» օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու ընդդիմության նախաձեռնությանը: Այս պարագայում մենք բոյկոտեցինք անօրինական քվեարկությունը եւ առկախում ենք նման խորհրդարանի աշխատանքներին մեր մասնակցությունը»:

Հայտարարության հեղինակները պնդում են նաեւ, թե «ապօրինի ռեժիմը հիմնովին ձախողվել է» ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ:

«Մենք միասնական եւ վճռական ենք Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու եւ օրինական իշխանություն հաստատելու հարցում: Հոգեվարքի մեջ գտվող ռեժիմի տապալումը կանխորոշված է», - եզրափակում են հայտարարության հեղինակները:

«Փաստորեն այս քայլով Ազգային ժողովի ընդդիմադիր երկու թեւերը միավորվեցին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանություն» խմբակցությունից Հմայակ Հովհաննիսյանը: - «Բոլոր ճամարտակությունները, որ ընդդիմությունը ի զորու չէ միավորվելու ի դերեւ ելան եւ այսուհետեւ որեւէ հիմք չունեն»:

Այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասաց, թե «Հանրաքվեի մասին» օրենքը խորհրդարանական մեծամասնության կողմից օրակարգից դուրս թողնելը վկայում է, որ երկրի նախագահը սարսափում է սեփական ժողովրդի կարծիքը իմանալուց:

«Այդ սարսափը այնքան մեծ էր, որ արհեստականորեն, Ազգային ժողովի կանոնակարգի դրույթների կոպիտ խախտմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդվածների կոպիտ խախտմամբ, վիժեցրեցին «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների կատարումը», - ասաց Գեղամյանը:

Իրենց հետագա անելիքները շրջանակելով՝ «Ազգային միաբանության» առաջնորդը ասաց, որ պարբերաբար այցելելու են մարզեր եւ ընտրողների հետ հանդիպումներում մանրակրկտորեն ներկայացնելու են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, հուշելու են դրանից դուրս գալու ուղիները: Քաղաքացիական անհնազանդության, սակայն, ժողովրդին չեն դրդելու:

«Իշխանությունները հրահրում են քաղաքացիական անհնազանդության՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմի, որովհետեւ դա իրենց եզակի շանս է տալիս բոլոր այն մեղքերը, որոնք բազում են, բարդել ընդդիմության վրա: Բնականաբար, մենք այդ շանսից կզրկենք իշխանությանը: Մեր գործողությունները կլինեն օրենքի, Սահմանադրության շրջանակներում», - ասաց Գեղամյանը:

«Միեւնույն է Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցնելու է, եւ նախաձեռնողը պարոն Քոչարյանն է լինելու», - հայտարարեց Գեղամյանը՝ պարզաբանելով. - «Դա քաղաքակիրթ կերպով պաշտոնից հեռանալու եզակի շանս է»:

Ավելի մարտական է տրամադրված «Հանրապետություն» կուսակցությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության ղեկավար անդամ Սուրան Սուրենյանցը, քանի որ «երկրում սահմանադրական կարգը վերականգնելու՝ Սահմանադրությամբ արտոնված բոլոր ռեսուրսները արդեն սպառված են», ընդդիմիության կողմից յուրաքանչյուր քաղաքական քայլ արդարացված կլինի, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության տարբերակը:

«Հանրապետություն» կուսակցությունը նախատեսում է «մեծ հանրահավաքներ» կազմակերպել: Սուրենյանցի փոխանցմամբ, հետագա քայլերի առումով «Հանրապետություն» կուսակացությունն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի ընդդիմադիր այլ ուժերի հետ խորհրդակցությունները ավարտելուց հետո՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG