Մատչելիության հղումներ

Գերակատարվել են հարկային եւ մաքսային մուտքերը


Երեքշաբթի օրը վարչապետին հաշվետվություններ ներկայացրած հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարները զեկուցեցին պլանավորված մուտքերը գերակատարելու մասին:

Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի ներկայացմամբ, 2003 թվականին հարկային մուտքերի պլանը գերակատարվել է՝ պետական գանձարան է մտել 117 միլիարդ 700 միլիոն դրամ՝ ծրագրած 117 միլիարդի դիմաց։ Ցոլակյանը ընդգծեց հատկապես հարկահավաքի կայուն եւ համաչափ բնույթը, ինչը չէր հաջողվում ապահովել նախորդ տարիներին։

Հարկային ծառայությունը անցյալ տարի շուրջ 11 հազար ստուգումներ է անցկացրել ու դրանց արդյունքում մոտ 23,5 միլիարդ դրամ հավելյալ եկամուտ է փոխանցել պետական բյուջե։

Ըստ Ցոլակյանի, այս տարի եւս հարկահավաքը հաջողությամբ շարունակվում է. հունվարին ծրագրած 7,7 միլիարդ դրամի փոխարեն հավաքվել են ավելի քան 9 միլիարդ դրամի հարկեր: Եվ դա այն դեպքում, երբ հունվարը հարկահավաքի տեսանկյունից ամենադժվար ամսին է:

«Շատ կարեւոր է, որ այս տեմպը, որ վերցրել ենք, պահպանենք մինչեւ տարեվերջ», - ասաց նա:

Սրանով հանդերձ, շուրջ 1700 աշխատակիցներ ունեցող հարկային պետական ծառայությանը չի հաջողվել մի շարք խնդիրներ լուծել՝ շարունակում է թերհավաքագրվել հիմնական հարկատեսակը՝ շահութահարկը: Ցոլակյանի տեղեկացմամբ, անցյալ տարի հավաքվել է այդ հարկատեսակի գծով ծրագրածի 3/4-ը միայն:

«Շատ գործարարներ ձգտում են թաքցնել իրենց ռեալ եկամուտները: Հարկային մարմնի խնդիրն այն է, որ կարողանա հայտնաբերել», - ասաց հարկային գերատեսչության ղեկավարը՝ փաստելով, որ շահույթները մնում են ստվերում եւ չեն հարկվում ինչպես օրենքի անկատարության, այնպես էլ հարկային ծառայության աշխատակիցների մասնագիտական անձեռնահասության պատճառով:

Անցյալ տարի իրենց գործունեության արդյունքում շահույթի փոխարեն վնաս ցույց տված կազմակերպությունների թիվն աճել է, մոտ կրկնակի աճել է նաեւ հայտարարագրած վնասը, իհարկե, շատ դեպքերում՝ թղթի վրա, մինչդեռ, իրականում գործարարները ստվերային շահույթներ են ստացել։

Հարկային ծառայության պետը խոստանում է, որ այս տարի ստվերային տնտեսության դեմ պայքարում ավելի հետեւողական են լինելու։

Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն եւս անցյալ տարի մոտ 1 միլիարդ դրամով գերակատարել է մաքսային մուտքերի պլանը՝ ծրագրած 100 միլիարդ 700 միլիոն դրամի փոխարեն հավաքելով 101 միլիարդ 800 միլիոն դրամ։

Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի փոխանցմամբ, մաքսային մարմինները անցյալ տարի արձանագրել են մաքսային կանոնների խախտման 181 դեպքեր, դրանցից 26-ի դեպքում քրեական գործեր են հարուցվել, 155 գործերի դեպքում մարդիկ վարչական պատասխանատվության են ենթարկվել։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG