Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Խորհրդարանական ընդդիմությանը զրկեցին իր հիմնական հաղթաթղթից, որի մասին նա խոսում էր ամիսներ շարունակ: Ռոբերտ Քոչարյանը հեշտությամբ ազատվեց վստահության հանրաքվեի գլխացավանքից», - արձանագրում է «Առավոտ» թերթը, ըստ որի` այս ամենը միանգամայն կանխատեսելի էր: «Եթե խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը համարյա 1/4 է՝ հօգուտ հակառակորդներիդ, ապա տարբերություն չկա՝ հարցը քվեարկվելու է այսօր, թե երկու ամիս հետո», - նշում է «Առավոտ»-ը: - «Ճիշտ է, տեսականորեն կարող է փոխվել ուժերի հարաբերակցությունը՝ 98-ի սկզբի «առնետավազքի» օրինակով: Բայց այս պահիս դրա ոչ մի նշույլ չի երեւում. խորհրդարանական առնետները ամուր կառչած են նախագահի փեշերից՝ քաջ գիտակցելով, որ տվյալ ժամանակահատվածում ուժեղը նա է: Ըստ ամենայնի, ընդդիմությունը ցանկանում էր ժամանակ ձգել եւ անընդհատ խոսել վստահության հանրաքվեի մասին՝ Քոչարյանի վրա զուտ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Եվ դատելով արձագանքներից, իշխանությունը բավականին նյարդայնացած էր արձագանքում այդ խոսակցություններին, դրա համար էլ արագորեն հարցը մտցրեց օրակարգ եւ արանքից հանեց»:

«Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով՝ «իշխանափոխության կամ հեղափոխության հոտ Հայաստանում չի զգացվում»: «Իշխանությունից Քոչարյանին հեռացնելու նախադրյալներ չկան նաեւ առաջիկայում։ Խոսքն այն մասին չէ՝ Հայաստանի գործող նախագահը լա՞վն է, թե՞ վատը։ Պարզապես մեր երկրում, մեր ընդդիմության մեջ չկա Սահակաշվիլու նման խարիզմատիկ առաջնորդ», - ընդգծում է «Ազգ»-ի մեկնաբանը՝ ավելացնելով, որ Արեւմուտքի համար էլ հայաստանյան ընդդիմությունը տպավորիչ չէ, եւ նրա վրա խաղագումար դնողներ այնտեղ էլ չեն գտնվի։ «Ինչպես ցույց է տալիս քաղաքական զարգացումների փորձը 1997-ից սկսած, գործող նախագահի համար Հայաստանի պայմաններում հիմնական սպառնալիքը ոչ թե ընդդիմությունն է եւ հանրային կարծիքը, այլ հենց իշխանության ներսում գտնվող ուժերը, որոնք որոշակի պայմաններում չեն ցանկանում պատասխանատվություն կիսել եւ նախընտրում են պալատական իշխանափոխության ուղին՝ համադրելով գործողությունները ընդդիմադիր որոշ ուժերի հետ», - շեշտադրում է «Իրավունք» թերթը:

Գնահատելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստում Հայաստանի պատվիրակության անդամների գործողությունները, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում այսօր ընդգծում է. - «Նույնիսկ եթե մեր ընդդիմությանն անհրաժեշտ էր իրենց տեսանկյունից ինչ-որ մի կարեւոր հարց դնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում, ապա տեսնելով, որ կա առավել կարեւոր, մեզ համար ճակատագրական խնդիր, նրանք պետք է եթե ոչ մեծահոգություն, գոնե գիտակցումն ունենային եւ, այսպես կոչված, «վստահության հանրաքվեի» այդ հարցը հետաձգեին կամ չփորձեին առաջ մղել»։ «Մենք ուղղակի իրավունք չունենք միասնական ճակատով այնտեղ չներկայանալու, երբ Լեռնային Ղարաբաղի հարցը եւ տարածաշրջանում բազմաթիվ այլ խնդիրներ, անընդհատ որպես մարտահրավերներ մեր առաջ են լինելու Եվրախորհրդում», - ասում է Վարդան Օսկանյանը։ - «Իսկապես համոզված եմ, որ եթե այսպես շարունակենք՝ նման անմիաբանությամբ հետագայում կունենանք նաեւ լրացուցիչ պրոբլեմներ, ու որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե հաջորդ անգամ կհաջողվի կանխել մեզ համար անբարենպաստ որոշումները»:

Ուղիղ վեց տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից: «Հայաստանում այս օրը շարունակում է հիշարժան մնալ, որովհետեւ այն խնդիրները, որ հանրային գիտակցության իմաստով այդ իշխանափոխությունը պետք է լուծեր, առայսօր լուծված չեն», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Տեր-Պետրոսյանի հրաժարականի արդյունքում հայաստանցիները սպասում էին Լեռնային Ղարավաղի հարցի, այսպես կոչված, հայանպաստ լուծման. բոլոր չափանիշներով, սակայն, այսօր մենք ավելի հեռու ենք կանգնած խնդրի հայանպաստ լուծումից, քան 1998 թվականին: Տեր-Պետրոսյանի իշխանությունը հարցը կարգավորելու որոշում էր կայացրել, իսկ գործող իշխանություններն ընդամենը որդեգրել են այդ լուծումը ձգձգելու քաղաքականություն, իսկ թե Հայաստանը եւ ԼՂՀ-ն ինչպիսի բարդությունների առաջ են կանգնում այդ ձգձգումների արդյունքում, մենք ականատես ենք լինում պարբերաբար: Ետտերպետրոսյանական տարիներին Հայաստանն էական ետընթաց է ունեցել նաեւ ժողովրդավարական առումով: Առաջընթաց չի արձանագրվել եւ սոցիալական ոլորտում. տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման մասին ամպագոռգոռ հայտարարությունների ֆոնին մի տեսակ աննկատ է մնացել ավելի մեծ թվով աշխատատեղերի փակումը: Շարունակ աճում են գները, կոռուպցիան հասել է աննախադեպ չափերի...»: «Որեւէ իշխանափոխության թիվ մեկ նպատակը քաղաքական առաջընթացն է, որն անխուսափելիորեն առաջընթաց է բերում նաեւ մյուս ոլորտներում», - շեշտում է «Հայկական ժամանակ»-ը՝ ամրագրելով. - «1998 թվականից այս կողմ՝ Հայաստանում քաղաքական առաջընթաց չի արձանագրվել, իսկ այս պայմաններում որեւէ այլ ոլորտի առաջընթացի մասին խոսելն անհնարին է եւ անիմաստ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG