Մատչելիության հղումներ

«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հարցը դուրս մնաց օրակարգից


Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստում, ընդդիմադիր պատգամավորների բացակայությամբ, Ազգային ժողովը քվեարկեց «Հանրավիե մասին» օրենքում՝ նախագահ Քոչարյանի վստահության հանրաքվե անցկացնելու հնարավորություն նախատեսող փոփոխություն առաջարկող օրինագիծը օրակարգում չընդգրկելու օգտին:

Քվեարկությանից առաջ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցությունների մոտ երկու տասնյակ ներկա պատգամավորները լքեցին դահլիճը:

Անցած ուրբաթ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել օրինագիծն օրակարգ մտցնելուն, ինչը, ընդդիմադիրների որակմամբ արվել էր՝ խախտելով հանձնաժողովի կանոնակարգը:

«Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունները Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու եւ օրինական իշխանություն հաստատելու հարցերում միակամ են եւ գնալու են համաձայնեցված քայլերով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց օրինագծի հիմնական հեղինակ, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝ խոստանալով իրենց հատագա քայլերը բացահայտել վաղը՝ պատգամավորական հայտարարությունների ժամանակ:

Մինչ քվեարկությունը՝ հարցի քննարկման ընթացքում ընդդիմադիրներից Հրանտ Խաչատրյանն ասաց, թե իշխանական ուժերն ուզում են ընդդիմությանը խորհրդարանից փողոց դուրս մղել:

«Մեզ մի ուղղեք փողոցները, որ այնտեղից ժողովրդի հետ վերադառնանք Ազգային Ժողով», - ասաց անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:

Ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե Սահմանադրական դատարանի՝ անցած ապրիլին ընդունած որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն: Ընդդիմադիրների պնդմամբ՝ որոշման մեջ նշված ժամկետում «Հանրաքվեի մասին» օրենքը չփոխելն ու նախագահի վստահության հանրաքվե չանցկացնելը նշանակում է չենթարկվել Սահմանադրական դատարանի որոշումներին: Իսկ նման դեպքերում, Վիկտոր Դալլաքյանի խոսքերով՝ «ժողովուրդը կարող է ցանկացած ժամանակ եւ ցանկացած եղանակով ստիպել, որ այս խնդիրն իրականացվի»:

«Իշխանությունը, ըստ Սահմանադրության, պատկանում է ժողովրդին, իսկ ով բռնազավթել է իշխանությունը, ժողովուրդը պետք է իշխանությունը հետ վերադարձնի», - փաստարկեց Դալլաքյանը:

Իշխանական կոալիցիայի ուժերն իրենց հակադիր դիրքորոշումը հիմնավորում են, թե Սահմանադրական դատարանի որոշման այդ մասն առաջարկություն է ընդամենը:

«Այսօր խոսել վստահության հանրաքվեի մասին տեղին չէ», - հավելյալ փաստարկներ բերեց Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: - «Ընդամենը մի քանի ամիս առաջ են երկրում ավարտվել ընտրությունները, եւ մենք անընդհատ հասարակությունը լարվածության մեջ պահելու անհրաժեշտություն չենք տեսնում»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ նախագահն իրոք ընտրված է, եւ ընդդիմությանը մեղադրեց «գործող սահմանադրական կարգի շրջանցման փորձ» ձեռնարկելու մեջ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG