Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Պատվիրակությունը աշխատել է լիարժեք»


Ըստ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի, անցած շաբաթ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարական վեհաժողովում Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ ընդունված բանաձեւը կարող էր ավելի նպաստավոր լինել, եթե որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ ավելի լավ աշխատեին:

«Ես գտնում եմ, որ պատվիրակությունը աշխատել է լիարժեք եւ հասել է այն ամենին, ինչ հնարավոր էր այսօր, այս իրավիճակում անել», - երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց Թորոսյանը: - «Եթե լիներ այլ աջակցություն պատվիրակությանը, ես համոզված եմ՝ ավելին կլիներ անել: Մասնավորապես՝ նկատի ունեմ Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումները»:

Թորոսյանի փոխանցմամբ, Հայաստանը Ստրասբուրգում աջակցություն է ստացել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի պատվիրակություններից, մինչդեռ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակներից ոչ ոք չի մասնակցել Հայաստանի հարցի քննարկմանն ու քվեարկությանը:

«Ցավոք սրտի, եղան դեսպանություններ մեր երկրի, որոնք նախապես տեղեկացրել էին, որ այս եւ այս պատգամավորները պատրաստ են աջակցել մեր դիրքրորշմանը, եւ այդ հավաստիացումների զգալի մասը ի դերեւ ելան», - ասաց նա: - «Սրանք խնդրներ են, որոնք, ես կարծում եմ, պիտի հուզեն շատերին»:

Թորոսյանի ավելացրեց, որ չի բացառվում հարցի քննարկումը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Վերջինիս՝ անցած շաբաթ Հանրային հեռուստատեսությամբ հնչեցրած Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության կազմը փոխելու առաջարկի կապակցությամբ, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. - «Ես դեմ եմ պատվիրակության կազմը փոխելուն: Դա քաղաքական որոշում է: Մենք պարտավոր ենք հարգել մեր քաղաքական ընդդիմախոսներին: Եվրախորհրդում պետք է ներկայացված լինեն ե'ւ իշխանության, ե'ւ ընդդիմության ներկայացուցիչները»:

«Նման բան որեւէ մեկը չի կարող անել: Որովհետեւ կան կարգեր ե'ւ Ազգային ժողովում, ե'ւ Ստրասբուրգում պատվիրակությունների ձեւավորման հետ կապված, եվ մենք իրավունք չունենք հիմա էլ այդ կարգերը խախտել», - իր հերթին ասաց Տիգրան Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրի շուրջ վեհաժողովի ընդունած երկու հակասական բանաձեւերին՝ որ Հայաստանին վերաբերող բանաձեւում դուրս է եկել «այլ» բառը, իսկ Ադրբեջանի տարբերակում այն պահպանվել է, ապա, ըստ Թորոսյանի՝ իրավիճակը բոլորովին էլ վտանգավոր չէ:

«Ես կարծում եմ, այս իրավիճակը, ինչքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի համար ավելի նպաստավոր է, որովհետեւ մեր որոշումը ընդունվել է ավելի ուշ, քան իրենց որոշումը: Սա, կարծում եմ, ինքնին դրական է»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG