Մատչելիության հղումներ

Թուրքմենստանից հայրենիք կվերադառնան Հայաստանի 92 քաղաքացիներ


Միջազգային միգրացիոն կազմակերպության եւ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերի արդյունքում փետրվարի 1-ի վաղ առավոտյան ինքնաթիռով Աշգաբադից Երեւան կժամանեն Հայաստանի 92 քաղաքացիներ:

«Կամավորության սկզբունքով իրականացվող այս հայրենադարձությունը կազմակերպվել է Հոլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների տրամադրած միջոցների հաշվին՝ Թուրքմենստանում անօրինական գտնվող եւ նյութական սուղ պայմաններում հայտնված ՀՀ միգրանտներին Հայրենիք վերադարձնելու նպատակով», - ասված է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ:

Սա իրականացվող ծրագրի արդեն երկրորդ փուլն է: Առաջին փուլով 2002 թվականի նոյեմբերին Թուրքմենստանից Հայաստան է վերադարձել 113 քաղաքացի:

Կամավորության սկզբունքով կազմակերպված այս գործողությունը, ըստ էության, նույնպես արտաքսման տարբերակ է, ինչին հաճախ արժանանում են այլ երկրներում մշտական բնակության իրավունք հայցողներից շատերը:

Կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչություն պետ Գագիկ Եգանյանի խոսքերով, հնարավոր չէ հաշվարկել անօրինական միգրանտների թիվը: Տեղեկատվության փոխանակումը տարբեր երկրների միգրացիոն ծառայությունների միջեւ հնարավորություն է տալիս սոսկ հաշվարկելու, թե տարեկան քանի մարդ է տարբեր երկրներում փախստականի ապաստան հայցում: Եգանյանի փոխանցմամբ, տարեկան 8-9 հազար հայ նման ապաստան են հայցում աշխարհի տարբեր երկրներում:

Համեմատաբար մեղմ միգրացիոն ռեժիմներ ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները, Կանադան, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: Եվրոպական երկրներում այդ ռեժիմը տարեցտարի խստացվում է:

Եգանյանի խոսքերով, երկրների մեծամասնությունում փախստականի կարգավիճակ տրվում է հատուկ պայմաններից ելնելով, որոնք, ըստ նրա՝ Հայաստանում չկան:

«Որեւէ մեկին փախստական ճանաչելը մեծ գլխացավանք է տվյալ երկրի համար», - ասաց Եգանյանը: - «Օրինակ, Դանիայում մեկ ապաստան հայցողի «արժեքը» կազմում է 15 հազար 500 եվրո»:

Տնտեսական պայմանները այլ երկրում փախստական ճանաչվելու համար հիմք չեն: Մինչդեռ մեր երկրից սովորաբար հեռանում են հենց սոցիալ-տնտեսական, կենցաղային ծանր պայմանների հետեւանքով, ուստի ապաստան հայցելիս կեղծ տեղեկություններ են ներկայացնում:

«Ավանդաբար պատմվող լեգենդները դասակարգվում են մի քանի խմբի մեջ՝ խառը ամուսնություններ, սեռական փոքրամասնություններ, Եհովայի վկաներ, «Հոկտեմբերի 27» եւ դրա հետեւանքներ, լրագրողների հալածանքներ իշխանությունների կողմից», - ասաց Եգանյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG