Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Բորիս Ալյոշինի՝ ուրբաթ օրը ավարտված երկօրյա այցի շրջանակներում ստորագրված համապատասխան փաստաթղթով Հրազդանի ՋԷԿ-ի գույքը հանձնվեց Ռուսաստանին:

2002 թվականին ստորագրված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված մյուս 4 ձեռնարկությունների դեպքում այդ երկրին էին հանձնվել բաժնետոմսերը եւ միայն Հրազդանի ՋԷԿ-ի պարագայում՝ գույքը:

«Ձեռնարկությունը համագործակցության որոշակի ճանապարհ կանցնի Հայաստանի պետական գույքի կառավարման եւ Ռուսաստանի համապատասխան գերատեսչության հետ», - այցի ավարտին հրավիրված ասուլիսում ասաց Ալյոշինը: - «Բայց դրանք արդեն լիովին որոշակի քայլեր կլինեն, որոնք ամրագրված են արձանագրության մեջ՝ օրերի ճշգրտությամբ: Դա նախատեսում է այնպիսի մեխանիզմ, որ կառավարաման առումով կորուստներ չլինեն»:

Ավարտված այցի ընթացքում Բորիս Ալյոշինը եղել է բոլոր հինգ ձեռնարկություններում, եւ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը, Ալյոշինը ասել է, որ այդ ձեռնարկություններն «ունեն զարգացման մեծ հեռանկար, եւ դրանց համար ստեղծված են իրական ներդումներ անելու եւ գործարկման բոլոր հնարավորությունները»:

Բորիս Ալյոշինը եւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Սերժ Սարգսյանը ստորագրվեցին նաեւ այցի արդյունքներն ամփոփող փաստաթուղթ:

Պատասխանելով այլեւս Ռուսաստանին անցած հայկական ձեռնարկությունների հետագա ճակատագրին վերաբերող հարցին, Ալյոշինը ասաց, թե քանի որ «պետական սեփականությունը այնքան էլ արդյունավետ չի աշխատում», Ռուսաստանի կառավարության համար ինքնանպատակ չէ դրանք պահել այդ կարգավիճակով:

«Մենք քննարկել ենք նաեւ այդ հարցը», - ավելացրեց նա: - «Ամբողջությամբ գործարքը իրականացնելուց հետո, կանցնի նաեւ ադապտացիայի շրջանը, որից հետո կվճռվի նաեւ դրանց սեփականության ձեւի հարցը»:

Այցի շրջանակներում քննարկվել են նաեւ Իրան - Հայաստան գազատարի հետ կապված հարցեր:

«Իրանական գազի ներկման հարցը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Մենք պետք է տեխնիկապես լուծենք այդ խնդիրը», - ասաց Ալյոշինը՝ ավելացնելով, որ առաջիկայում Մոսկվայում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ավելի որոշակի ուղղություններ կուրվագծվեն: - «Մեր խնդիրն էր կազմակերպել այդ աշխատանքը այնպես, որ բոլոր կողմերը մաքսիմալ մասնակցություն ունենան այդ ծրագրի մշակմանը»:

Լրագրողների հարցին, թե ինչու է Ռուսաստանը հետաքրքրված այդ ծարգրով, Բորիս Ալյոշինը պատասխանեց. - «Ռուսաստանը անկասկած հետաքրքրություն ունի ե'ւ կոմերցիոն առումով եւ հետագայում գազի մատակարարման օպերատոր դառնալու հնարավորություն առումով»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG