Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը մտադիր չէ վերանայել «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը


Հինգշաբթի օրը երկօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Բորիս Ալյոշինը հերքեց, թե Ռուսաստանը մտադիր է վերանայել 2002 թվականի «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը:

Համաձայնագրով 100 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին էր փոխանցել հինգ խոշոր ձեռնակություն: Ալյոշինը, ով նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնախմբի համանախագահն է, Երեւանի օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, հերքեց ռուսաստանյան եւ հայաստանյան որոշ լրատվամիջոցների հաղորդումները, թե ռուսական կողմը համաձայնագիրը վերանայելու մտադրություն ունի:

«Ես, աշխատելով կառավարությունում, վերանայման մասին ոչինչ չեմ լսել», - ասաց նա: - «Մենք ոչ միայն չենք պատրաստվում ծրագիրը վերանայել, այլ պատրաստվում ենք ստեղծագործաբար լրացնել այն, որպեսզի երկու կողմերին հարմար լինի այդ պայմանագրի շրջանակներում աշխատելը»:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար դա շատ կարեւոր է փորձ է», - ավելացրեց Ալյոշինը: - «Սա առաջին այդպիսի լայնամասշտաբ գործարքն է՝ պարտքի փոխանակում ներդրումներով Հայաստանի համար: Մենք դրան վերաբերվում ենք մեծ պատասխանատվությամբ»:

Անցած տարեվերջին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնախմբի համանախագահի պաշտոնում Իլյա Կլեբանովին փոխարինած Ալյոշինը շեշտեց, որ սկզբունքային փոփոխության հանձնախմբի աշխատանքը չի ենթարկվի, քանի որ իրականացվում է երկու երկրների նախագահների եւ կառավարությունների քաղաքականությունը:

Ռուսաստանի փոխվարչապետը ասաց, որ առայժմ ցանկություն ունի ծանոթանալու այդ ձեռնարկությունների գործունեությունը, զրուցել դրանց կառավարիչների հետ: «Կարեւորն այն է, որ աշխատատեղեր ավելանան, իսկ աշխատողները արժանավայել վաստակեն», - շեշտեց նա:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնախմբի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսի ակնկալիքներ ունի ներկա այցից, ասաց. - «Ակնկալիքն այն է, որ այս տարվա ընթացքում մեզ ծանոթացնեն այդ ձեռնարկությունների զարգացման պլաններին»:

«Պիտի համարենք, որ դրանք արդեն ռուսական ձեռնարկություններ են, իսկ յուրաքանչյուր սեփականատեր շահագրգռված է, որ իր ձեռնարկությունը օգուտով աշխատի», - ավելացրեց նա: - «Մենք էլ շահագրգռված ենք դրանում, որովհետեւ այդ օգուտներից մենք հարկեր ենք ստանալու»:

Սերժ Սարգսյանը ասաց, որ այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում է նաեւ գազամուղի հարցը: «Խնդիր ունենք, որպեսզի Հայաստան մտնող գազամուղը ունենա այլընտրանքային խողովակաշար», - ասաց նա՝ առանց մանրամասնելու:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG