Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ստրասբուրգում հայկական դիվանագիտությունը, մեղմ ասած, չփայլեց, հայրենի հողում սկսեցին փնտրել նրան, ում վրա հնարավոր կլինի բարդել այդ անհաջողությունը: Ղարաբաղի հարցում եվրոպացիների կոշտ դիրքորոշման պատճառը, ըստ արտգործնախարար Օսկանյանի, Եվրոպայի խորհրդում մեր խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկված ընդդիմադիրներն են, որոնք, համաձայն Օսկանյանի՝ փոխանակ դրսում միասնաբար ազգային շահերը պաշտպանելու, եվրոպացիներին ցուցադրում են մեր «կեղտոտ սպիտակեղենը»», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Ըստ նախարարի, դա այն է, որ, օրինակ, ընդդիմությունն առաջարկում է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների զեկույցում ընդգրկել նաեւ նախագահին վստահություն հայտնելու մասին կետը: «Կեղտոտ սպիտակեղեն» են նաեւ ոչ ժողովրդավարական ընտրությունները, «Ա1+»-ի փակումը, օմբուդսմենի մասին օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը եւ այլն»: «Այդ ամենի մասին պետք է պարտիզանների պես լռել, թե չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մեզ որեւէ լավ բան չի սպասվի: Վարդան Օսկանյանը նաեւ հայտարարեց, որ մեր պատվիրակության այն անդամները, ովքեր «պատրաստ չեն պաշտպանել ազգային շահերը», այսինքն՝ կհամարձակվեն Ստրասբուրգում ծպտուն հանել մեր կյանքի բացասական կողմերի մասին, պետք է փոխարինվեր նորերով, որոնք միայն կփառաբանեն մեր ժողովրդավարական իրականությունը», - խտացնում է «Առավոտ»-ը: - «Տրամաբանությունը հետեւյալն է. մենք կեղտոտ սպիտակեղեն ստեղծենք, բայց դուք դրա մասին չխոսեք»: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես հայտարարել է, թե «իրենց համար անընդունելի է փաստը, որ Հայաստանից ժամանած պատվիրակությունը հանդես է գալիս տարբեր դիրքերից եւ ոչ հայանպաստ հայտարարություններ է անում»: Մյուս կողմից, ՀԺԿ ներկայացուցիչը ընդգծում է. - «Կարելի է Ղարաբաղի կամ Հայաստանի ինքնիշխանության հարցերում իշխանության հետ լինել միասնական: Բայց ինչ վերաբերում է ընտրություններում իշխանության թույլ տված կեղծիքներին, այդ հարցում բացառվում է, որ միասնական լինենք թե' Ստրասբուրգում, թե' այլուր»: «Առավոտ»-ի թղթակիցը զրուցել է եւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ, որն ասում է. - «Վարդան Օսկանյանը անտեղյակ է, որ Տիգրան Թորոսյանի, Արմեն Ռուստամյանի դիրքորոշումը պաշտպանել ենք թե' ես, թե' Շավարշ Քոչարյանը: Փոխանակ ընդդիմությանը մեղադրի եւ պառակտվածության մասին խոսի՝ թող Օսկանյանը հաշվետու լինի հայ ժողովրդին, թե ինչպես է ստացվում, որ 313-ից ընդամենը 17 պատվիրակներ են պաշտպանում Հայաստանի դիրքորոշումը: Մեր այդ բազմաթիվ դեսպանատները՝ իրենցից չափազանց գոհ դեսպաններով ու դիվանագիտական անձնակազմով ինչո՞վ են զբաղված: Մենք ականատես ենք, որ իշխանությունը ձախողել է Ղարաբաղի բանակցային ողջ գործընթացը, իրեն սպառել արտաքին քաղաքականության բնագավառում եւ հիմա, բնականաբար, արդարանալու էլ ոչ մի միջոց չունի, քան իր մեղքերը ընդդիմության վրա բարդելը», - եզրափակել է Արտաշես Գեղամյանը:

«Երբ ընդամենը մեկ-երկու տարի առաջ որեւէ մեկը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական շրջանների վերաբերյալ օգտագործում էր «գրավյալ» արտահայտությունը, մեծ աղմուկ էր բարձրանում: Իսկ այսօր, չնայած Եվրախորհրդի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի մեջ այդ տարածքները գրավյալ են համարել, հայոց դիվանագիտությունը տոնական տրամադրություն ունի, քանի որ այդ զեկույցի նախագծում գրավյալ ադրբեջանական տարածք էր համարվել նաեւ Լեռնային Ղարաբաղը», - համադրում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Մեկ-երկու տարի անց, գուցե ավելի շուտ, նման ձեւակերպում էլ կհայտնվի դիվանագիտական վերջնական փաստաթղթերում»: Պատճառը, թերթի շեշտադրմամբ, այն է, որ Հայաստանի իշխանությունները եւ հայ ավանդական քաղաքական միտքը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ծրագիր չունեն, ոչ էլ՝ այդ հարցի միջազգային ընթացքի վրա ազդելու լծակ: Այս իրավիճակում Արեւմուտքը «որոշել է ինքը զիջումներ անել մեր փոխարեն»:

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակների ձախողումները դառնում են «բարի» ավանդույթ», - արձանագրում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ այդ պատվիրակության «անգործունակության, պրոֆեսիոնալ ցածր մակարդակի» հիմքում տեսնելով հետեւյալը. - «Այսօր Հայաստանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում չունի դիվանագիտական աշխատանքի որոշակի փորձ ունեցող գոնե մեկ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, որը կարող է նախօրոք ուսումնասիրել առանձին հանձնաժողովների խողովակով վեհաժողովի լիագումար նիստերին Ադրբեջանի կողմից ներկայացվող առաջարկությունները եւ մշակել ու կյանքի կոչել դրանք չեզոքացնելու տարրական քայլեր»: «Մեր հավաքական շահերի տեսանկյունից այնքան էլ էական չէ՝ այդ ձախողումները ընդդիմությունը ներկայացնող պատվիրակների քաղաքական խաղերի՞, թե՞ գիտելիքների, հմտության ու փորձի պակաս զգացող իշխանամետ պատգամավորների անկարողության հետեւանք են, քանզի երկու դեպքում էլ վտանգի տակ են դրվում երկրի շահերը, որոնք արտաքին ճակատում միասնական են եւ անբաժանելի», - ընդգծում է մեկանաբանը՝ եզրափակելով. - «Ակնհայտ է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նման արդյունավետությամբ աշխատելը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի ծավալման համատեքստում դառնում է մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներից մեկը»:

«Առավոտ» թերթի ճակատին այսօր Վազգեն Սարգսյանի մոր խոսքն է՝ ասված երեկ Եռաբլուրում. - «Ամեն ինչ ծախեցին, տվեցին օտարի ձեռքը, օտարն էլ ինչպես ուզում է մեր ժողովրդի հետ վարվում է: Դարձել ենք օկուպացված երկիր: Վախի մթնոլորտ է տիրում, եւ վատը դա է, որ մեր ամբողջ ժողովուրդը հետզհետե կարծես թե վախկոտ է դառնում: Բայց պատմությունը հետո ամեն ինչ դնում է իր տեղը: Այսպես չի մնա»:

Վեց տարի առաջ այս օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի վերջին խմորումներն էին եւ, վերհիշեցնելով իրադարձությունների ժամանակագրությունը, «ոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը այսօր ընդգծված հիշեցնում է եւ դրանցում հատկապես Վազգեն Սարգսյանի վճռորոշ դերը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG