Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհուրդը բարեփոխումների «հետագա առաջընթաց» չի տեսնում Հայաստանում


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունած Հայաստանին վերաբերող բանաձեւում արձանագրել է «հետագա առաջընթացի բացակայություն Հայաստանի ժողովրդավարացման պրոցեսում»՝ միաժամանակ դրական գնահատելով իշխանությունների «զգալի ջանքերը» հեղինակավոր այդ կառույցին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւը առանձնացնում է «զանգվածային կեղծիքները» անցած տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաեւ՝ որ Հայաստանը չի կարողացել ապահովել բազմակարծության ազատությունը լրատվամիջոցներում, դատական համակարգի անկախությունը:

Որպես մխիթարություն, սակայն, Եվրախորհրդի պատգամավորները «Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպումից հանել են «այլ» բառը:

«2003 թվականը լարված ընտրական տարի էր Հայաստանի համար, եւ որպես արդյունք՝ ընթացիկ բարեփոխումները հետագա առաջընթաց չեն ունեցել», - ասված է բանաձեւում: - «Այդուհանդերձ, 2003 թվականի սեպտեմբերից ի վեր Հայաստանի գործադրած անհերքելի ջանքերը վկայում են, որ երկիրը հավատարիմ է մնում հանձնառությանը՝ առաջ գնալու իր պարտավորությունների կատարման ուղղությամբ»:

«Վեհաժողովը չի կարող չարտահայտել իր հիասթափությունը անցկացված ընտրությունների կապակցության», - ասված է բանաձեւի՝ հայաստանյան ընտրություններին վերաբերող հատվածում, - «որոնցում տեղ էին գտել լուրջ օրինախախտումներ եւ զանգվածային կեղծիքներ»: Հավելվում է, որ Հայաստանը պետք է մնա Եվրախորհրդի մոնիտորինգի ռեժիմում՝ մինչեւ «միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան» ընտրություններ անցկացնելը:

Բանաձեւում «շոկ» է արտահայտված լարված նախագահական ընտրարշավի ընթացքում ընդդիմության հարյուրավոր կողմնակիցների ձերբակալությունների կապակցությամբ եւ կրկին պահանջվել է վերանայել վարչական օրենսգիրքը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության մեջ ընդդիմության ներկայացուցիչներ Շավարշ Քոչարյանը եւ Արտաշես Գեղամյանը փորձեցին ստանալ այդ կառույցի աջակցությունը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու եւ նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու գործում, սակայն առաջարկը քվեարկությամբ մերժվեց:

Արտաշես Գեղամյանը «լրջագույն պարտություն» որակեց այս նստաշրջանը: «Դա Հայաստանի ինքնամեկուսացման եւ կոմպլեմենտարիզմի քաղաքականության ձախողման արդյունք է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ ավելացնելով, թե Եվրոպայի խորհրդում անտարբերություն կա Հայաստանի նկատմամբ, ինչի վկայությունը մեր քննարկումների սակավամարդությունն է:

Բանաձեւում նշվում է, որ Հայաստանում շարունակում է տեղ գտնել համատարած կոռուպցաին, որը «հասել է անտանելի չափեր»: Միաժամանակ, ողջունվում է կառավարության՝ վերջերս ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի խոսքերով Ադրբեջանին վերաբերող բանաձեւը շատ ավելի կոշտ ձեւակերպումներ է պարունակում: Իսկ սխալները, որոնց առկայությունը Թորոսյանը ընդունեց, հետեւանք են արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անարդյունավետ աշխատանքի: Որոշ հայ դիվանագետներ, ըստ Թորոսյանի, հավաստիացրել էին, թե կլինեն պատգամավորներ, ովքեր հանդես կգան հայանպաստ դիրքերից, մինչդեռ վերջիններս (ում անունները նախապես հայտնի էին) ունեցան տրամագծերոն հակառակ բովանդակությամբ ելույթներ:

Բանաձեւի վերջնական տարբերակում նշվում է նաեւ, որ «առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի գրավյալ տարածքների հակամարտության կարգավորման բանակցություններում»: Ողջունվում է Հայաստանի կողմից մահապատժի վերացումը, մի շարք համաեվրոպական կոնվենցիաների վավերացումը, «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքի ընդունումը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG