Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը ի մի է բերել անցած տարվա հիմնական տնտեսական ցուցանիշները, եւ, ինչպես չորեքշաբթի օրը ասաց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, արձանագրել 13,9 տոկոսանոց ռեկորդային աճ ու սպասվածից բարձր սղաճ:

Արձանագրված աճը չհասավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու կառավարության որոշ պաշտոնյաների կանխատեսած 15 տոկոսին: Այդուհանդերձ երկնիշ տնտեսական աճ է արձանագրվում արդեն երկրորդ տարին անընդմեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Տիգրան Սարգսյանը բավական զգուշավոր էր պաշտոնական վիճակագրության ներակայությունները գնահատելիս՝ ասելով, թե նման աճը պետք է շարունական լինի մի քանի տարիների ընթացքում, որպեսզի շոշափելիորեն անդրադառնա մարդկանց կենսամակարդակի վրա:

«Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի վերջին տարիներին արձանագրվող տնտեսական աճը լինի հարատեւ», - ասաց նա: - «Եվ դա անխուսափելիորեն կապահովի նաեւ բնակչության եկամուտների բարձրացում, սոցիալական խնդիրների լուծում, ինչպես նաեւ սոցիալական բեեւռացվածության նվազում»:

Նա ավելացրեց, որ կայուն եւ շարունակական աճի համար պետությունը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի շուկայական ենթակառուցվածքների ձեւավորման վրա: Դա պետք է ներառի երկրի բանկային եւ ապահովագրական ոլորտների, կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումներ:

«Անհրաժեշտ է բարեփոխումներին տալ նոր լիցք եւ նոր տեմպ: Սա է հիմնական գրավականը մեր ապագա հաջողությունների: Եթե չիրականացնենք այսօր այդ բարեփոխումները, մենք կունենանք որոշ պրոբլեմներ համախառն ներքին արդյունքի աճի առումով», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը:

Կառավարությունը ակնկալում է, որ Համախառն ներքին արդյունքը այս տարի կաճի առնվազն 7 տոկոսով: Ավելի մեծ աճ կարելի կլինի ակնկալել, եթե ստացվի հավելյալ բազմամիլիոնանոց օգնություն Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամից, որը անցած երկու տարիների ընթացքում շուրջ 150 միլիոն դոլարի տարբեր ծրագրեր է իրականացրել Հայաստանում:

Արձանագրված ռեկորդային աճը ուղեկցվել է սղաճի անսպասելի աճով. ակնկալված առավելագույնը 3 տոկոսի փոխարեն 2003-ին արձնագրվել է 8,6 տոկոսանոց սղաճ: Սարգսյանը դա պայմանավորեց անցած ամռանը հացի գների կտրուկ աճով, որին հետեւեց այլ սննդամթերքի գների աճը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG