Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հասարակություն - բանակ փոխըմբռնումն է, որ վառոդի հոտն ու թոնրի ծուխը նույն համի է դարձնում զինվորի ու հողագործի համար, ինչի արդյունքում զենքի մարդը ոչ թե հասարակության «բոբոյի», այլ պահապանի ու միաժամանակ պահպանյալի կերպարով է», - կարեւորում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: «Ազգ» թերթը, իր հերթին, խտացրել է. - «Այսօր մեր բոլորի տոնն է, քանզի ազգային բանակի ստեղծման գործին մասնակցել եւ նրա հզորացման գործին մասնակցում է մեր ողջ ժողովուրդն՝ իր զավակների ու եղբայրների կյանքով, արյունով, քրտինքով, մեր ողջ ժողովրդի նյութական շարունակական զոհողություններով։ Դա մեր ամենահաջողված պետական ստեղծագործությունն է, որը ոչ միայն պաշտպանում է մեզ, այլեւ հպարտություն պատճառում»։

«Իհարկե, մեր բանակը սիրելի ու հարազատ է բոլորիս. թեկուզ այն պատճառով, որ այնտեղ ծառայում են մեր եղբայրներն ու որդիները, թեկուզ այն պատճառով, որ այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է: Բայց», - ավելացնում է «Հայկական ժամանակ» թերթը, - «Հայաստանում տեսակետ կա, որ բանակը անվտանգության թիվ մեկ կամ հիմնական երաշխավորն է, սակայն չենք կարծում, որ այս մոտեցումը ճիշտ է եւ ամբողջական: Իրականում երկրի անվտանգության պակաս կարեւոր բաղադրիչներ չեն երկրի ներքին կառուցվածքը, այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում է տվյալ պետությունը, արտաքին քաղաքականությունը: Իրականում բանակը երկրի անվտանգության ոչ թե առաջին, այլ վերջին երաշխավորը պետք է լինի: Ու սրանով բանակի դերը ոչ թե նսեմանում, այլ ավելի է կարեւորվում, որովհետեւ անվտանգության վերջին օղակը թույլ կամ անհուսալի լինել չի կարող»: «Բանակը սիրել՝ չի նշանակում այն առավոտից երեկո գովաբանել, փառաբանել, մեծարել: Իրականում մեր բանակում լրջագույն խնդիրներ կան` կոռուպցիա, ոչ կանոնակարգային հարաբերություններ, սպա - զինվոր հարաբերությունների ցածր մակարդակ, չարաշահումներ: Այս ամենի մասին, սակայն, շատ հազվադեպ է խոսվում, եւ խոսելու փորձ անողներն էլ դաժան դիմադրության են հանդիպում», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Պրոբլեմների մի մասն ունեն օբյեկտիվ պատճառներ, սակայն, դա դեռ չի նշանակում, թե դրանց լուծումը կարելի է հետաձգել: Հետաձգել չի կարելի, որովհետեւ մեր զորակոչիկներից շատերը բանակից վերադառնում են խեղված մտածողությամբ»:

«Ընդդիմության ներկայացուցիչները մամուլի էջերից խոսում են իշխանափոխության, ընդդիմության համախմբման, վստահության հանրաքվեի եւ այլ խնդիրների շուրջ: Սակայն երբ փորձում ենք ճշտել, թե այդ ամենի համար ինչ նախադրյալներ կան, որեւէ համոզիչ, փաստարկված պատասխան չենք ստանում», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը եւ իր կողմից ներկայացնում կանխատեսումներ, թե ինչ չի լինելու. - «Վստահության հանրաքվե չի լինելու՝ ԱԺ-ի իշխանամետ մեծամասնությունը կտապալի այդ նախաձեռնությունը արդեն նախնական փուլում: Ընդդիմության համախմբում չի լինելու՝ դեռեւս Չարլզ Դարվինն է ասել, որ միեւնույն տեսակի մեջ պայքարն ամենասաստիկն է: Տեր-Պետրոսյանը չի վերադառնա քաղաքականություն եւ, առավել եւս՝ չի դառնա միացյալ ընդդիմության լիդեր: «Նախկինները» չեն վերադառնա իշխանության՝ ոչ բացահայտ, ոչ էլ՝ քողարկված: Իշխանափոխություն չի լինելու՝ Ռոբերտ Քոչարյանը մնալու է իր պաշտոնին՝ առնվազն, մինչեւ 2008 թվականը: Եթե ընդդիմադիր որեւէ գործիչ կասկածում է, որ Քոչարյանը մինչեւ 2008 թվականը կշարունակի ղեկավարել, «Առավոտը» պատրաստ է նրա հետ գրազ գալ $1 հազարով եւ հրավիրում է այդ գործչին խմբագրություն՝ գրազի պայմանները հստակեցնելու նպատակով»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի ուրվագծմամբ, ՀՀՇ-ն դուրս է գալիս ստվերից եւ «քաղաքականապես ամորֆ «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի առաջնորդներին առաջարկում է կատարել սոսկ սեւագործ աշխատանք՝ գալիք վարդերի կամ ինչպես վերջերս ակնարկում են ոմանք՝ ձնծաղիկների հեղափոխության մեջ»: Մեկնաբանի հայացքով՝ «Հանրապետություն», ՀԺԿ, ՀՀՇ եռյակի համախմբումը նոր կամ հին «Արդարություն» դաշինքի կամ որեւէ այլ միավորման տեսքով, ըստ էության, կարելի է կանխորոշված համարել. - «Իսկ դա նշանակում է, որ գալիք քաղաքական դիմակայության մեջ իշխանությունները գործ են ունենալու ոչ թե Հայաստանի միացյալ, այլ հստակորեն արեւմտամետ ընդդիմության հետ՝ ինչը վերջերս արձանագրվեց նաեւ Վրաստանում»: «Մեզանում ինչպես ընդդիմության միավորման գաղափարն է արհեստածին եւ ներմուծված, այնպես էլ նրա մի հատվածի քաղաքական հայտը՝ իշխանափոխության միջոցով հասնել Հայաստանի արտաքին-քաղաքական կողմնորոշումների արմատական փոփոխության:», - համոզված է մեկնաբանը՝ միաժամանակ ընդգծելով. - «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման եւ երկրի ներսում բարեփոխումների արագացման համար ճիշտ կլինի, որ իշխանությունները ավելի ակտիվորեն համագործակցեն իրենց արտաքին-քաղաքական հստակ կողմնորոշումների պատճառով ներկայումս ընդդիմության միավորման գաղափարը մերժող ուժերի ու գործիչների հետ»: Նկատի են առնվում ռուսական կողմնորոշում կամ գոնե Ռուսաստանում ինչ-ինչ կապեր ունեցող կուսակցությունները՝ Կոմկուսը, «Նոր ժամանակները», «Ազգային միաբանությունը»:

«Հայկական ժամանակ» թերթում այսօր մեջբերումներ են արված Դաշյակցության «Դրօշակ» պաշտոնաթերթից, ըստ որի «առաջիկայում առավել բեւեռանալու եւ հզորանալու են քաղաքական կառույցները, ձեւակերպվելու են առավել հստակ բեւեռներ եւ ուժի կենտրոններ», «երկրում առավել սրվելու է գաղափարական, աշխարհայացքային պայքարը»՝ կապված ապագա նախագահի փնտրտուքի եւ նախապատրաստման հետ: Այս առումով «Հայկական ժամանակ»-ը շեշտադրում է, որ ներկայիս իշխող կոալիցիայի կուսակցությունները հաստատ ունենալու են նախագահի իրենց թեկնածուն եւ միմյանց դեմ դուրս են գալու «սրբազան պատերազմի»: Մասնավորապես Դաշնակցությունը իր հիմնական մրցակիցներ այս պահին տեսնում է Սերժ Սարգսյանին ու Արթուր Բաղդասարյանին եւ արդեն իսկ հիմնավոր պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG