Մատչելիության հղումներ

Մեծամորի ատոմակայանի հայտը բավարարվեց մասնակիորեն


Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը երեքշաբթի օրը մասնակիորեն միայն բավարարեց Մեծամորի ատոմակայանի արտադրած հոսանքի միջինացված գինը բարձրացնելու հայտը:

Անցած դեկտեմբերին ներկայացրած հայտով Մեծամորի ԱԷԿ-ը պահանջել էր արտադրած հոսանքի մեկ կիլովատտ/ժամի միջինացված սակագինը 7,1 դրամից բարձրացնել մինչեւ 12,8 դրամի: Բնական մենաշնորհների հանձնաժողովի այսօր սահմանած սակագինը, մինչդեռ, կազմում է ընդամենը 7,6 դրամ։

Այս որոշումից, բնականաբար, ԱԷԿ-ի ղեկավարությունը դժգոհ էր։ Հանձնաժողովի նիստի ընթացքում կայանի ներկայացուցիչ Վանիկ Ներսիսյանը հայտարարեց, թե հանձնաժողովի հաստատած սակագնով անհնար կլինի նորմալ շահագործել ԱԷԿ-ը, թե այդ սակագինը գործադրելու դեպքում ԱԷԿ-ը «կկանգնի կամ նրա հետ մի վատ բան կպատահի»։

ԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, սակայն, նիստից հետո ճշտելով կայանի նախկին գլխավոր ինժեներին, ասաց. - «Ուղղակի սպառնալիք չեմ տեսնում, բայց անբավարարություն զգում եմ»: Մարկոսյանը նաեւ հավաստիացրեց, որ կայանում որեւէ աշխատանք չի կատարվի անվտանգության հաշվին:

Իր հայտում ԱԷԿ-ը պահանջել էր կայանի անվտանգության բարձրացման նպատակով սակագնում ներառել 1 միլիարդ 700 միլիոն դրամ, մինչդեռ, հանձնաժողովի հաստատած սակագնում այդ նպատակին հատկացվել է ընդամենը 255 միլիոն դրամ։

ԱԷԿ-ի փոխտնօրեն Մովսես Մովսիսյանը հերքեց, թե այս մոտեցումների տարբերությունը նշանակում է, որ ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը բավարար չէ: «Այդպիսի խնդիր չկա, որ անվտանգությանը վերաբերող առաջնահերթ խնդիր լինի եւ չիրականացվի», - ասաց նա՝ հավելելով, որ ԱԷԿ-ի տնօրինությունը ցանկանում է անվտանգության բարձրացման ծախսերը ներառել սակագնի մեջ, մինչդեռ, սեփականատերը եւ լիազորագրային կառավարիչը այլ ֆինանսական աղբյուրներ են գտել ու նույն աշխատանքն անելու են առանց սակագինը բարձրացնելու։

Սակագինը բարձրացնելու հայտապահանջի մյուս հիմնավորումը ԱԷԿ-ի ղեկավարությունը կապել էր միջուկային վառելիքի մատակարար, ռուսաստանյան «Թվել» ընկերության բանավոր զգուշացման հետ, թե պատրաստվում է 20 տոկոսով թանկացնել վառելիքը: Սակայն, այդ զգուշացումը դեռեւս կնքված պայմանագիր չէ, այդ պատճառով էլ, ըստ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի, առայժմ ԱԷԿ-ի հոսանքը լրջորեն թանկացնելու հիմքեր չկան:

«6 ամիս հետո 99 տոկոսով վստահ եմ, որ մենք նորից սակագնի փոփոխման հայտ ենք ներկայացնելու», - ասաց ԱԷԿ-ի տնօրենը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG