Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլում ընդհանուր առմամբ բավական տխուր է արտացոլված սպասումը, թե եվրոպական կառույցներում ինչքանով կամրագրվեն Ղարաբաղի եւ Հայաստանի համար անբարենպաստ ձեւակերպումները: Միեւնույն ժամանակ, «Առավոտ»-ի մեկնաբանը մասնավորապես ենթադրում է. - «Գուցե ընտրությունների վերաբերյալ միջազգային կառույցների փոքր-ինչ մեղմացած գնահատականների պատճառն այն է, որ մոտենում է պահը, երբ Հայաստանից ու Ադրբեջանից կպահանջեն ի վերջո կարգավորել այս ձգձգված հակամարտությունը: Եվ զիջումների պատրաստակամության դիմաց՝ ստորադասվել ու առժամանակ ետին պլան են մղվել մեր ժողովրդավարական հաստատությունների վիճակի գնահատականները»:

Արձանագրելով դեպի առաջադեմ ապագա Վրաստանի մեծ ցատկ, «Հայկական ժամանակ» թերթը ընդգծում է, որ Հայաստանը հարեւանի հետ զուգահեռվելու տեղ քիչ ունի. - «Պետք չէ մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է Հայաստանն ավերակ դարձնել եւ չի ուզում այն զարգացած երկիր տեսնել: Այսպիսի ցանկություն ունի ցանկացած ղեկավար՝ հենց թեկուզ փառասիրական մղումով: Սակայն երկիրը զարգացնելու, երկրում համընդհանուր նպատակ եւ իդեա ստեղծելու, երկրի ներուժը կենտրոնացնելու համար անհրաժեշտ, կենսական նախապայման է լեգիտիմ եւ ժողովրդավարական իշխանության առկայությունը, իշխանություն, որ ժողովրդի կողմից լիազորված է տնօրինել երկրի ճակատագիրը: Ցանկացած այլ իշխանություն, որ չի ձեւավորվել այս ճանապարհով, այդ թվում եւ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, դատապարտված է երկիրը տանել ցնցումների»:

Արդյո՞ք առաջիկայում Հայաստանում կարող են արագորեն հասունանալ պայմաններ «ձնծաղիկների հեղափոխության» համար. այս հարցադրման շրջանակում է այսօր «Իրավունք» թերթի վերլուծականը: Ակնարկվում է, որ Արեւմուտքի որոշակի ուժեր կարող են վրացական հեղափոխության փորձը արտահանել Հայաստան, եւ մոտ ժամանակներս ներքաղաքական սրման ամենամեծ դետոնատորը ղարաբաղյան կարգավորման կոնկրետ տարբերակները կարող են լինել, այդ գործընթացը կտրուկ արագացնելու փորձը:

«Հայոց աշխարհ» թերթում այսօր տեսակետ է շեշտադրված, թե Վրաստանում հաստատվելու խնդիրը ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական մրցակցության տեսանկյունից վճռորոշ կետում՝ Հայաստանում հաստատվելու եւ այնտեղից Ռուսաստանին դուրս մղելու գերխնդրի իրականացման առաջին հանգրվանն է. - «Սահակաշվիլու առջեւ ներկայումս դրված թիվ մեկ խնդիրը Վրաստան-Հայաստան տարածաշրջանային ռազմավարական առանցքի ձեւավորումն է՝ Վրաստանի միջոցով Հայաստանը եւս Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս քաշելու համար»: Այս համատեքստում «Հայոց աշխարհ»-ում նշվում է. - «Հայաստանի ամերիկամետ ընդդիմության առաջնորդները պատրաստվում են վճռական գրոհի՝ իշխանությանը տիրանալու համար»:

«Հայաստանյան ընդդիմության միավորում տեղի չի ունենա», - երեկ նման հայտարարություն անելով, այդ միավորման նախաձեռնության հեղինակ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Մի քանի կուսակցությունների հետ նախնական բանակցություններից հետո մենք հասկացանք, որ պարզապես իմաստազուրկ է դառնում որեւէ հուշագիր կամ համաձայնագիր ստորագրելը: Ուղղակի անլուրջ է ընկնել այն ուժերի դռները, որոնք միասնական գործողությունների ծրագրից խուսափելու համար տարբեր պատճառաբանություններ են բերում»: Միեւնույն ժամանակ, Ալբերտ Բազեյանը ընդգծում է. - «Այսօր հստակ է մի բան՝ վստահության հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ժողովրդական մեծ ալիք: Իսկ նման ալիք կարող էր ձեւավորել միայն միացյալ ընդդիմությունը: Եթե ընդդիմությունը չի միավորվում, ապա շատ դժվար է լինելու իշխանափոխությանն ուղղված որեւէ ծրագիր իրականացնելը»: Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում կրկնել է իր դիրքորոշումը, որ այսօր «նոր դաշինքներ ձեւավորելու խնդիր ու կարիք չի տեսնում»: «Կարելի է ստորագրել համագործակցության փաստաթղթեր, որոնք հետո իրենց չեն արդարացնում: Բայց կարելի է եւ առանց որեւէ հռչակագրի համագործակցել. գլխավորը հարաբերություններում մաքրությունն ու ազնվությունն է», - կարեւորում է նա՝ նշելով եւ, որ ՀԺԿ-ն չի ունեցել ու չունի որեւէ հարաբերություն ՀՀՇ-ի հետ:

Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն կոալիցիայի ընդլայնման խոսակցություններն օգտագործում է իբրեւ շանտաժի միջոց՝ «Օրինաց երկիր»-ի եւ ՀՅԴ-ի նկատմամբ՝ նրանց հասկացնել տալով, որ իրենք անփոխարինելի չեն. «Հայկական ժամանակ»-ի թղթակցի այս հարցադրմանը Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը արձագանքել է. - «Անշուշտ, նման բան հնարավոր է, բայց ես ուզում եմ նման կերպ գործողներին զսպվածության կոչ անել եւ խորհուրդ տալ խմբի անունը չօգտագործել իբրեւ գործիք՝ սեփական քաղաքական նպատակների համար, քանի որ մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշանա»: «Մենք ցանկություն չունենք մասնակցելու կոալիցիոն կառավարության ծրագրերի իրագործմանը, քանի որ դրանցից շատերը համարում ենք դեկլարատիվ, պոպուլիստական եւ անիրականան», - ասում է Կարապետյանը: - «Եթե մեզ մի քանի նախարարական պաշտոններ էլ տան, մենք այդ խաղի մեջ չենք մտնի՝ օտարների խաղը խաղալու համար... Միայն ժողովրդի մասին խոսելով, դրա մասին հայտարարելով ոչինչ չի ստացվի: Երկրում պետք է արժեքներ ստեղծվեն, ապրանքներ արտադրվեն, որպեսզի հարկեր վճարվեն, որոնց միջոցով էլ այդ նույն կառավարությունը կարողանա աշխատավարձ ու թոշակ վճարել, կրթություն ու գիտություն զարգացնել, մշակույթ ֆինանսավորել: Ահա այս ուղղությամբ արժե, որ կառավարությունում աշխատեն եւ ոչ թե ժողովրդի մասին մտածելով՝ աշխատեն սեփական գրպանի պարունակությունը ավելացնելու համար»:

Լավատեղյակ աղբյուրներ վկայակոչելով՝ «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է, որ «Օրինաց երկիր»-ը Ռոբերտ Քոչարյանին մշակույթի նախարարի նոր թեկնածու է առաջադրել: Խոսքը կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի հարցերով վարչության պետ Գագիկ Եգանյանի մասին է: «Այս ընտրությունն ընդամենը վկայում է մեկ բան. այդ կուսակցության ճոռոմ ճառերը կադրային հարուստ բանկի մասին ոչ այլ ինչ են, քան՝ պոռոտախոսություն», - մեկնաբանում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ակնհայտ է, որ «Օրինաց երկիր»-ում հիմնականում հավաքվել են Արթուր Բաղդասարյանի ինտելեկտն ու գիտելիքներն էտալոնային համարող մարդիկ: Իսկ Արթուր Բաղդասարյանին շուստրի` գուցե, բայց ինտելեկտուալ համարել չի կարելի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG