Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դիտարկելու է Հարավային Կովկասի երկրները «Ընդարձակ Եվրոպա» ծրագրում ընդգրկելու հարցը


Երկուշաբթի երեկոյան Բրյուսելում Եվրամիության անդամ 15 երկրների եւ շուտով այդ կառույցին անդամակցելիք 10 երկրների արտգործնախարարները հանձնարարել են Եվրամիության գործադիր մարմնին՝ Եվրահանձնաժողովին դիտարկել Հարավային Կովկասի երկրները «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկելու հարցը եւ արդյունքների մասին զեկուցել մինչեւ գալիք հունիսը:

Ըստ տարածված հայտարարության, վերջնական որոշումը պայմանավորված կլինի Հանձնաժողովի եւ, մասնավորապես, դրա Արտաքին եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի կարծիքով:

Անցած ամառվանից սկիզբ առնող «Ընդարձակ Եվրոպա» նախաձեռնությունը առաջարկում է Ռուսաստանին, Ուկրաինային Բելառուսին, մի շարք այլ երկրների ավելի սերտ համագործակցություն: Հայաստանը Վրաստանը եւ Ադրբեւանը նախաձեռնության մեջ ընդրգկված չէին:

Եվրամիությունը մեծ վերապահություններ ուներ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, սակայն Վրաստանում Սահակաշվիլու հաղթանակից հետո նրանց մոտ կրկին հույս ծագեց, որ Հարավային Կովկասում ժողովրդավարությունը, այնուամենայնիվ, կարող է ապագա ունենալ: Եվ պատահական չէ, որ արտգործնախարարները իրենց հայտարարության մեջ առանձնացրել են Վրաստանը:

Եվրամիությունը հստակ պայմաններ ունի այս նախաձեռնության մեջ մտնողների համար: Դրանցից ամենակարեւորն այն է, որ երկրի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի Արեւմտյան Եվրոպայի ամենազարգացած երկրների օրենսդրությանը: Երկարաժամկետ առումով, դա ենթադրում է միանալ Եվրամիության այսպես կոչված «չորս ազատություններին»՝ մարդկանց, կապիտալի, ապրանքի եւ ծառայությունների ազատ տեղաշարժ: Կարճաժամկետ առումով Եվրամիության ուշադրության կենտրոնում կլինի տնտեսական աջակցությունը տարածաշրջանի երկրներին:

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քրիս Պատենը լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին հատկացվելիք օգնության ծավալը պայմանավորված կլինի այդ երկրներում իրականացվող քաղաքական եւ տնտեսական բերափոխումներով:


Ահթո Լոբյակաս, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG