Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայրենի իշխանությունները վերստին ձեռնամուխ են եղել հույժ կարեւոր մի հարցի լուծման. ի՞նչ արձան տեղադրել Հանրապետության հրապարակում` Լենինի արձանի փոխարեն: Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչով է այս հարցը հրատապ, եւ ով է որոշել, որ Լենինի արձանի տեղում պետք է անպայման արձան լինի», - անդրադառնում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը՝ ընդգծելով. - «Լենինի արձանը նախեւառաջ բնորոշում էր այն ուղին, որով ընթանում էր այն երկիրը, որի քաղաքացին էինք մենք, եւ այն նպատակները, որ այդ երկիրը դրել էր իր առջեւ: Եւ դա էր պատճառը, որ Լենինի արձանն այդքան ներդաշնակ էր Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակին: Ներկայումս որեւէ արձան չի կարող ներդաշնակ լինել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնական հրապարակին, որովհետեւ մեր երկիրն ինքն էլ չգիտի, թե ուր է ընթանում եւ ինչ նպատակներ է դրել իր առաջ: Այս պայմաններում, նախեւառաջ, պետք է մտածել այն գիտակցության մասին, որ կմիավորի Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ ընդունելի կլինի յուրաքանչյուրիս»:

Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում բանաձեւ է ընդունվելու Հայաստանի՝ այդ կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ: Ինչպես արդեն բազմիցս գրվել է, այդ բանաձեւում առավել մտահոգիչը «Լեռնային Ղարաբաղը եւ այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպումն է: Առայսօր հնչող գնահատականներում գերիշխողը, կարծես թե, այն էր, որ նման ձեւակերպումը անցած հանդիպմանը մեր խորհրդարանականների «անբավարար աշխատանքի» արդյունքն է. - «Այսինքն՝ եթե մի քիչ լարվեին, լավ քարոզչական աշխատանք ծավալեին, դիվանագիտական հմտություններ դրսեւորեին եւ արդյունավետ լոբբինգով զբաղվեին (ասենք, Վալտեր Շվիմմերին բաստուրմա հյուրասիրեին), ապա այդ ձեւակերպումը չէր լինի»: «Առավոտ» թերթի խմբագրի կարծիքով, սակայն, դա մակերեսային բացատրություն է, քանզի բուն հիմքում Եվրախորհրդի ու համաշխարհային հանրության վերաբերմունքը «պայմանավորված է վերջին 7 տարում մեր երկրում ընդունված պաշտոնական գաղափարախոսությամբ եւ դրանից բխող պետական քաղաքականությամբ»:

Տարածաշրջանում եւ ողջ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները հուշում են, որ մոտավորապես 2004թ. կեսերին, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը կարող են գերտերությունների կողմից դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային փաստաթուղթ ստորագրելու վերջնագրային պահանջի, այսինքն՝ խաղաղության պարտադրանքի առջեւ», - ձեւակերպել է այսօր «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանը՝ քննարկման առարկա դարձնելով «հնարավո՞ր է խուսափել խաղաղության պարտադրանքից» հարցը: «Ո՛չ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը եւ ո՛չ էլ առանձին վերցրած Ադրբեջանը նույնիսկ իրենց ուժերը մեկտեղելու պարագայում, դժվար թե խուսափեն նման պարտադրանքից, եթե գերտերությունների ճնշումը կրի հետեւողական բնույթ ու տեղափոխվի նաեւ տնտեսական, քաղաքական եւ այլ միջոցների զուգահեռ գործադրման հարթություն», - նշում է տեսաբանը: - «Միջազգային քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները ապացուցում են, որ գերտերությունների մրցակցությունը տնտեսական հարթություն տեղափոխելուն զուգընթաց, նրանց համար գնալով արժեզրկվում է հակամարտության առանձին գոտիների վրա հիմնված փակ տարածաշրջանների վերահսկողության հին մոդելը: Մտածել, թե հնարավոր է դեմ գնալ աշխարհի զարգացման ընթացքին, կարծում ենք, այնքան էլ իրատեսական չէ: Ուրեմն, ի վերջո, խնդիրն այդ ընթացքից առավելագույնը կորզելու մեջ է... Մոտենում է փոխզիջման անխուսափելիության խնդիրը ավելի լայն քննարկումների առարկա դարձնելու ժամանակը՝ «ի՞նչ կարող ենք տալ եւ ի՞նչը՝ ոչ» հարցի հստակեցման պահը»: «Խնդիրը առավելագույնը կորզելու մեջ է՝ ազգովին, միասնաբար ու համախմբված ձեւով», - շեշտադրված է «Հայոց աշխարհ» թերթում:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, ՀԺԿ եւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մարտական տրամադրությամբ է վերադարձել եվրոպական մի շարք երկրներ կատարած իր վերջին ուղեւորությունից: «Այդ հանդիպումների ընթացքում եվրոպացի քաղաքական տեխնոլոգները դրական են գնահատել Հայաստանում իշխանական ճգնաժամը վստահության հանրաքվեի միջոցով լուծելու Դեմիրճյանի դիրքորոշումը եւ չեն բացառել, որ ընդդիմության գործողությունների որոշակի հանգրվանում արեւմուտքը ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրի՝ փորձելով վերջինիս համոզել վստահության հանրաքվե անցկացնել երկրում: Արեւմուտքի ճնշումների չափը, ըստ էության, համարժեք է լինելու այն գործողություններին, որ կձեռնարկի հայաստանյան ընդդիմությունը», - խտացնում է «Հայկական ժամանակ»-ը: Նույն թերթի հարցազրույցում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ասում է. - «Իշխանությունը փորձում է սեւացնել ՀՀՇ-ին՝ հրաշալի հասկանալով, որ, անկախ 2003-ի նախագահական ընտրություններում «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» լիդերների ստացած բավականաչափ լուրջ ձայներից, իրենց համար թիվ մեկ հակառակորդ մնում է ՀՀՇ-ն»: «Անգամ մեկ խնդրի՝ իշխանափոխության շուրջ համագործակցելու համար, պետք է ընդդիմությունը համաձայնության գա կարեւորագույն ռազմավարական խնդիրների շուրջ», - սահմանում է ՀՀՇ վարչության նախագահը՝ նաեւ նախանշելով. - «Եթե լինեն որեւէ ընտրություններ՝ հերթական, թե արտահերթ, ՀՀՇ-ն անպայման կունենա նախագահի իր թեկնածուն: Եթե դա լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, բոլորիս համար ողջունելի է, եթե ոչ՝ ցանկացած պարագայում երբեք այլեւս ՀՀՇ-ն առանց թեկնածու քաղաքական գործընթացներում հանդես չի գա»: Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում գնահատում է. - «Այսօր Հայաստանում գաղափարական միակ լուրջ հակառակորդը ՀՀՇ-ն է։ ՀՀՇ-ն այդ իմաստով շահեկանորեն տարբերվում է այն տիպի օպոզիցիոն խմբավորումներից, որոնք երկրի գաղափարական, քաղաքական փոփոխություն չնախատեսելով, նախատեսում են իշխանության ուղղակի մեխանիկական փոփոխություն»։ Ըստ Հովհաննիսյանի, սակայն, ՀՀՇ-ի վերադարձը «կազմակերպական առումով դեռեւս վաստակված չէ», իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն «ռեալ չէ եւ հարկավոր էլ չէ, որովհետեւ ՀՀՇ-ի կազմակերպական մասի սխալները մեծապես կապված են նրա անվան հետ»։ «Մեր հասարակության հիշողության մեջ նա հավիտենական խարան ունի արդեն», - կարծում է Դաշնակցության ներկայացուցիչը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG