Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները հետամուտ են, որ Մանասերյանի շահերը պաշտպանված լինեն


Հունվարի 15-ին մասնավոր այցով ԱՄՆ մեկնած Հայաստանի Ազգային Ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, ում օդանավակայանից տեղափոխել էին Վիրջինիա նահանգի ներգաղթի ծառայության մեկուսարան, ներկայումս Վաշինգտոնում բժշկական ինտենսիվ հսկողության տակ է: Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունը նրան փաստաբան է տրամադրել:

«Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունները հեռախոսով փոխանցեց Մանասերյանի լոսանջելոսաբնակ քույրը՝ Թամար Մանասերյանը:

Պատգամավորի հետ կապված միջադեպի լուրն առնելուն պես, Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդակցություն է ունեցել արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ՝ պատգամավորին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ձեռնարկվել են որոշակի քայլեր. Մանասերյանին հնարավորություն է ընձեռվելու հանդիպելու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության աշխատակիցների հետ:

Արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը նույնպես հավաստիացրեց, որ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունն անընդհատ կապի մեջ է ամերիկյան համապատասխան մարմինների հետ:

«Հետեւում ենք եւ հետամուտ ենք, որպեսզի մեր քաղաքացու շահերը պաշտպանված լինեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գասպարյանը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Ասլանյանի փոխանցմամբ, միջադեպի մասին տեղյակ է: Բայց, քանի որ ամենը տեղի է ունենում Վաշինգտոնում, այս պահին խորհրդակցում են Վաշինգտոնի հետ՝ «տեսնելու, թե ինչ կարելի է այդ մասին ասել, եթե ընդհանրապես այդ մասին որեւէ ասելիք կա»:

Պաշտոնապես որեւէ տեղեկություն չի փոխանցում, թե ներգաղթի ամերիկյան մարմինները հատկապես ինչ խնդիրներ են փորձել պարզել, եւ ինչու դիվանագիտական անձնագրով (թեկուզ մասնավոր այցով) Միացյալ Նահանգներ մուտք գործող անձի անձեռնմխելիությունը չի հարգվել:

Թամար Մանասերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց նաեւ, որ նախորդ տարիներին Թաթուլ Մանասերյանն անարգել մուտք է գործել ԱՄՆ կամ դուրս եկել երկրից, Իսկ հունվարի 15-ին ներգաղթի ծառայության աշխատակիցները ասել են, թե «պարզաբանման կարիք կա»:

Հարցին, թե Թաթուլ Մանասերյանը չունի՞ մոտավոր ենթադրություն, թե ինչ խնդիրներ է փորձել պարզաբանել ներգաղթի ծառայությունը, Թամար Մանասերյանը պատասխանեց, որ իրավասու չէ հաղորդելու՝ ավելացնելով, որ Թաթուլ Մանասերյանը բուժվելուն պես կմեկնի Կալիֆորնիա, որտեղ մամուլի ասուլիս կհրավիրի:

Ամեն դեպքում, պատգամավորի թե Երեւանում բնակվող եղբայր Արթուր Մանասերյանը, թե Թամար Մանասերյանը՝ խոսելով ընտանեկան վարկածի շուրջ, պնդում են, որ երբեւէ Թաթուլ Մանասերյանը չի առեւանգել արդեն տասնութամյա Հայաստանի քաղաքացի որդուն՝ Արմեն Մանասերյանին: Վերջինս նույնպես բնակվում է ԱՄՆ ում, մոր՝ Թաթուլ Մանասերյանի նախկին կնոջ՝ Նունե Սիմոնյանի հետ: Արթուր Մանասերյանը ցույց տվեց Հայաստանի դատարանների մեկի որոշման պատճենը, որով Արմենը հանձնված է հոր խնամակալությանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG