Մատչելիության հղումներ

Ֆրանսիան վերահաստատում է Ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստելու պատրաստակամությունը


(«Ֆրանս Պրես» գործակալություն). - Նախագահ Ժակ Շիրակը ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Անցած հոկտեմբերի Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր հորը՝ Հեյդար Ալիեւին փոխարինած ու առաջին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանակ Իլհամ Ալիեւը այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել նախագահ Ժակ Շիրակի հետ:

Ինչպես հաղորդել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման կապակցությամբ Շիրակը վերահաստատել է «Ֆրանսիայի պատրաստակամությունը աջակցել Ադրբեջանին եւ Հայաստանին՝ հակամարտության լուծում գտնելու իրենց ջանքերում»:

Նախագահ Շիրակը նաեւ ողջունել է Իլհամ Ալիեւի վճռականությունը Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ 2001 թվականին Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Ավելի վաղ Իլհամ Ալիեւը կոչ էր արել Ֆրանսիային առանցքային դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում: «Փարիզը, որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ դերակատարություն ունի», - ասել է Ալիեւը Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Ադրբեջանի նախագահը ողջունել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հակամարտությանը վերջ տալու ջանքերի համար: Սակայն ասել է. - «Ցավոք, այն հաջողության չի հասել»:

«Միջազգային հանրությունը պետք է վերջ տա երկակի ստանդարտների քաղաքականությանը: Անհրաժեշտ է ուժեղ միջազգային միջնորդություն: Մենք չենք շտապում՝ մեր կողմում է ճշմարտությունը, մեր կողմում է ժամանակը, մեր կողմում է միջազգային իրավունքը», - ավելացրել է Ալիեւը:

Անցած ամիս Ժնեւի բանակցություններում Ալիեւը եւ Քոչարյանը պայմանավորվել են շարունակել հարցի շուրջ երկխոսությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG